Այսօր Ժնեւում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վաշինգտոնում հանդիպումներից հետո, որտեղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ իրենք եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնեւում՝ քննարկելու, համաձայնեցնելու եւ դեռեւս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան, հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ստացվում է՝ հումանիտար հրադադարի մասին արդեն երեք համաձայնությունները չեն կատարվում, սակայն Մինսկի խմբի համանախագահներն արդեն խոսում են հստակ ժամանակացույցի հասնելու մասին, որով պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Այսինքն՝ մտադիր են վաղը Ժնեւում հայտարարել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը եւ իրականացման ժամանակացույցը՝ հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնց մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, իսկ դրանք են տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքն ու առանց կրակի հարցի լուծման հասնելու հնարավորությունը: Սակայն նկատենք, որ հանդիպմանն ընդառաջ երեկ ադրբեջանական կողմը ավիահարվածներ է հասցրել Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքների ուղղությամբ: Բացի քաղաքացիական ենթակառուցվածքներից ու բնակելի շենքերից, հարվածներ է հասցվել նաեւ Ստեփանակերտի ծննդատանը, որի հետեւանքով կան մեծ ավերածություններ: Եվ այս իրավիճակում թերեւս անհասկանալի է, թե ինչ կարելի է ակնկալել այսօր կայանալիք հանդիպումից: Սակայն նկատենք, որ փորձագետներն այնքան էլ սպասումներ չունեն արտգործնախարարների հանդիպումից եւ կարծում են՝ կրակը կարող են կանգնեցնել միայն երկրի ղեկավարները: Ռուս փորձագետ, պահեստազորի գնդապետ Վիկտոր Բարանեցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Արտաքին գործերի նախարարները Վաշինգտոն էլ գնացին, սակայն ի՞նչ արեցին, վերադարձան եւ կրկին սկսեցին սպանել իրար: ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը: Նրանք պետք է երեքով հավաքվեն որեւէ մի վայրում եւ կանչեն այնտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, որպեսզի վերջիններս ամբողջ աշխարհին ասեն, որ իրենք պատրաստ են կանգնեցել պատերազմը, եւ այդ ժամանակ էլ մենք կարող ենք պատասխանատվություն ունենալ եւ պատժել նրան, ով առաջինն է խախտում հրադադարի ռեժիմը»:
«Ես չորս օր անցկացրել եմ Հայաստանում խորհրդարանական անդամների մեծ պատվիրակության հետ: Մենք հնարավորություն ունեցանք մեր աջակցությունը ցույց տալու Հայաստանին եւ Արցախի ժողովրդին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր այցի տպավորությունների մասին կիսվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանը (DaniՌle Cazarian): Նշենք, որ նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջնորդած «Առաջ Հանրապետություն» խմբակցության պատգամավորներից է: ֆրանսիացի պատգամավորները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի եւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարներին, խորհրդարանի անդամներին: «Մենք այցելել ենք «Էրեբունի» հիվանդանոց, տեսել ծանր վիրավոր զինվորներին: Նրանց վնասվածքները վկայում են, որ արգելված զինատեսակ է օգտագործվել, ինչպիսին են կլաստերային փամփուշտները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: Քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախը եւս ադրբեջանական ուժերի կողմից ռազմական հանցագործություններ են», – նշեց նա: Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն առաջընթացի միակ ճանապարհն է: «Ես անկեղծ հույս ունեմ, որ եվրոպական շատ երկրներ, այդ թվում ՝ Ֆրանսիան, հետեւելու են դրան: Պետք է լրջորեն դիտարկվեն նաեւ պատժամիջոցները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ», – հավելեց նա: Պատգամավորն ընդգծում է՝ Բաքուն քննադատել է իրենց՝ Հայաստան այցը, քանի որ նրանք չեն ցանկանում, որ ճշմարտությունը տեսնեն եւ հաղորդեն Եվրոպային։
Այս տարվա նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Վիճակախաղերի մասին» օրենքում իրականացված լրացումներն ու փոփոխությունները՝ անցյալ տարվա հոկտեմբերի 3-ի օրենքով եւ ՀՀ կառավարության այս սեպտեմբերի 17-ի որոշմամբ սահմանված: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն խաղասրահի միջոցով տոտալիզատոր կազմակերպման գործունեություն կարող է իրականացվել կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում: ՀՀ ֆինանսների նախարարության շրջանառության մեջ դրած նախագծով սահմանվում է, որ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի առկայության դեպքում կազմակերպիչները ներկայացնում են հայտարարագիր՝ վարչական սահմաններում գտնվելու եւ կրթական օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ։ Նշված հայտարարագրերը լիազոր մարմինը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է կատարում Կադաստրի կոմիտե հեռավորության եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության եւ օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկություն Կադաստրի կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Չնայած դեռեւս հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի համար էլ՝ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, սակայն գործընթացն առկախված է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեռեւս երկուշաբթի օրը ԲԴԽ-ն գրություններ էր ուղարկել բոլոր երեք խորհրդարանական խմբակցություններին՝ ասելով, թե թեկնածուները պատրաստ են հանդիպել նրանց հետ, ներկայացնել իրենց տեսլականը, եւ թե ինչպես են աշխատելու այդ պաշտոնում։ Սակայն ԱԺ-ից տեղեկացանք, որ մինչեւ այժմ որեւէ խմբակցությունից պատասխան գրություն չի ուղարկվել թեկնածուներից որեւէ մեկին, եւ նրանց ապագան, այսպես ասած, անհայտ է։ Այս իրավիճակում դեռեւս անհայտ է՝ արդյոք խորհրդարանն առաջիկայում կհավաքվի եւ կկազմակերպի թափուր մնացած պաշտոնների համար թեկնածուների ընտրությունը, թե ոչ։ Ամեն դեպքում, այս պահի դրությամբ որեւէ առաջընթաց առկա չէ։