ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից հետո Հայաստանի եւ Արցախի ղեկավարները մի քանի անգամ հանրությանը դիմեցին կոչով` կամավորագրվելու եւ առաջնագիծ մեկնելու համար: Շատ տղամարդիկ անմիջապես գնացին զինկոմիսարիատներ` գրանցվելու եւ մարտադաշտ մեկնելու, սակայն զինկոմիսարիատներում շատ շատերին տուն են ուղարկել` հայտնելով, թե երբ հարկ լինի, կկանչենք ձեզ. գերակշիռ մեծամասնությանը դեռ չեն էլ կանչել:

Գոնե մեր խմբագրություն բազմաթիվ մարդիկ են դիմում` զինվորագրվելու, կամավոր ռազմաճակատ մեկնելու պատրաստակամությամբ, որոնց բոլորին ուղղորդում ենք զինկոմիսարիատներ: Եւ, որպես ընդհանուր պատկեր, կարելի է արձանագրել, որ այս պահին մեր երկրում ունենք լիդերների, վստահելի առաջնորդների դեֆիցիտ: Մարդիկ, որոնք ունակ են ջոկատներ կազմելու, ռազմաճակատ մեկնելու, վաղուց գնացել են, իրենց տեղում են: Եւ հիմա իրականում առաջնորդների խնդիր ունենք, որոնց հետ մարդիկ իրենց կազմակերպված, ինքնավստահ զգան եւ պատրաստ լինեն առաջնորդի հրամանով գնան կռվելու։

Հոկտեմբերին 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին կոչ արեց ջոկատներ կազմել: Եւ ի՞նչ իրավիճակ ունենք այսօր: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, Երեւանի ամենամեծ համայնքի` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը կամ, օրինակ, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւ այլ պաշտոնյաներ հայտարարեցին զորահավաքի մասին: Իսկ քանի՞սն են հետեւել նրանց կոչին: Անցել է 8 օր, բայց ջոկատները դեռ կազմավորվում են ու կազմավորվում:

Իսկ, օրինակ, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը առանց կոչի, վաղուց կազմավորել են ջոկատներ ու անձամբ առաջնորդել դեպի առաջնագիծ: Այս օրինակները մարդիկ են, որոնք ունեն վստահություն եւ կարողացել են ջոկատ կազմավորել եւ բանակի հետ զուգահետ առաջնագծում մարտական առաջադրանք կատարել: Ահա լիդերների եւ առաջնորդին բնորոշ հատկանիշների բացակայություն ունեցող պաշտոնյաների տարբերությունը: Մեզ այսօր պետք են առաջնորդներ, որոնց հետ մարդիկ առանց  մտածելու կգնան անգամ մահանալու:

 

 

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկել են փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում, որով փոփոխություն է արվելու դատավորներին ներկայացվող պահանջների մեջ: Բանն այն է, որ, այժմյան օրենքի 121-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համաձայն, Դատական դեպարտամենտը կազմում եւ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն, որպեսզի ընտրվեն դատարանի նախագահներ: Եվ, ահա, պատգամավորները նկատում են, որ եթե Վճռաբեկ դատարանում ձեւավորվեն նոր պալատներ, ապա այդ պալատների նախագահների ընտության հարցը կմնա առկախված, քանի որ ներկայիս իրավակարգավորումների պարագայում հնարավորություն չի լինի ընտրելու այդ պալատների նախագահներին այն պարզ պատճառով, որ տվյալ պալատներիի դատավորները չեն ունենա տվյալ դատարանում ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն: Եվ նշված օրենսդրական բացը ակնհայտ խնդիրներ է առաջացնելու Վճռաբեկ դատարանի նոր պալատների ձեւավորման ժամանակ նախագահների ընտրության հարցում: Եվ այդ պատճառով նրանք առաջարկում են հանել «տվյալ դատարանում» բառերը, որպեսզի դատարանի նախագահի թափուր տեղի ժամանակ կարողանան առաջարկել նաեւ այլ դատարաններից թեկնածուներ:

 

 

 

Դեռեւս հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր բոլորին կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ։ Սակայն, պարզվում է, դրանից հետո՝ մինչեւ այժմ, Երեւանի քաղաքապետարանն այդպես էլ չի կարողացել ջոկատ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ աշխատանքներ են կատարվել մինչեւ այժմ, եւ պարզեցինք, որ մինչեւ այժմ` կոչից 8 օր անց, ջոկատի կազմավորումը ընթացքի մեջ է, քանի որ այդ կազմավորման բոլոր աշխատանքները իրականացնում են Երեւանի վարչական շրջանի ղեկավարները: Իսկ ինչպե՞ս են պաշտոնյաները ջոկատ հավաքում. ըստ մեր տեղեկությունների՝ վարչական շրջանի աշխատակազմերից կապ են հաստատում թաղապետարանում աշխատող տղամարդկանց հետ, զրուցում ու հորդորում միանալ իրենց ջոկատին: Իսկ թե ինչ է անում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այդպես էլ մեզ պարզել չհաջողվեց: Միայն հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը ջոկատը կազմելուց հետո  պետք է մեկնի ոչ թե Արցախ, այլ Կոռնիձոր: Տեղեկացանք նաեւ, որ Երեւանի քաղաքապետի ջոկատում կներգրավվի նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, որը մտերիմ է քաղաքապետի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցեց Արման Սարգսյանի հետ, որը, սակայն, չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ խորհուրդ տալով դիմել լրատվական բաժին, միաժամանակ չհերքելով մեր ունեցած տեղեկությունները:

 

 

 

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկ ամսում աճել է 10.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: Այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 9.4 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առեւտրի շրջանառությունը՝ 5.2 տոկոսով: Նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտի օգոստոս-սեպտեմբեր ամիսների վերաբերյալ ցուցանիշները Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել, բայց ներկայացված են այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները. մեկ տարվա ընթացքում արձանագրվել է աճ 0.5 տոկոսի չափով: Հայաստանի վիճակագրական կոմիտեն գնանկում է արձանագրել սպառողական շուկայում 0.2 տոկոսի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ նաեւ, որ արտահանման եւ ներմուծման ծավալներն են մեկ ամսվա ընթացքում զգալի աճել. ՎԿ տվյալներով՝ արտահանման աճը կազմել է 8.7, ներմուծմանը՝ 2.7 տոկոս: Երեկ էլ ՀՀ վարչապետը խոսել էր հարկ վճարողների վարքագծի մասին՝ ասելով. «Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին՝ նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Արդյունքում տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է մանավանդ՝ հիմա»։

 




Լրահոս