«Բարձունքը մերն ա, կամանդի՛ր, բարձունքը մերն ա, Սարմենը չկա…». երեկվանից ողջ համացանցը ողողված է հերոսաբար նահատակված ժամկետային զինծառայող Սարմեն Այվազյանի վերջին մարտական կռվի մասին հիշատակումներով:
Սարմենը, նռնակներով սողալով, կարողացել է հասնել հակառակորդի խրամատ եւ ոչնչացրել հակառակորդի բոլոր զինծառայողներին, սակայն վերջին պահին թշնամու զինծառայողներից մեկը կարողացել է մահացու վնասվածք հասցնել նրան:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաջարի Սարմենի մասին հպարտության եւ միեւնույն ժամանակ սրտի ծանր կսկիծով պատմել է նրա հայրը՝ Սամվել Այվազյանը:
Սարմեն Այվազյանը նոր էր դարձել 19 տարեկան, ապրում էր ծնողների հետ, ունի 2 քույր, ինքը երեխաներից մեծն էր: Նորօրյա հերոսը դեռ դպրոցական տարիքից Հայոց պատմություն առարկայի նկատմամբ յուրահատուկ սեր է ունեցել, այդ իսկ պատճառով էլ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ:
«Չգիտեմ, թե ինչ ասեմ, Սարմենս մի ոսկի տղա էր, ընկերասեր, բարեկամասեր, հայրենասեր։ Շատ էր սիրում Հայոց պատմություն առարկան եւ դպրոցն ավարտելուց հետո անմիջպես ընդունվեց Երեւանի պետական համալասարանի պատմության ֆակուլտետը։ Երկրորդ կուրսից մեկնեց ծառայության։ Համալսարանում նույնպես աչքի էր ընկել իր ընկերասիրությամբ եւ լավ բնավորությամբ»,-նշում է մեր զրուցակիցը։
Սարմենի հոր խոսքով՝ երբ Սարմենը զանգահարում էր, զգացվում էր հեռախոսից այն կողմն նրա ոգեւորությունը։ Միշտ կրկնում էր. «Պա՛պ ջան, պի՛նդ մնացեք»։
«Ասում էր՝ պա՛պ ջան, ստեղի յուրաքանչյուր տղա հերոս տղայա, մենք թուրքին չենք թողնում մի սանտիմետր առաջ գա։ Պա՛պ ջան, մա՛մ ջան, մենակ թե Դուք պի՛նդ մնացեք։ Ոնց որ չճանաչեի իրեն. այս պատերազմը ոնց էր փոխել իրեն։ Սարմենս շատ ուժեղ տղա էր, իմ միակ տղան էր, ով զոհվեց հանուն հայրենիքի։ Իրենից բացի ունեմ երկու աղջիկ։ Դեկտեմբերին նոր կլրանա մեկ տարին, որ ծառայում էր բանակում։ Սարմենս շատ ուժեղ էր, անկոտրում, ծառայում էր Մատաղիսում։ Իր հերոսության մասին շատ բաներ եմ լսել, թե ինչպես է մենակ մի ամբողջ բարձունք ազատել թշնամուց, դրա մասին նաեւ խոսում են իր հրամանատարները։ Ինձ ասացին, որ իմ տղան ուժեղ տղա էր։ Ես իր հուղարկավորության օրն էլ ասացի. «Տղա՛ս, հպարտ եմ քեզնով, ցա՛վդ տանեմ»»,-պատմում է Սամվել Այվազյանը եւ հավելում, որ Սարմենը մինչեւ վերջին շունչը կռվել է հանուն հայրենիքի։
Սարմենի հայրը ցավով եւ հպարտությամբ իր որդու կատարած սխրագործություններով այսօր առաջնագծում կռվող բոլոր սարմեններին մաղթում է հաղթանակ։
«Միմիայն հաղթանակ, որպեսզի մենք էլ հանգիստ լինենք, թե ինչի համար են մեր երեխաները զոհվել։ Ոչ մի թիզ հող թշնամուն»,-հավելում է Սարմենի հայրը՝ Սամվել Այվազյանը։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը ԿՄԻԱՆԱ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆ
Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին եւ մինչեւ նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի ընթացքին. այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակը:
Նոյեմբերի 1-ին Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով կբացվի «Նվիրում Արցախին» նախագիծը, որը կշարունակվի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմի պրեմիերայով:
Նոյեմբերի առաջին շաբաթում կկայանան նաեւ Արցախին նվիրված Գարեգին Պապոյանի «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի եւ Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերի պրեմիերաները: Կկայանան նաեւ Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի՝ «Բլոկադա», պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները:
Հիշյալ պրեմիերային ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան բացառապես տոմսերով, առանց հրավիրատոմսերի, եւ բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին:
Որպեսզի փառատոնի հանգանակությունների ընթացքը լինի շարունակական, մինչեւ նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Շվեյցարիայի եւ այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաեւ պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԱՌՆԱՅՈՒՄ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները Բուլղարիայի ընտրանու հետ կկայանան Վառնա քաղաքում: Համաձայն ՈՒԵՖԱ ֆուտզալի «ԵՎՐՈ 2022»-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի փետրվարին տեղի ունեցած վիճակահանության՝ Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումները պետք է կայանային ապրիլին: COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպումները հետաձգվել էին: Որոշվել է, որ թիմերի միջեւ 2 հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին՝ Երեւանի ժամանակով 20:30-ին, եւ նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի եւ մշակույթի պալատում: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը եւ նախապատրաստական ծրագիրը հայտնի կդառնան շուտով:
«ՌԵԱԼԸ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Արքայական ակումբի կազմում Ռամոսը 16-րդ մրցաշրջանն է անցկացնում Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով 34-ամյա Ռամոսը կրկնեց «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը: Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից: Հիշեցնենք, որ «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով:
ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է «ՕԼԻՄՊԻԱԿՈՍԻՆ»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում պորտուգալական «Պորտուն» հյուրընկալել է հունական «Օլիմպիակոսին»: «Պորտուի» պորտուգալացի պաշտպան Պեպեն 100-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում եւ այդ ցուցանիշով հավասարվեց «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շեւչենկոյին: 37-ամյա Պեպեն հանդես է եկել նաեւ Մադրիդի «Ռեալում» եւ թուրքական «Բաշաքշեհիրում»: Չեմպիոնների լիգայում ամենաշատ թվով հանդիպում անցկացրել է «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը՝ 177 հանդիպում: Հիշեցնենք, որ «Պորտուն» հաղթանակ է տարել «Օլիմպիակոսի» նկատմամբ 2:0 հաշվով:
ՆՎԱՃՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման նվաճման հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում: 32-ամյա Բենզեման գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում: Բենզեման դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ 16 մրցաշրջան անընդմեջ: Նախկինում նման նվաճման հասել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին: Հիշեցնենք, որ «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով: