ԿԲՈՒԺՎԵՆ ՄԻԱՅՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Այսպիսով, մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ը` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ:  Օրեր առաջ էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստովանել էր, որ մինչեւ այժմ մահճակալների ավելացման աշխատանքներ են կատարում՝ ասելով, թե այս պահին առկա է 2315 սովորական մահճակալ եւ 281 վերակենդանացման մահճակալ, այսինքն՝ դա մոտավորապես 2600 մահճակալ է, եւ դրանք կավելանան առավելագույնը եւս 200-ով: Եվ, ահա, ստացվում է՝ ընդհանուր թիվը կանգ է առնելու 2800-ի վրա այն դեպքում, երբ վերջին օրերին ամեն օր կորոնավիրուսի նոր 2000-ից ավել դեպք է արձանագրվում. իսկ ի՞նչ պետք է անեն այդ հիվանդները: Պարզվում է՝ կորոնավիրուսով վարակվածները կարող են բժշկական կենտրոններում բուժումներ ստանալ միայն բացառիկ դեպքերում, իսկ դա էլ իր հերթին ենթադրում է Առողջապահության նախարարության հրամանի առկայությունը: Այսինքն՝ միայն նախարության հրամանով եւ հատուկ դեպքերում կորոնավիրուսով վարակակիրները կարող են իրենց բուժումը ստանալ բժշկական կենտրոններում, հակառակ դեպքում, իրենց գլխի ճարը պետք է տեսնեն անձամբ՝ տանը բուժում ստանալով: Եվ սա ամենեւին էլ չի նշանակում, թե բժշկական կենտրոններում իրապես բուժում կստանան այն մարդիկ, որոնք գտնվում են ծանր վիճակում կամ ունեն դրա կարիքը: Հնարավոր է՝ գործի նախարարությունում, այսպես ասած, ծանոթ գտնելու տարբերակը: Ահա թե ինչպես են Հայաստանի առողջապահության նախարարությունում պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին:

 

 

 

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մարզերում փոխմարզպետեր էր նշանակել: Խոսքը 8 փոխմարզպետի մասին է, եւ բոլոր նշանակումներն արվել են ռազմական նկատառումներից ելնելով: Օրինակ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել  «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որն այս պատերազմի առաջին իսկ օրվանից իր ջոկատով առաջնագծում է: Այսպիսով, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ռազմիկ Պետրոսյանի նշանակումն այս պաշտոնին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանը նշեց. «Խոսքն աշխարհազորի մասին է, որի մասին նախագիծն ընդունվեց օրերս։ Սա վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, եւ յուրաքանչյուրս պետք է մեր մարզում իր խնդիրը կատարի, որ ավելի կազմակերպված լինի: Շատ սպասված կառույց է աշխարհազորը»: Պետրոսյանի հետ զրուցել ենք նաեւ սահմանում տիրող իրավիճակի մասին: Վերջինս նշեց, որ շուտով կլսենք հաղթանակի մասին. «Մեր վիճակը պատերազմի առաջին իսկ օրվանից շատ լավ է, իհարկե, ունեցել ենք բացթողումներ, բայց հիմա բանակը վստահ տիրապետում է իրավիճակին: Հակառակորդի միջոցներն առաջին օրերին խոցել ենք, հիմա բանակն իրավիճակին տիրապետում է, կարճ ժամանակ հետո կլսեք մեր բանակի հաղթանակի մասին»:  Պետրոսյանը խոսեց նաեւ հակաօդային պաշտպանության մասին՝ ասելով, թե օր օրի այդ միջոցներն ավելանում են, եւ մինչեւ ամսի 5-ը կունենանք միջոցներ, որոնցով ամբողջությամբ կփակենք օդը:

 

 

 

Դեռեւս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։ Նախագծում ասվում էր. «Անհրաժեշտ է ուժեղ քաղաքական արժեք եւ մարդկային բովանդակություն ունեցող գործողություն. այսկերպ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական եւ ներկա ճշմարտությունը, այլ նաեւ կօգնենք դադարեցնել ընթացող լուրջ ռազմական հարձակումները, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի եւ մեծ թվով վիրավորների խաղաղ բնակչության շրջանում եւ ենթակառուցվածքների ոչնչացման»։ Սակայն Մագիլանոն երեկ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մինչեւ այժմ քաղաքային խորհրդում քննարկում չի եղել, ավելին՝ նրա խոսքով՝ կարծես թե խորհուրդը ցանկանում է հետաձգել քննարկումը. «Թուրինի քաղաքային խորհուրդը գործում է, որպեսզի հետաձգի իմ առաջարկի քննարկումը: Այն կքննարկվի եւ կքվեարկվի առաջիկա օրերին», -նշեց նա:

 

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 4-ի նիստում որոշում է կայացնելու համաձայնություն տալ «Յուքոմ» ըներության՝ «Ֆորաբանկ» բանկին պատկանող 2 մլն 510 հազար 696 հատ բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելուն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը այս պահանջով հանձնաժողովին դիմել է դեռեւս հունիսի 15-ին: Ընկերությունը խնդրել է հաշվի առնել  իրենց ֆինանսական ծանր վիճակը եւ սնանկ ճանաչվելու հավանականությունը։ «Ֆորա բանկ»-ը, ելնելով իր գործունեության բնույթով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության կարգավորումներից, հետագա խնդիրներից խուսափելու նպատակով որոշում է կայացրել տեղափոխել բաժնետոմսերը «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ հանդիսացող մեկ այլ՝ «Ձորագետ Հիդրո» ընկերության հաշվեկշռին: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված ընկերությունը  գործում է Հայաստանի օրենսդրության  ներքո:

 

 




Լրահոս