«ԵվրԱսԷՍ»-ի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինն երեկ ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին, որպեսզի հասկանա, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը, եւ ինչպիսի դիրքորոշում ունի Թուրքիայի հանդեպ: Միեւնույն ժամանակ քաղաքագետն այս պահին Ղարաբաղյան հակամարտության հարցում քաղաքական լուծման տարբերակ չի տեսնում:
-Պարո՛ն Լեպեխին, ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղյան հարցի կարգավորումը: Արդյոք այժմ դիվանագիտաան լուծման տարբերակ առկա՞ է:
-Ներկա պահին դիվանագիտական լուծում առկա չէ, քանի որ մինչեւ Ադրբեջանը դեռ հնարավորություն ունի հարձակման, նա ոչ մի հրադադարի չի գնա: Նա պայմաններ է թելադրում, որոնք էլ ընդունելի չեն Հայաստանի համար, եւ դրա համար էլ նա կգնա հրադադարի այն դեպքում, եթե Հայաստանը նրան կանգնեցնի եւ անցնի հակահարձակման: Այդ պատճառով այս պահին առկա է միայն հարցի ռազմական լուծում: Միեւնույն ժամանակ այս պահին դժվարություն է առկա Ադրբեջանի կողմից հետագա հարձակումների համար, եւ այդ պատճառով էլ նրանք այժմ բավարարվում են միայն քաղաքները հրետակոծելով: Ես չեմ բացառում, որ նաեւ Ռուսաստանի Դաշնությունը կամաց-կամաց կսկսի ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
-Իսկ ինչի՞ն է սպասում ՌԴ-ն:
-Ինձ թվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթը վերջին զգուշացումն էր Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Այն, որ նա խոսեց տարածքների մասին, որոնք պետք է անցնեն Ադրբեջանի ենթակայության տակ, դա ոչ մի բան չի կարող նշանակել: Հիմա այն փուլն է, որ Ռուսաստանի Դաշնությունը սպասում է նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին: Բոլորն էլ ասել են, որ կարող է հաղթել կա՛մ Թրամփը, կա՛մ Բայդենը, եւ նրանք լրիվ առանձին մարդիկ են: Այլ կերպ ասած, եթե հաղթում է Թրամփը, դա այլ իրավիճակ է եւ ավելի բացասական կանդրադառնա Թուրքիայի վրա, եւ նրա հաղթանակից հետո շատ հավանական է, որ Թուրքիան իր ակտիվությունը նվազեցնի, իսկ եթե Բայդենը հաղթի, ապա Թուրքիան, հակառակը, կակտիվանա: Եվ ես կարծում եմ, որ հիմա Պուտինը սպասում է՝ միեւնույն ժամանակ անելով ամեն ինչ, որ, ամեն դեպքում, կողմերին եւ ավելի շատ Ադրբեջանին համոզի կանգնել, սակայն ավելի շատ սպասում է ընտրություններին:
-ԼՂՀ իշխանությունները պաշտոնապես դիմեցին ՌԴ-ին, սակայն արձագանք չեղավ, ինչո՞ւ:
-Հրապարակային պատասխան չի լինի: Մենք պարզ հասկանում ենք, որ այս պատերազմը նաեւ սկսված է ՌԴ-ի դեմ: Ես ասել եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը գործիքներ են, վերջինս զոհ է, իսկ Ադրբեջանը՝ գործիք՝ ավելի հզոր ուժերի ձեռքում: Այս գործողությունները ծրագրված են բրիտանական հատուկ ծառայությունների կողմից՝ իսրայելական ուժերի ներգրավմամբ, եւ դրանք ուղղված են ՌԴ-ի, ավելի շատ՝ հետսովետական տարածքի դեմ: Դա ՌԴ-ում շատ լավ հասկանում են, այդ պատճառով ՌԴ-ն շատ հստակ հայտարարություններ է անում, որոնք նաեւ չեն նշանակում, թե կուլիսների հետեւում գործընթացներ տեղի չեն ունենում: Իրականում, իմ տվյալներով, ռուս զինվորականներն օգնում են Ղարաբաղի ուժերին, համենայնդեպս՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցում: Միգուցե այլ ձեւով օգնություն եւս կա, եւ այդ ցանկը կընդլայնվի՝ առանց հայտարարությունների:
-Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ոչ մեկ անգամ խոսել են ահաբեկչության դեմ պայքարի մասին, ինչո՞ւ ՌԴ-ն չմիացավ դրան:
-Դրա համար պետք է Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշումը: Մի կողմից՝ ասվում է, թե դա անհրաժեշտ է, մյուս կողմից էլ՝ ասվում է, թե տեխնիկական հարցերի շուրջ համաձայնությունների հասնել չեն կարողանում: Ղարաբաղյան բանակի դիրքորոշումն այս պահին հստակ է. նրանք ցանկանում են պաշտպանել իրենց տարածքները: Իսկ Հայաստանի իշխանությունների ռազմավարությունը, ծրագիրը հստակ չէ: Կարծես զինվորականների մի մասը ցանկանում է ՌԴ-ի հետ միասնական ուժեր ստեղծել, իսկ մյուս կողմն էլ կարծում է, որ պետք է այլ ուժեր ներգրավվեն, եւ այդ առումով անհասկանալի իրավիճակ է:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ
Միացյալ Նահանգներն ակտիվացնում է ջանքերը ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Երեկ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը կրկին զանգահարել է Հայաստանի վարչապետին եւ հավաստիացրել, որ ամերիկյան կողմը շարունակելու է միջնորդական գործունեությունը՝ հրադադար հաստատելու ուղղությամբ։ Ինքը՝ Օ՛Բրայենը, հեռախոսազրույցից հետո Թվիթերում գրել է. «Վարչապետ Փաշինյանի հետ զրույցում ես վերստին ընդգծեցի, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետեւեն հրադադարի իրենց հանձնառությանը»։
«Երկու երկրների ժողովուրդներն էլ շատ են տանջվել»,- փաստել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդն է կրում կորուստների հիմնական ծանրությունը, քանի որ ենթարկվում է ռազմական հարձակման։ Եվս մեկ անգամ ընդգծելով, որ այս հակամարտությունը պատերազմով չի կարող լուծվել՝ Թրամփի խորհրդականը նաեւ հայտարարել է. «Մենք հորդորում ենք արտաքին ուժերին զերծ մնալ միջամտությունից եւ միանալ գործընթացը բանակցային հուն վերադարձնելու՝ Միացյալ Նահանգների ջանքերին»։
Հայաստանի վարչապետը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ամերիկյան կողմի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը եւ անտեսելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում:
Սա Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Օ՛Բրայենի երկրորդ հեռախոսազրույցն էր Ղարաբաղում ավելի քան մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում։ Առաջինը տեղի էր ունեցել ռազմական գործողությունների մեկնարկից մոտ հինգ օր անց, երբ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն էին տարածել եւ հորդորել կողմերին դադարեցնել ռազմական գործողություններն ու բովանդակալից բանակցություններ սկսել խնդրի խաղաղ կարգավորման համար։ Հայաստանի վարչապետը, սակայն, դեռ այն ժամանակ խոսել էր Թուրքիայի կողմից հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին եւ ընդգծել՝ առանց այդ ահաբեկիչներին տարածաշրջանից դուրս բերելու, անհնար է լինելու հրադադար հաստատել: Փաստացի, նախագահներ Պուտինի, Թրամփի եւ Մակրոնի կոչից եւ անգամ երեք երկրների անմիջական մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո՝ մինչ օրս, միջազգային համայնքին չի հաջողվում հակամարտության գոտում գոնե մարդասիրական հրադադար հաստատել՝ զոհվածների աճյունները դուրս բերելու եւ ռազմագերիներին փոխանակելու համար։
Երեկվա զրույցում, ըստ հայկական կողմի, վարչապետ Փաշինյանը վերստին խոսել է Թուրքիայի ապակառուցողական դերակատարության մասին եւ ընդգծել՝ հրադադարի պահպանման համար անհրաժեշտ է մատնանշել, թե որ կողմն է խախտել այն, եւ ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ:
ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական շրջանների հրետակոծումը. այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշը: «Միացյալ Թագավորությունը ողջունում է մարդասիրական նկատառումներով հրադադարի ռեժիմի սահմանումը, եւ մենք կրկին խորին մտահոգություն ենք հայտնում այն կապակցությամբ, որ այն չի պահպանվում: Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական շրջանների շարունակվող հրետակոծությունը: Ցավակցություն ենք հայտնում նրանց, որոնք կորցրել են իրենց մտերիմներին: Կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմն ու, որքան հնարավոր է, շուտ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Վճռականորեն կոչ ենք անում կողմերին ԿԽՄԿ-ին անհապաղ հասանելիություն տրամադրել, քանի որ ԿԽՄԿ-ն ձգտում է թեթեւացնել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների վերադարձը: Միջազգային հանրությունը նախկինի պես հստակ հասկացրել է, որ ԼՂ-ում իրավիճակի ռազմական լուծում չի կարող լինել: Կողմերին կոչ ենք անում առարկային բանակցություններ սկսել Մինսկի խմբի հովանու ներքո:
Մինսկի խումբը հիմնական ձեւաչափն է, որի շրջանակում պետք է կարգավորվի հակամարտությունը: Եվս մեկ անգամ հաստատում ենք Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Մինսկի խմբի համանախագահներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով՝ եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Թուրքիայի մասնակցությամբ. այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար, Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արագչին: «Իրանի ծրագրի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն ունի տարածաշրջանային մոտեցում, եւ մենք կարող են պայքարել այդ ճգնաժամի դեմ՝ կիրառելով տարածաշրջանային մոտեցումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությամբ: Բնականաբար, Ռուսաստանը նման երկրներից կարեւորագույնների թվում է, ինչպես եւ Թուրքիան»,-ասել է Արագչին: