Վարչապետի աշխատակազմը նոր նախագիծ է ներկայացրել կառավարություն, որով փոփոխություններ են արվելու«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Այդ փոփոխությամբ Երեւանի քաղաքապետի տեղակալի՝ հաստիքով նախատեսված թիվը կավելանա ևս մեկով: Այդ մեկ տեղակալը պետք է լինի համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարը (հրամանատար): Այս փոփոխություններն այսօր կքննարկվեն խորհրդարանի արտահերթ նիստում ժամը 16:00-ին:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխության՝ քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարն է (հրամանատարը):
Վերոգրյալով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է ամբողջությամբ նոր խմբագրությամբ սահմանել «Համայնքի ղեկավարի տեղակալը» հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Համայնքի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ): Քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը): Սույն մասում նախատեսված պաշտոնատար անձանց կողմից համապատասխան համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական բրիգադների եւ գումարտակների ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն: Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում է բացառությամբ՝ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի տեղակալի եւ պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:»:
Նշված նախագծային կարգավորմամբ իմպերատիվ սահմանվում է համայնքի ղեկավարի տեղակալի հաստիք ունենալու պահանջը: