Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիս-արեւմտյան հատվածում:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ մասնավորապես ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի:
Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, եւ հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը:
Նույն ուղղությամբ հակառակորդը եւս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն եւ ոչնչացրել նրան:
Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Մարտական թատերաբեմի վերածված Արցախում այս օրերին նկատվում է հակառակորդի կողմից վարվող գործողությունների աստիճանական «պասիվացում», ինչն ամենևին չի նշանակում, որ թուրք-ադրբեջանական հայաջինջ ծրագրերը նահանջ են ապրում: Այս մասին հայտնել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անհերքելի է փաստը, որ պատերազմի սկզբնական շրջանում թշնամական ալյանսն, օգտվելով հայկական կողմի հանդեպ ունեցած մարդկային ու նյութական գերազանցությունից, մեծ կորուստների գնով կարողացավ ռազմաճակատի որոշ հատվածներում հասնել որոշակի հաջողությունների, սակայն հետագա օրերին նույն «սրնթացությամբ» զարգացնել այդ ձեռքբերումները՝ այլևս անզոր է:
Բաքու-Անկարա ռազմական դաշինքի պլանը, այն է՝ «կայծակնային հարվածով» կոտրել հայկական զորքերի դիմադրությունը և հաշված օրերի ընթացքում լուծել Արցախի բռնազավթման խնդիրը, կրախի մատնվեց:
Արդեն իսկ ակնհայտ է, որ պատերազմը մտել է տևական փուլ, իսկ դա նշանակում է, որ հակառակորդի ակնկալած «հեշտ հաղթանակը» ոչ միայն ապագա չունի, այլև կատարվելու է ճիշտ այն, ինչ տեղի է ունեցել Արցախյան առաջին պատերազմի արդյունքում: Պարզապես, մեզ անհրաժեշտ է ևս մի քիչ համբերություն և մարտնչող հային հատուկ դիմադրողականության ոգ ի և ամեն ինչ լավ է լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: