«Ադրբեջանի` մարդկության դեմ ոճիրների եւ էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման եւ շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը»,- հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը հիշեցրել է, որ վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաեւ ռազմական օդուժի ռմբակոծումներին։
Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին եւ Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը եւ Մարտակերտը, որի հետեւանքով խաղաղ բնակչությանը հասցվում է հսկայական վնաս, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Համավարակի պայմաններում հարվածներ են հասցվում հիվանդանոցներին եւ առողջապահական այլ ենթակառուցվածքներին։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ եւ հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ»,-նշել է ՀՀ ԱԳՆ-ն:
Չնայած միջազգային համայնքի կոչերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը եւ հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։ «Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը եւ խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։
Ադրբեջանի՝ մարդկության դեմ ոճիրների եւ էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման եւ շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացնելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով»,-եզրափակել է ՀՀ ԱԳՆ-ն:
Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին կրկին թիրախավորել էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին՝ հարվածներ հասցնելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով: Ադրբեջանի զինուժն ավիացիայի միջոցով թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը, հասցվել են ավերածություններ։ Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կան մեկ զոհ եւ երկու վիրավոր։
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի եւ Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ եւ ավերածություններ: Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի առավոտից վերսկսել է խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը: Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի եւ Մարտակերտ քաղաքները:
Ն. Հ.
ԲԱՐԴ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արագչին, որը երեկ առավոտյան Իրանի նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակով մեկնել է Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու եւ ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար, ասել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է մարդասիրական սկզբունքների եւ կողմերի պահանջների վրա: «ԵԱՀԿ անդամ երկրների խումբը չի կարողացել կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճը վերջին 30 տարվա ընթացքում, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է վերջ դնել Բաքվի եւ Երեւանի միջեւ վեճին տարածաշրջանային համագործակցության միջոցով, ինչը բարդ առաջադրանք է համարվում»,-ասել է նա:
Արագչին հայտարարել է. «Այդ խմբի որոշ երկրներ ընդհանրապես ներառված չեն տարածաշրջանի կազմում եւ որեւէ կապ չունեն այդ ճգնաժամի հետ, իսկ այդ խմբի անարդյունավետությունն ապացուցվել է գործնականում: ԵԱՀԿ ՄԽ կազմում ներառված ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հեռու են տարածաշրջանից ոչ միայն քաղաքական, այլ նաեւ էմոցիոնալ եւ բարոյական տեսակետից կապված չեն տարածաշրջանի հետ եւ չեն ձգտում ԼՂ-ում խաղաղության հաստատմանը»:
«Մենք առաջարկել ենք առանցքային դեր ունեցող երկրների տարածաշրջանային մոտեցումը, եւ դրա համար Ռուսաստանը տարածաշրջանում կարեւոր երկրներից մեկն է»,-նշել է նա: «Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա՝ ներառյալ հրադադարի ռեժիմի հաստատում, բնակավայրերի եւ քաղաքացիական շրջանների վրա հրաձակումների դադարեցում եւ տեղահանված անձանց վերադարձ իրենց տներ»,-եզրափակել է նա:
Իրանի ԱԳ փոխնախարարը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Իրանի նախաձեռնությունն առաջ տանելու համար այցելում է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Թուրքիա:
ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը գրել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Այդ մասին են ազդարարում վերջին իրադարձությունները։ Տուժում է ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը: Քաղաքացիական անձինք մահանում են տագնապալի ցուցանիշներով: Մարդիկ կյանքի ուղին փոխող վնասվածքներ են ստանում։ Մենք կողմերի հետ կապի մեջ ենք՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների մասին: Սարսափելի տեսարանները, որ տեսնում ենք, չեն կարող շարունակվել: Խստորեն դատապարտում ենք բռնությունների վերջին ալիքը»:
ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-31-ը եւ նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վ. Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երեւանում հոկտեմբերի 30-31-ը եւ նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԴԱՏՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՀՈԴՎԱԾՈՎ
2019թ. հուլիսի 17-ին Իջեւան քաղաքում մի քանի մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումներ են սկսվել, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը: Այդ բախումներից հետո Իջեւանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 13 անձ, հաջորդ օրը ձերբակալվել էր 13 անձ:
Նրանք ձերբակալվել են մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի («Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ եւ զուգորդվել է՝ իշխանության ներկայացուցչին անձին դիմադրություն ցույց տալով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով»), 316-րդ հոդվածի 2-րդ մասի («Իշխանության ներկայացուցչին օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով») հատկանիշներով:
2020թ. հոկտեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, կայացել է 20 անձանց դատավարության առաջին նիստը։ Անդրանիկ եւ Թաթուլ Դոլյաններին, Անդրանիկ եւ Էրիկ Սահակյանններին, Անտոն Օթարյանին, Գարսիկ, Վարհրամ եւ Սասուն Սիմոնյաններին, Էդիկ եւ Ջիվան Ափինյաններին, Մհեր Բաղրամյանին, Մովսես Քարտաշյանին, Նարեկ, Մհեր եւ Արթուր Մարգարյաններին, Վահագն ու Վահե Ղուկասյաններին, Տիգրան Սարդարյանին, Ռուբիկ Էդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, վերջիններիս կողմից իրենց պարտականությունները կատարելու հետ կապված, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել։
Ամբաստանյալների մի մասը նույն ընտանիքի անդամներ են՝ հայր եւ որդի կամ եղբայրներ։ Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ