ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌԵԼ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս միջազգային հանրությանը ներկայացրել է Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերի իրական նպատակը. այն Արցախում հայերի էթնիկ զտումն է: Նա նաեւ կոչ է արել ճանաչել Արցախը:

«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»,- գրել է վարչապետը:

Ռուս ռազմական փորձագետ Կոսնտանտին Սիվկովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե, ամեն դեպքում, առաջիկայում ռազմական գործողությունները կանգ կառնեն կամ կթուլանան, դրա փոխարեն երկու կողմերը կնստեն բանակցությունների սեղանին: Ռազմական փորձագետը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար դժվարություն է ներկայացնում վերջինիս չճանաչված լինելը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հենց Հայաստանի կողմից նրա ճանաչումը կենթադրի Հայաստանի անմիջական ներգրավում պատերազմին, որի հետեւանքով էլ կարող է սկսվել անգամ ռուս-թուրքական պատերազմ:

-Պարո՛ն Սիվկով, այժմ ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունները սահմանին:

-Այն տեղեկությունները, որոնք գալիս են ադրբեջանական կողմից, թույլ են տալիս հետեւություններ անել եւ գալ այն եզրակացության, որ սահմանին արդեն հավասարակշռման փուլ է գալիս: Ադրբեջանական կողմի հարձակումների պարագայում դրանք արդեն մեծ զոհերի գնով են լինում, եւ նրանք կարողանում են հաջողության հասնել միայն հեռահար ազդեցության սպառազինությունների միջոցով, ինչպիսին, օրինակ, «Սմերչ»-ն է: Այժմ ռազմական գործողությունները ընթանում են լեռնային տարածքներում, որտեղ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը բարդ է, եւ պետք է գործել փոքր խմբերով, եւ այդ պայմաններում առավել բարենպաստ դիրքերում են գտնվում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Այժմ մի փոքր հանգիստ իրավիճակ կստեղծվի, հրթիռային հարվածներ կլինեն, որից հետո երկու երկրների ղեկավարները պետք է արդեն նստեն բանակցությունների սեղանին:

-Շատ է նշվում, որ պետք է ոչ թռիչքային գոտի հայտարարել Լեռնային Ղարաբաղը: Այդ մասին ի՞նչ կարող եք ասել:

-Հայաստանը դա հեշտությամբ կարող է անել: Նրանք ունեն համակարգեր, որոնց միջոցով կարող են Լեռնային Ղարաբաղը ոչ թռիչքային գոտի սահմանել:  Բայց հարցն այն է, որ Ադրբեջանն ավիացիա չի օգտագործում, եւ անգամ օգտագործելու դեպքում էլ դրանց ազդեցությունը մեծ չէ: Ադրբեջանը օգտագործում է միայն ԱԹՍ, իսկ այդ դեպքում ոչ թռիչքային գոտին չի օգնի, եւ պետք են այնպիսի սարքեր, որոնք կարող են պայքարել ԱԹՍ-ի դեմ կամ էլ ՀՕՊ-ի հատուկ սարքավորումներ օգտագործել: Ինչ վերաբերում է երեկ նաեւ ռուս լրագրողների հրապարակումներին, ապա օգտագործված է եղել «Սմերչ», որի մասին հայտարարեց նաեւ հայկական կողմը: Ինքնաթիռներ ոչ ոք այնտեղ չէր տեսել, հետեւաբար ավիացիա չի օգտագործվել:

-Դուք կարծում եք՝  ռազմական գործողությունների ուժգնությունն անցնում է, եւ արդեն բանակցություններ կմեկնարկե՞ն:

-Ամենայն հավանականությամբ, այո՛, բանակցությունները շուտով կմեկնարկեն: Ադրբեջանը սպառել է հարձակման համար իր բոլոր հնարավորությունները, իսկ Հայաստանն էլ ռեսուրսներ չունի հակահարձակման համար: Այդ պատճառով պարզ է՝ հիմա պետք է լինեն միայն հրթիռային հարձակումներ, ոչ ավելին, եւ այդ ֆոնին գործողությունները մի փոքր կշարունակվեն, սակայն իրավիճակը կստիպի Ալիեւին հրաժարվել հետագա ռազմական գործողություններից եւ  այդպիսով դադարեցնել պատերազմը: Հիմա միայն հարավային ուղղությամբ են ռազմական գործողություններ ընթանում, սակայն, կարծում եմ, առաջիկայում դա էլ չենք տեսնի: Գաղտնիք չէ, որ Թուրքիան է այս պատերազմի հիմնական հրահրողը: Չլիներ Թուրքիան, Ադրբեջանը  չէր դիմի ռազմական գործողությունների, դա պարզ է, եւ հիմա հենց Թուրքիան է այն ուժը, որ Ադրբեջանին ստիպում է դիմել ռազմական գործողությունների: Իսկ պատճառն էլ պարզ է.  Թուրքիան ցանկանում է ընդլայնել իր տիրապետության սահմանները Կովկասում եւ դրա համար օգտագործում է Ադրբեջանին: Ռուսաստանը կարող է միայն օգնել Հայաստանին, որն էլ անում է, եւ հաշվի առեք, որ Ղարաբաղն անգամ ճանաչված չէ Հայաստանի կողմից:

-Իսկ ի՞նչ կտա հիմա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը:

-Դա արդեն Հայաստանի որոշելիքն է, սակայն մի քանի նյուանսներ կան: Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային ղարաբաղը, ապա Ադրբեջանն արդեն կարող է հարձակում գործել Հայաստանի վրա, իսկ այդ ժամանակ արդեն գործի կդրվի ՀԱՊԿ պայմանագրի չորրորդ կետը, եւ, ամենայն հավանականությամբ, պատերազմ կսկսվի արդեն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, որն էլ կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

29 ՄԱՐՄԻՆՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ

Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները. այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ: «Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախաադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաեւ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման եւ հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը»,- գրել է Ստեփանյանը:

 

 

ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով Հայաստանում եւ Արցախում ռազմական դրության, ինչպես նաեւ Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի եւ առողջության համար, եւ նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ»։

 

 

ԱԶՈԼՈՆ ՃԱՆԱՉԵԼ Է

Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. այս մասին ասել է Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը: Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն: Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է նաեւ Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

Հաշվարկի կազմով մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Սմբատի Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն», իսկ լեյտենանտ Մարտին Սերժիկի Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Արթուրի Գրիգորյանը՝ «Արիության համար» մեդալների:

Պահեստազորային Դավիթ Մարտիկի Հարությունյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալով կպարգեւատրվի թշնամական 1 ԱԹՍ խոցելու համար:

Մարտական գործողությունների շրջանից վիրավոր զինծառայողներին տարհանելու գործում աչքի ընկած կամավորականներ բուժակ Սամվել Ռոբերտի Սարգսյանն ու վարորդ Վաղինակ Վարդանի Հարությունյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:

Բուժծառայության աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգեւատրվեն շարքային-պայմանագրայիններ Գարուն Վրեժի Բաբայանը, Արա Սեյրանի Շաքարյանը, Արարատ Յուրիի Սաղյանը եւ սերժանտ-պայմանագրային Նվեր Միքայելի Քամալյանը:

Զինկոմիսարիատի աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու համար փոխգնդապետ Անդրեյ Վալերիի Ներսեսյանը կպարգեւատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Վարորդ, շարքային-պայմանագրային Դավիթ Արկադիի Մկրտչյանն էլ «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա հմուտ եւ համարձակ գործողություններով մարտական խնդիրների հաջող կատարմանը նպաստելու համար:

Եվ մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ եւ պլանաչափ աշխատանքը կազմակերպելու եւ թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով կպարգեւատրվի գնդապետ Արայիկ Հրաչիկի Հարությունյանը: Փա՛ռք մեր հերոսներին, որոնք ամեն ժամ կերտում են մեր նորօրյա հերոսամարտի փառավոր էջերը:

 

 

217 ՎԱՐՁԿԱՆ

Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» տվյալներով` Լեռնային Ղարաբաղում զոհված եւս 25 սիրիացի զինյալների մարմինները նախօրեին վերադարձվել են հայրենիք հուղարկավորության նպատակով։ Դրանք Սիրիա են հասցվել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Հուր-Քիլիս անցակետով։ Կենտրոնի փորձագետների տվյալներով` վերջին մի քանի ժամերին հաստատվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին մասնակցող եւս 29 վարձկանների մահվան մասին տեղեկությունները։ «Այսպիսով, սեպտեմբերի վերջից Ղարաբաղում զոհված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը հասել է 217-ի»,- հաղորդում է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը։

 

 




Լրահոս