ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հավաքել է 99 կողմ եւ 1 դեմ ձայն: Նախագիծը դիտվել է 4854 անգամ (դիտումների թիվն ավելանում է):

 

Նշենք, որ այս նախագիծը բավականին լայն քննարկում ունեցավ. այն ընդունվեց քաղաքացիների կողմից, բայց շատերի դժգոհության պատճառը սահմանված վեց ամիս ժամկետն է: Ըստ ՀՀ կառավարության՝ ժամկետը կարող է երկարաձգվել:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այս նախագիծը Էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել հոկտեմբերի 16-ին: Օրինակ, նախագծի՝ առաջարկների բաժնում քաղաքացիներից մեկը՝ Մարիա Ասմանգուլյանը, կարծիք է հայտնել, որ չափազանց ուշացած է այս որոշումը, եւ այն ընդունման պահից պետք է գործի անժամկետ:  Իսկ, ահա, Լիլիթ Սարգսյանն առաջարկել է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայից ՀՀ ներմուծվում են ոչ միայն ապրանքներ, այլեւ զբոսաշրջային ծառայություններ, ապա խնդրել է վերանայել որոշման նախագիծը եւ դրանում ներառել նաեւ ծառայությունների ներմուծումն արգելող դրույթ։

Նախագծին կողմ քվեարկած քաղաքացիներից Արտակ Պողոսյանն առաջարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին երկամսյա ժամկետում առեւտրատնտեսական կապեր հաստատել Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Վիետնամի, Լեհաստանի եւ Աֆրիկայի հետ սահմանափակվող ապրանքների եւ արտադրանքների ներմուծման հնարավորությունն ապահովելու նպատակով: Բացի այս, նույն քաղաքացին քաղաքացիական կոմիտեի նախագահին առաջարկել է աշխատանքներ իրականացնել Հայաստանի եւ Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Վիետնամի, Լեհաստանի եւ Աֆրիկայի հետ կանոնավոր ավիափոխադրումների ապահովման նպատակով: Իր հերթին մեկ այլ քաղաքացի՝ Գարիկ Եգանյան անունով, պահանջել է հրապարակել ներկրման այընտրանքային երկրների հետազոտությունների արդյունքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ն եւս առաջարկ է ներկայացրել. առաջարկել է հետագա ջանքերն ուղղել Եվրասիական տնտեսական միության երկրները թուրքական ծագման ապրանքներից ազատելուն՝ շեշտը դնելով տեղական արտադրողների հզորությունների ավելացման վրա:

Մեկ այլ քաղաքացի՝ Արսեն Իգիթյանը, Էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը հրավիրել է կարեւոր խնդրի վրա. «Գոյություն ունեն Թուրքիայի հետ առնչություն չունեցող տարբեր միջազգային կորպորացիաներ, որոնք արտադրում են տարատեսակ գլոբալ ճանաչում ունեցող ապրանքներ։ Տարբեր տարածաշրջաններում վաճառվող գլոբալ բրենդային ապրանքատեսակները կարող են արտադրված լինել տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում՝ անկախ այն հանգամանքից, որ արտադրող ընկերությունը Թուրքիայի հետ առնչություն չունի։ Որպես օրինակ՝ կարելի է նշել ամերիկյան Procter&Gamble, PepsiCօ եւ Colgate-Palmolive ընկերությունները, որոնք ոչ մի առնչություն չունեն Թուրքիայի հետ, սակայն իրենց արտադրական շղթաները կարող են տեղակայված լինել նաեւ Թուրքիայում։ Նշված կորպորացիաների կողմից արտադրվող որոշակի ապրանքատեսակներ, ինչպիսիք են, օրինակ, Ariel եւ Tide լվացքի փոշիները, Palmolive օճառը, Colgate ատամի մածուկը, Head&Shoulders շամպունը, Pampers տակդիրները, Doritos եւ Pringles մակնիշի չիպսերը եւ այլն, հնարավոր է արտադրված լինեն Թուրքիայում»։

Արսեն Իգիթյանի խոսքով՝ պետք է օրինագծով որոշակի մեխանիզմ ապահովվի նշված ապրանքները սպառողներին հասանելի պահելու համար, հակառակ դեպքում նախատեսվող օրենքն է՛լ ավելի կաղճատի Հայաստանի շուկայի բազմազանությունը, բացասաբար կանդրադառնա սպառողների իրավունքների վրա, կհանգեցնի սպառողական ճգնաժամի ու Հայաստանի սպառողին կզրկի միջազգային շուկայում հայտնի ապրանքներից։ «Երրորդ երկրներից (ԵԱՏՄ-ից) ներմուծված ապրանքատեսակներն այսօր բավական ցածր տեսակարար կշիռ են զբաղեցնում, եւ այդպիսիք շատ դեպքերում ներկրվում են հենց գլոբալ բրենդերի առկայությունը շուկայում պահպանելու համար։ Օրինակ՝ ZARA ընկերության արտադրված հագուստի հերթական խմբաքանակի մեջ հագուստի մի մասը կարող է արտադրված լինել Հնդկաստանում, մի մասը՝ Բանգլադեշում, Պակիստանում, Չինաստանում, Վիետնամում, իսկ մի մասն էլ՝ Թուրքիայում։ Հաշվի առնելով սա՝ հստակ չէ, թե ինչպես է ազդելու այսպիսի արտադրանքների խմբաքանակների վրա ներկայացված կառավարության որոշումը, եւ ինչպիսի մեթոդներով է որոշվելու ապրանքի ծագման երկիրը»,- կարծիք է հայտնել Արսեն Իգիթյանը։ Նա առաջարկել է նախագիծը խմբագրել այնպես, որ այն արտացոլի ժամանակակից աշխարհի արդյունաբերության մեջ օգտագործվող գլոբալ մատակարարման շղթաների եւ աութսորսինգի տրամաբանությունը։ Իգիթյանի խոսքով՝ հարկավոր է երաշխավորել, որպեսզի այս որոշման պատճառով չարգելվեն ոչ-թուրքական արտադրողների ապրանքատեսակները, կամ միեւնույն արտադրողի հանդեպ չկիրառվի խտրական արգելք տեսականու մի մասի նկատմամբ. «Գլոբալ արդյունաբերական ու կորպորատիվ որոշումների համար մեղավոր չեն սպառողները»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿԱՄԱՎՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ

Բերդ քաղաքը եւ Բերդի տարածաշրջանի 16 գյուղերն ընդգրկող  Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը  հայտնում է, որ հետեւելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ Բերդ  համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանի  գլխավորությամբ՝ համայնքի բոլոր գյուղերի վարչական ղեկավարները՝ Օնիկ Բալյանը (Արծվաբերդ), Արկադի  Յամուկյանը (Այգեպար), Լորիս  Միրզոյանը (Այգեձոր), Արթուր  Այդինյանը (Իծաքար), Արտակ  Պապյանը (Մովսես), Գոռ Աբրահամյանը (Նորաշեն), Արամ Նիգոյանը (Նավուր), Լեւոն Առաքելյանը (Ներքին Կարմիրաղբյուր), Կարեն Դարբինյանը (Չինչին), Սամվել Սաղոյանը (Չինարի), Վարուժան Բաղմանյանը (Չորաթան), Ռոլանդ Մարգարյանը (Պառավաքար), Սամվել  Եղիկյանը(Վարագավան), Կամո  Չոբանյանը(Վերին Կարմիրաղբյուր), Աղասի  Ղազարյանը (Վերին Ծաղկավան), Արթուր Հովհաննիսյանը (Տավուշ) եւ Բերդի  տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը  կամավորագրվել  են  հայրենիքի պաշտպանության պայքարին:

 

Բերդ համայնքի ղեկավարը հայտարարել է, որ  հայրենիքի եւ ժողովրդի համար վճռորոշ այս պահին բոլորի պարտքն է համախմբվել եւ գործուն մասնակցություն ունենալ հայրենիքի պաշտպանությանը: Հարություն Մանուչարյանը Բերդ համայնքի բնակիչներին կոչ է արել միանալ իրենց՝ ասելով, որ այդ հարցով կարող են դիմել իրեն ու գյուղերի վարչական ղեկավարներին։ Բերդի համայնքապետարանն այս օրերին  աշխատում է շաբաթը յոթ օր շուրջօրյա ռեժիմով։ Բերդի համայնքապետը դիմել է  նաեւ համայնքի կանանց եւ աղջիկներին՝ ասելով, որ հայրենիքի համար օրհասական ժամանակներում նրանք  մշտապես թեւ ու թիկունք են դարձել տղամարդկանց՝ իրենց նշանակալի դերն ունենալով հաղթանակների կերտման գործում: Համայնքի ղեկավարը լիահույս է, որ այժմ եւս նրանք կամրացնեն թիկունքը՝ սպասելով մեր վերջնական հաղթանակին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

73 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետություններից։ Առաջին 150 միլիոն դոլարի հանգանակության մեջ ամենամեծ բաժինը պատկանում է ԱՄՆ-ից հանգանակված գումարներին՝ 45.3 տոկոս։ Հայաստանի Հանրապետությունում հանգանակվել է ընդհանուր գումարի 33.3 տոկոսը։ Հանգանակության ծավալով երրորդը Ռուսաստանի Դաշնությունն է` 10.7 տոկոսով։ Ծավալով չորրորդն ու հինգերորդը Ֆրանսիան ու Գերմանիան են՝ համապատասխանաբար հանգանակության 2.9 ու 1.0 տոկոսով։

Սեպտեմբերի 27-ին հիմնադրամը հայտնել էր. «միասնական որոշում է կայացվել՝ սկսել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին»։ Հիմնադրամի փոխանցմամբ՝ նվիրատվություններն ընդունվում են հիմնադրամի կայքում՝ www.himnadram.org հասցեով, ինչպես նաեւ փոխանցումներ կատարելով ՀՀ կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին:

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 2241 ԴԵՊՔ

Հայաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82651 դեպք, որոնցից 52508-ը՝ առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28548 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 4695 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ՝ 387633 թեստավորում: Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2241 նոր դեպք եւ 694 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1243  դեպք (ավելացել է եւս 21-ով):

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները, բացի 61-ամյա մի կնոջից, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան եւս 5 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 352 է: Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

 




Լրահոս