Լուսանկարն արվել է Արցախում
Երեկ ԱԹՍ-ի արկը Արցախում ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց, բարեբախտաբար, չի պայթել։ «Տերը թող հաստատուն ու անսասան պահի Հայոց բանակի յուրաքանչյուր ծառայողի»,-նշել է սարկավագը։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե քանի օրինակից է կնքվում ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող պայմանագիրը:
Հեղինե Մելքոնյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մելքոնյանի հարցղին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագիրը ստորագրվում եւ ընդունվում է պետական գրանցման մեկ օրինակից, որը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը եւ պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում: Պայմանագրի կողմի դիմումի հիման վրա՝ նրան տրամադրվում է պետական գրանցման ընդունված պայմանագրի պատճենը՝ հաստատված Կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակի կնիքով: Նման կարգով տրամադրված պատճենը եւ անշարժ գույքի ռեգիստրում պահպանվող պայմանագրի բնօրինակն ունեն հավասար իրավաբանական ուժ:
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում անշարժ գույքի գործարքները կարող են կնքվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի հիման վրա: Եթե կողմերին անհրաժեշտ է ներառել լրացուցիչ պայմաններ, որոնք նախատեսված չեն օրինակելի պայմանագրերում, ապա նման դեպքում գործարքը կպահանջի նոտարական վավերացում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որտեղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար: Եվ ուզում եմ իմանալ, թե ով իրավունք ունի ստանալու ընտանեկան նպաստ:
Անետա Գրիգորյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
Հայտնում ենք նաեւ, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից: