ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի զինագործները ռուսական բանկի խողովակով մեծ գումարներ են փոխանցել Ադրբեջանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին:

Բանկային կասկածելի տրանսակցիաների (փոխանցումների) մասին տեղեկությունները հայտնաբերվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական հետաքննությունների վարչության փաստաթղթերում, որոնք արտահոսքի միջոցով մատչելի են դարձել վերլուծական տարբեր կենտրոնների, այդ թվում` Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համար: The Times of Israel-ը հաղորդում է, որ մարտական եւ հետախուզական նշանակության գերարդիական անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելյան ամենախոշոր ընկերությունը՝ Israel Aerospace Industries-ը, 2012-14 թվականների ընթացքում առնվազն 155 միլիոն դոլար է փոխանցել գաղտնի գործառույթներ իրականացնող երկու ընկերություններին, որոնք ապահովում են Ադրբեջանի վերնախավի շահերը:

Այս տարվա հոկտեմբերի 5-ին էլ հետաքննող լրագրողների ռուսական կառույցներից «Կարեւոր պատմություններ» անվամբ կայքը հաղորդել է, որ իսրայելյան եւս մեկ ազդեցիկ ընկերություն՝ Israel Military Industries-ը, որն արտադրում է փոքր ամենագնացներ, ատրճանակներ, ինքնաձիգեր, շարժական նռնակա եւ հրթիռանետեր, զինամթերք ու պայթուցիկներ, 2017 թվականին մոտ 5 միլիոն դոլար է գաղտնի եղանակով փոխանցել վերոհիշյալ ֆինանսական հաստատություններին:

Ուշագրավ է, որ այդ երկու օֆշորային ֆինանսական կառույցների սպասարկումն իրականացնում է «Միջազգային ֆինանսական ակումբ» անվամբ ռուսական բանկը, որը մասամբ պատկանում է սպառազեն ստեղծող, արտադրող եւ ավելի քան 70 պետություններ այն արտահանող «Ռոստեխի» (մինչեւ 2014 թվականը կիրառվել է «Ռոստեխնոլոգիաներ» անունը) ղեկավար Սերգեյ Չեմեզովի տիկնոջը՝ Եկատերինա Իգնատովային: Նրա մասնաբաժինը 6 եւ կես տոկոս է:

The Times of Israel-ը նշում է, որ Չեմեզովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից է եւ ԱՄՆ պատկան իշխանությունների վճռով հայտնվել է պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիների ցուցակում: «Այլ կերպ ասած, այդ անձվավորության կնոջը մասամբ պատկանող բանկն առանցքային դեր է կատարում Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարների շահերը սպասարկող օֆշորային ընկերությունների մութ գործարքներում»,- գրում է The Times of Israel-ը:

Ո՞ր ընկերությունների մասին է խոսքը. մեկի անունն է Jetfield Network, այն գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում եւ սպասարկվում է «Միջազգային ֆինանսական ակումբ» ռուսական բանկի կողմից: Ի դեպ, դրա բաժնեթղթերի հիմնական մասը՝ մոտ 48 տոկոսը, պատկանում է ռուսաստանցի գործարար Միխայիլ Պրոխորովին:

Jetfield Network-ը հիմնադրվել է 2009 թվականին Նոր Զելանդիայում, ապա 2012-ին գրանցվել է Մարշալյան կղզիներում: Այն ներկայացել է որպես «առեւտրային միություն», բայց հետագայում հայտնել է, թե իր պրոֆիլը «խորհրդատվական ծառայություն» է:

Ընկերության շահառուն ոմն Ջավիդ Հուսեյնովն է` 1961թ. ծնված ադրբեջանցի, ով նաեւ Էստոնիայում գրանցված Larkstone Ltd ընկերության շահառուն է: Այդ մասին է հաղորդում Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի իսրայելյան գործընկերը՝ Մեդիայի եւ դեմոկրատիայի կենտրոնը: Իսրայելցի լրագրող Ուրի Բլաուն չի բացառում, որ Հուսեյնովը գուցեեւ նշված օֆշորային ընկերությունների սոսկ նոմինալ շահառուն է եւ գործառույթների հետ անմիջական առնչություն չունի:

Ադրբեջանը եւ Israel Aerospace Industries-ը 2012 թվականին կնքել են 1 միլիարդ 600 միլիոն դոլարի պայմանագիր եւ զարմանալի զուգադիպությամբ դրանից քիչ ժամանակ անց՝ 2012-14 թվականներին, Jetfield-ը եւ Larkstone-նը Israel Aerospace Industries-ից ստացել են ավելի քան 150 միլիոն դոլար:

2016-17 թվականներին Israel Aerospace Industries-ը 2 միլիոն 800 հազար դոլար էլ վճարել բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Bakinshaat Group ընկերությանը, որը, պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի կառավարությունից ստանում է շինարարական աշխատանքների պատվերներ: Այդ ֆինանսական երեք ընկերությունների՝ Jetfield-ի, Larkstone-ի եւ Bakinshaat-ի գործառույթները սպասարկում է «Միջազգային ֆինանսական ակումբ» ռուսական բանկը (ԾպՋՊցվՈՐՏՊվօռ ՒՌվՈվրՏՉօռ Սսցո):

Իսրայելում ռազմական աջակցությունն Ադրբեջանին քննադատողներն ասում են, որ այդ երկիրը, փաստորեն, սպասարկում է հարեւան դեմոկրատական երկրի վրա հարձակված դիկտատորական ռեժիմի շահերը: «Եթե ադրբեջանական բանակը գրավի Ղարաբաղը, միայն հրաշքը հայերին կփրկի կոտորածից»,- անցած շաբաթ հայտարարել է ակտիվիստ Էլիա Յոսեֆը, որը պահանջում է անհապաղ դադարեցնել զենքի մատակարարումն Ալիեւին:

Մինչդեռ Ադրբեջանին իսրայելյան զենքի վաճառքի աջակիցները պնդում են, որ Ադրբեջանն Իսրայելի ոխերիմ թշնամի Իրանի անմիջական հարեւանն է եւ, ըստ որոշ տեղեկությունների, համաձայնել է իրանաիսրայելան հնարավոր կոնֆլիկտի դեպքում օդակայաններ տրամադրել Իսրայելին:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

Մահացել է «Համայն հայություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջին օրերին նա բուժվում էր կորոնավիրուսից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ «Ժղովուրդ» օրաթեթրի խմբագրությունը ցավակցում է հարազատներին կորստի համար։

 

 

ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են՝ չնայած հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածություններին, եւ սա անհանգստություն է հարուցում. այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա։ «Մարտերը, միեւնույնն է, շարունակվում են. սա ափսոսանք ու անհանգստություն է հարուցում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը նաեւ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը չի քննարկվել երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ։ Կրեմլի խոսնակը եւս մեկ անգամ հայտնել է, որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ այս կամ այն պետության մասնակցությանը բանակցություններին։

 

 

ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր: Հայաստանի Հանապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է Հայաստանի Հանապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Այս օրենսդրական նախաձեռնությամբ՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում: Այս նախաձեռնության հետ կապված գրավոր առաջարկներ չեն ստացվել: Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացել է 69 կողմ ձայն:

 

 

ՀԱՐՁԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնը հայտնել է. «Այժմ Թուրքիան ուղղակիորեն հարձակվում է Հայաստանի վրա»: «Բացի այդ, Ֆրանսիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը, Ավստրիան եւ Նիդերլանդները ապշած են, որ Գերմանիան նախկինի պես պաշտպանում է Թուրքիային, նրան մատակարարում զենք եւ ԵՄ-ի փողերը»,-հավելել է նա:

 

 

ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Դատական համակարգում աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Իրավիճակը հասել է այնտեղ, որ անգամ սնանկության գործերով կառավարչի անվամբ ձեռագիր գրառման եղանակով կազմվել եւ ստորագրվել է կեղծ փաստաթուղթ: Մեզ հայտնի դարձավ, որ Հրաչյա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում քննվող թիվ ԵՇԴ/0624/02/10 քաղաքացիական գործով ներգրաված երրորդ անձ, կատարել է փաստաթղթի կեղծիք, այն է` 2019 թվականի մայիսի 7-ին քաղաքացիական գործով որպես երրորդ անձ ներգրավված Օլեսյա Վելիչկոյի՝ սնանկության գործերով կառավարիչ Մուրադ Պետրոսյանի անվամբ ձեռագիր գրառման եղանակով կազմել եւ ստորագրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Հովսեփյանին հասցեագրված, իրավունք վերապահող «Դիմում» վերտառությամբ փաստաթուղթն այն մասին, որ Մ. Պետրոսյանը չի կարող ներկայանալ այդ օրվա նշանակված դատական նիստին, խնդրում է նիստն անցկացնել իր բացակայությամբ՝ միաժամանակ հայտնելով, որ չի առարկում, որ քաղաքացիական գործը տեղափոխվի Սնանկության դատարան:

Հիշյալ կեղծ փաստաթուղթը նույն օրը քննությամբ ինքնությունը դեռեւս չպարզված անձի կողմից ներկայացվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի գրասենյակ, որի արդյունքում դիմումը դատարանի կողմից դարձել է քննարկման առարկա, եւ նիստը անցկացվել է Մուրադ Պետրոսյանի բացակայությամբ:

 

 

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀՀ Գեղարքունիքի մարզում այս օրերին կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները շարունակվում են. այս մասին ArmLur.am-ին փոխանցեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մարտին Պետրոսյանը. «Աշխատանքները շարունակվում են, ճիշտ է, բերքահավաքը, աշնանացանը մի քիչ հետ ընկավ՝ այս ամեն ինչով պայմանավորված»: Մարզպետարանի աշխատակցի խոսքերով՝ աշխատանքները մոբիլիզացրել են, եւ ներգրավվել են հարեւան համայնքներից ուժեր, որոնք բեռնող, բեռնաթափող, կարտոֆիլ հավաքողներ են: Նրանք Ճամբարակից են, Մարտունիից եւ հավաքում են:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ, նախնական հաշվարկներով, նախատեսվում է հավաքել 35.000-40.000 տոննա կարտոֆիլ: Զրույցի ընթացքում մարզպետարանի աշխատակիցը կարտոֆիլի իրացման խնդրի մասին բարձրաձայնեց: Պարզվում է, որ կարտոֆիլի գինն է ցածր, մասնագետի խոսքով՝ համարյա ինքնարժեքի չափ:

 




Լրահոս