Ռուսաստանի Դաշնությունից նոր հայտարարություններ են հնչում Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վերաբերյալ: Նախ՝ երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Երեւանն անհերքելի ապացույցներ ունի առ այն, որ Թուրքիան զինյալներ է ուղարկում Սիրիայից եւ Լիբիայից Լեռնային Ղարաբաղ: «Սիրիայից եւ Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներկայության եւ Թուրքիայի կողմից շարունակական ուղարկման (Ղարաբաղ- խմբ.) անհերքելի փաստացի ապացույցներ կան: Սա հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզական տվյալներով եւ բուն հակամարտության գոտուց ստացված ռեպորտաժներով»,- ասել է նա:
«Թուրքիան այս հակամարտությունը որպես հնարավորություն է դիտարկում` իր ազդեցությունը եւս մի հարեւան տարածաշրջանի` Հարավային Կովկասի վրա պրոյեկտելու համար: Հակամարտությունն օգտագործելու եւ տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային հսկայական տառապանքներ պատճառելու այսպիսի քաղաքականությանը պետք է դիմակայել, այլ ոչ թե խրախուսել»,- հայտարարել է Մնացականյանը` պատասխանելով հարցին` արդյոք Երեւանը կհամաձայնի Թուրքիայի մասնակցությանը բանակցություններին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահը, նստել բանակցությունների սեղանի շուրջ, եւ այն առաջարկների հիման վրա, որոնք մշակվել են Մինսկի խմբի եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համանախագահների կողմից, այդ Մինսկի խմբի այլ անդամների մասնակցությամբ, այնտեղ շատ երկրներ կան, այդ թվում` Թուրքիան, եվրոպական մի շարք պետություններ, այդ աշխատանքի հիման վրա կոնսենսուս եւ շահերի հավասարակշռություն գտնել: Դա հնարավոր է անել»,- ասել է Պուտինը «ՎՏԲ Կապիտալ» ներդրումային ֆորումի նիստին:
Նրա խոսքով` յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի: «Այստեղ հեշտ լուծումներ չկան, քանի որ հանգույցը շատ բարդ է կապված: Մեր դիրքորոշումը բաց է. խոսել հինգ գումարած երկու շրջաններն Ադրբեջանին փոխանցելու մասին` ղարաբաղյան գոտու համար որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ: Ինչու՞մ կամ որտե՞ղ է այդ երկարաժամկետ կարգավորումը: Շահերի հավասարակշռություն գտնելու մեջ, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին էլ՝ ինչպես ադրբեջանական ժողովրդին, որին մենք մշտական հարգանքով ենք վերաբերվում, նաեւ որպեսզի հաշվի առնվեն հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության շահերը, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան, բայց միեւնույն ժամանակ հնարավորություններ ստեղծեն տարածաշրջանային արդյունավետ զարգացման համար` բոլոր ապակառուցվածքային հնարավորությունների ապաշրջափակմամբ եւ զարգացմամբ, որոնք հիմք կդառնային ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի եւ հենց Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացման համար»:
«Չէ որ ինչի՞ց է սկսվել հակամարտությունը. էթնիկական բախումներից…, եւ Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը ոչ մի արդյունավետ միջոց չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հայերը զենք վերցրեցին եւ ինքնուրույն դա արեցին»,- հայտարարեց Պուտինը։
Ռուսաստանի Դաշնությունն արտաքին խաղացողներին կոչ է անում չխթանել ռազմական սցենարը Ղարաբաղում. այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պատասխանելով ռազմական նշանակության արտադրանքի վրա Թուրքիայի նկատմամբ էմբարգոյի հավանականության մասին հարցին` Զախարովան մի հատված է մեջբերել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հարցազրույցից. «Մենք բոլոր արտաքին խաղացողներին կոչ ենք անում ամեն ինչ անել ռազմական սցենարի հետագա խթանումը կանխելու համար, աշխատել կողմերի հույզերը սառեցնելու, խաղաղության գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու ուղղությամբ…Ուստի ես կկենտրոնանայի սրա վրա: Մենք գործադրում ենք բոլոր ջանքերն` իրավիճակը քաղաքական-դիվանագիտական խաղաղ դաշտ բերելու համար»,- ասել է Զախարովան:
Ն.Հ.
ՀԵՆՑ ՀԻՄԱ
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն համոզված է՝ եթե Ադրբեջանը դադարի հարձակումն Արցախի վրա, հակամարտությունն անմիջապես կվերջանա: «Արցախի հանդեպ ագրեսիան պետք է հենց հիմա դադարեցվի»,- ավելացրել է նա: Ալմագրոն վերահրապարկել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրառումն այն մասին, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի մոր եւ մանկան առողջության կենտրոնը:
ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ
Ղարաբաղյան պատերազմն ավելի բյուրեղացրել է Թուրքիայի ապակառուցողական, ահաբեկչական մտածողության դրսեւորումները եւ ի ցույց դրեց աշխարհին. այս մասին նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Նախ ուզում եմ նշել, որ տարբեր կոնֆլիկտներում Թուրքիայի ներգրավվելու ոճը, ըստ էության, նույնական է, այսինքն՝ իրականացնել ռազմական ագրեսիա, ներխուժել կոնֆլիկտների լուծման տիրույթ, եթե ոչ դիվանագիտական ճանապարհով, ապա ռազմական, եւ դրանից հետո փորձել տեղ գրավել բանակցությունների սեղանի շուրջ: Մենք հիմա ականատես ենք լինում թուրքական այդ ոճի հերթական դրսեւորմանը»,-ասել է նա: Դրա նախադեպերը կան: Սիրիական կոնֆլիկտում Թուրքիան ներգրավվեց ու ագրեսիա իրականացրեց այդ պետության դեմ: Լիբիական կոնֆլիկտում նույնպես ներգրավվում է իր ռազմական ներկայությամբ, ղարաբաղյան կոնֆլիկտում Թուրքիայի այդ քաղաքական ոճը նույնպես դրսեւորվեց եւ Ադրբեջանի միջոցով ուղղակի ագրեսիա իրականացնելով Հայաստանի նկատմամբ՝ այսօր փորձում է տեղ գրավել բանակցությունների սեղանի շուրջ:
ԿՈՉ Է ԱՐԵԼ
Հայաստանի Հանրապետության ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարբեր երկրներում ապրող հայերին կոչ է անում շատ զգույշ լինել եւ չտրվել թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին: «Ուզում եմ կոչով դիմել տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին՝ լինել հնարավորինս զգույշ, չտրվել թուրք-ադրբեջանական որեւէ սադրանքի»,-ասել է Մարուքյանն ու հիշեցրել հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպը, երբ դանակով ու մուրճով զինված թուրքերը հարձակվել էին խաղաղ հայ ցուցարարների վրա: Գիշերը Ֆրանսիայում թուրքերի ամբոխը դուրս է եկել փողոցներ՝ փնտրելով հայերին, սպառնալիքներ հնչեցնելով: «Ընդհանրապես չի կարելի կոնֆլիկտը ճակատամարտից տեղափոխել այլ վայրեր: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին շատ զգույշ լինել եւ ձեռնպահ մնալ որեւէ գործողությունից, որը կարող է հանգեցնել բախման: Պատերազմի մեջ ենք, պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս մենք չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը»,- ասել է ԼՀԿ ղեկավարը:
ԵՄ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԵՄ-ն անընդունելի է համարում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնություններից հետո Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակումը, ինչպես նաեւ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին հաղորդումները։ «ԵՄ-ն հակամարտող կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորության մասին՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։ Եվրոպական Միությունը կողմերին կոչ է անում անհապաղ սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առարկայական բանակցությունները, ինչպես վերջին անգամ համաձայնեցվել է Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ։
ՆՊԱՏԱԿԸ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում: «Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»,-գրել է Փաշինյանը: Վարչապետը հեշթագով կոչ է արել ճանաչել Արցախը:
ԽՈՍԵԼ Է
«Խոսեցի Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի տեղի ունեցած քայլերթի ժամանակ թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ»,-ասել է Ազգային Ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը. «Գեւորգը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Շուտափույթ ապաքինում մաղթեցի Գեւորգին ու շնորհակալություն հայտնեցի, որ մեր հայրենակիցները շարունակում են համայն աշխարհին ահազանգել Արցախի եւ Հայաստանի դեմ դուրս եկած ադրբեջանաթուրքական ահաբեկչական դաշինքի մասին: Երեկ առավոտյան Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված մի մոլեռանդ հարձակվել է եկեղեցում գտնվող մարդկանց վրա: Եվ դա տեղի է ունենում Փարիզում ուսուցչի գլխատումից 13 օր անց: Ցավում եմ, որ Ֆրանսիայի մեր բարեկամ ժողովրդին նորից ցավ են պատճառում»:
ԱԶԱՏԵԼ Է
Մհեր Գրիգորյանը Հովհաննես Ազիզյանին իր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով եւ 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Հովհաննես Ազիզյանին 2020 թվականի նոյեմբերի 2-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: