ՀՈՍՊԻՏԱԼԱՅԻՆ ԲՈՒԺՎՈՂՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԵՐԹԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ պետք է շատ զգոն լինել. կորոնավիրուսը շատ արագ տարածվում է, իսկ դրա պատճառն այն է, որ հանրությունը, պատերազմական դրությունից ելնելով, սկսեց չհետեւել այն կանոններին, որոնք պահաջվում էին: Պատգամավորը հայատարարեց նաեւ, որ այս պահին հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում, եւ մահճակալները պետք են զինվորների համար, ինչի համար պետք է շատ զգոն լինել:

 

-Պարո՛ն Զեյնալյան, փաստորեն, Հայաստանում գլուխ է բարձրացրել կորոնավիրուսի 2-րդ ալիքը: Ստացվում է, որ չկարողացանք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի օր օրի կորոնավիրուսի թվերի աճ չարձանագրվի: Կա՞ մեկի մեղավորությունն այս հարցում՝ ըստ Ձեզ:

-Կանխարգելիչ միջոցառումներ արվել են, եւ արվում է առավելագույնը, բայց էստեղ եւս մեկ անգամ պետք է շեշտենք յուրաքանչյուրիս անհատական մոտեցումը՝ հակահամաճարակային պայմանները պահպանելու: Մեղավորներ պետք չէ փնտրել, որովհետեւ մեծ թվով դեպքերի հայտնաբերումը կամ վիրուսի տարածումը մեծամասամբ պայմանավորված է ստեղծված իրավիճակով, որի արդյունքում բնակչության շարժը բավականաչափ մեծացել է: Նաեւ բնակչության մոտ վիրուսի նկատմամբ վերաբերմունքը մղվել է 2-րդ պլան, քանի որ 1-ին պլանում պատերազմն է: Եվ սա է պատճառը որ նման  տեսակի տարածում ունենք, նման թվեր ունենք: Բնականաբար, ակնկալվում էր որոշակի թվերի աճ, բայց ոչ այսպիսին:

Պետք  է բնակչությանը խնդրել, հորդորել, պահանջել, որպեսզի թույլ տան բժիշկներին զբաղվել ռազմական դրությամբ պայմանավորված, իրենց առջեւ դրված խնդիրների լուծմամբ, վիրավորներին տրամադրվելիք օգնությամբ, համակարգի համար կորոնավիրուսի դեմ պայքարը  հնարավորինս կարողանանք զսպել: Այսինքն՝ այստեղ մեծամասամբ կախված է բնակչությունից:

-Նաեւ տեղեկություններ կան, որ բոլոր հիվանդանոցներում վերաբացվել են կորոնավիրուսի սպասարկման  բաժանմունքները: Մարզերում ինչպիսի՞ իրավիճակ է:

-Այո՛, շուրջ 20 բժշկական հաստատություն այս պահին զբաղվում է կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ. սա անչափ մեծ թիվ է: Եվ գրեթե բոլոր մահճակալները զբաղված են: Այիսնքն՝ եթե առաջիկա օրերին նման տեմպ արձանագրվի, մենք թեեւ այսօր էլ ունենք նման քաղաքացիներ, որոնք հոսպիտալային բուժօգնության կարիք ունեն, բայց սպասում են  հերթին, որպեսզի մահճակալ ազատվի:  Սա պակաս կարեւոր չէ, քան պատերազմը:

-Քանի որ կա մահճակալների խնդիր, արդյոք առողջապահության համակարգը ինչ-որ ծրագի՞ր է մշակել հիվանդանոցների վերաբացման: Այլ ձեւաչափեր գտե՞լ է, որ առաջիկայում տեմպն աճելու դեպքում կարողանան սպասարկել: Ինչպե՞ս եք  կարգավորում այդ հարցը:

-Եթե կարիքը եղավ, այո՛, պետք է հավելյալ բժշկական հաստատություններ ներգրավել:

-Ունե՞նք նման հաստատություններ: 

-Այո՛, ունենք, բայց նրանց մի մասը զբաղված է վիրավորներին տրամադրվելիք բուժօգնությամբ: Այսինքն՝ եթե մենք մեր զգոնությունը չբարձրացնենք, նույնիսկ հնարավոր է՝ առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել բոլոր հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդներին:

-Վերջին շրջանում խոսում են նաեւ ԿՏ վճարների մասին: Մեխանիզմներ չե՞ն ձեռնարկվում գնիջեցման ուղղությամբ: Նման խնդիրների հետ առչնվում ենք հատկապես մարզերում:

-Նախ նշեմ, որ համակարգային տոմոգրաֆիա կատարելը պարտադիր պայման չէ, որովհետեւ հիմա շատ մեծ փորձ կա թոքերի ուլտրաձայնային հետազոտության: Սա բավականաչափ էժան հետազոտություն է, որով մեր բժիշկները կարողանում են թոքերի ախտահարման ախտորոշում անել: Ռենտգեն հետազոտություն է արվում: Ինչ վերաբերում է ԿՏ-ին, ապա եթե անհրաժեշտություն լինում է, եւ անձի մոտ հաստատված է կորոնավիրուս ախտորոշումը, եւ նա գտնվում է հոսպիտալում, այդ ամենը արվում է անվճար:

Ս. Գ.

 

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Ֆրանսիայում ապրող հայերը երեկ երկկողմանի փակել են դեպի Վալանս քաղաք տանող A7 մայրուղին: Այդ ընթացքում թուրքեր են հայտնվել այդ տարածքում, եւ ծեծկռտուք է սկսվել: Ֆրանսահայերը պահանջել են տեղի հեռուստաալիքներով ուղիղ եթեր ապահովել, որպեսզի այդ տարբերակով իրենց բողոքն արտահայտեն: Մասնակիցներից մեկի պնդմամբ՝ իրենց ուժերի ներածին չափով պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրությունը ոտքի կանգնի: «Սահմանին մենք կորցնում ենք մեր 18-20 տարեկան երեխաներին, այդ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա: Եթե հարկ լին, օդանավակայաններ կփակենք, մեր ձայնը պետք է լսելի դարձնենք Ֆրանսիային»,- ասել են մասնակիցները: Նրանք վանկարկել են՝ «Արցախը մե՛րն է», «Հաղթելո՛ւ ենք», «Ալիեւը դիկտատոր է», «Էրդողանը եւ Ալիեւը ահաբեկիչներ են», «Ճանաչո՛ւմ», «Հա՛յ զինվոր, մենք քեզ հետ ենք», «Փա՛ռք հայոց բանակին» եւ այլն:

Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները Ֆրանսիայից եւ ամբողջ Եվրոպայից պահանջում էին կանգնեցնել պատերազմը, հայերին մոտեցել են թուրքեր եւ սկսել սադրել: Վերջիններս մուրճով հարվածել են հայ ցուցարարներին, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածել: Ցուցարարներից մի տղա կորցրել էր գիտակցությունը: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, առաջին բուժօգնություն ցույց տվել տուժածներին, ապա հոսպիտալացրել են հայ տուժածին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր:

 

 

ԿՆԵՐՄՈՒԾՎԵՆ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ

Մոտ ապագայում, հնարավոր է` այս շաբաթվա վերջին, կորոշվի այն ապրանքների ցանկը, որոնք կարող են ներմուծվել Հայաստանի տարածք` առանց մաքսատուրքերի եւ ԱԱՀ-ի վճարման. այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Խոսքը, ըստ նրա, կարող է լինել տարբեր նպատակների համար նախատեսված երեք տեսակի ապրանքների մասին:

«Դրանք ռազմական, հումանիտար, ինչպես նաեւ բժշկական նշանակության ապրանքներ են, որոնք օգտագործվում են առողջապահության ոլորտում: Այս կապակցությամբ պետական գերատեսչությունների ցանկը եւս կսահմանվի՝ ըստ օրենքի: Խոսքը, մասնավորապես, Պաշտպանության նախարարության մասին է, որի համար ռազմական նշանակության ապրանքներ կնախատեսվեն, Արտակարգ իրավիճակների նախարարության, որի համար մարդասիրական նշանակության ապրանքներ կտրամադրվեն, եւ Առողջապահության նախարարության, որի համար բժշկական նշանակության ապրանքներ կնախատեսվեն»,- նշել է Պողոսյանը:

Այնուամենայնիվ, Հայաստանի խորհրդարանում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ օրենքի քննարկման ժամանակ նախարարությունների ցանկն ընդլայնվեց մինչեւ 5 գերատեսչություն: Այսպիսով, ինչպես նշեց փոխնախարարը, առկա ցանկին ավելացվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ինչպես նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները:

 

 

ՇՈՒՇԻՆ Է ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼ

Ադրբեջանը թիրախավորել  է Արցախի բերդաքաղաք Շուշին. այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական  ծառայությունը։  «Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Երեկոյան Մարտունին եւ Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է առանց կրակի։ Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը  նորից կրակ է վարել։  Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,-նշել են  նախարարությունից:

 

 




Լրահոս