ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-ռուսական ինչ համաձայնագրեր կան, և ինչու Նիկոլ Փաշինյանը մեջբերեց միայն մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն շաբաթ առավոտյան դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու խնդրանքով՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը: ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտնել էր, թե Ռուսաստանը Երևանին  անհրաժեշտ օգնություն կտրամադրի, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր դիմել ՌԴ-ին՝ նաև հղում անելով այլ պայմանագրերի վրա, սակայն նախընտրել է առավել սահմանափակ աջակցության համար դիմել, իսկ ՌԴ ԱԳՆ արձագանքն էլ այդ պայմանագրին համահունչ էր։

Այդ պայմանագրերի թվին է դասվում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականին կնքված Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագիրը, որը հետագայում` 2010 և 2016 թվականներին ենթարկվեց մի քանի արմատական փոփոխությունների, որով ընդլայնվեցին ռուսաստանյան ռազմակայանի խնդիրները, նախատեսելով, որ ռուսաստանյան ռազմակայանը, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ողջ սահմանով: Նաև այն, որ ռուսական կողմն աջակցում է ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով Հայաստանի Հանրապետությանն ապահովելու գործին։

Երկրորդ պայմանագիրը 2016թ․ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման ստեղծում՝ տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Ընդ որում այդ համաձայնագիրը նախատեսում է, որ ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կազմավորվում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմինը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս