Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բելգիացի խորհրդարանականը Հայաստանի նախագահին տեղեկացրել է, որ վերջին օրերին գտնվել է Արցախում, եղել մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշիում, ականատես եղել Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծություններին, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմանը:
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Արցախի հանդեպ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, շարունակվող ռազմական գործողությունների, ադրբեջանական բանակի կողմից վարձկան ահաբեկիչների մասնակցության առնչությամբ։ Նշվել է, որ իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել ոչ միայն հումանիտար աղետի, այլև ապակայունացնել ողջ տարածաշրջանը: