ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՎԱՎԵՐԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հայաստանի Հանրապտության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ- համաձայնագիրը:

 

«Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի իրականացման նպատակով կնքվել են KfW բանկի հետ 2014թ. դեկտեմբերի 9-ին 75 մլն եւ 10,2 մլն եվրոյի եւ 2015թ. դեկտեմբերի 11-ին՝ 83 մլն եվրոյի վարկային, 2016թ. մայիսի 30-ին՝ 10 մլն եվրոյի դրամաշնորհային (Եվրամիության Հանձնաժողովի Հարեւանության Ներդրումային Գործիքի (NIF) շրջանակներում), եւ Եվրոպական Ներդրումային բանկի հետ 2015թ. մարտի 16-ին՝ 10 մլն եվրոյի վարկային համաձայնագրեր:

Ծրագրի նպատակն է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը՝ 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ ՕԳ-ի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ ՕԳ-ի միջոցով: Արդյունքում, Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում կհասցվի 350 ՄՎտ-ի, երկրորդ փուլում` 700 ՄՎտ-ի, եւ վերջնական փուլում` 1050 ՄՎտ-ի:

2017թ. որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ծրագիրը եւ ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել ծրագրի տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները:

ՀՀ վարչապետի մոտ 2019թ. հոկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության արդյունքներով՝ որոշվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը շարունակել հայտարարված մրցույթների չեղարկման եւ առանձնացված 3 լոտերով նոր մրցույթների հայտարարման տարբերակով, որի համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել Գերմանիայի զարգացման վարկերի (KfW) բանկի հետ ստորագրված վարկային եւ ծրագրային համաձայնագրերը, մասնավորապես՝ 2015թ. դեկտեմբերի 11-ին KfW բանկի հետ ստորագրված 83 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային եւ ծրագրային համաձայնագիրը:

Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից: Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրով նախատեսվում է Վարկային համաձայնագրի 3.2-րդ հոդվածով սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի՝  մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Պայմանն այն է, որ ՀՀ-ն մասամբ կրելու է այդ երկարաձգման հետեւանքով ՎՎԲ-ի կրած վերաֆինանսավորման ծախսերը: Վերջնական երկարաձգման վճարի մի մասի մարման պարտականությունը կրելու է Փախառուն: Այդ մասը կազմում է 1,180,000.00 (մեկ միլիոն հարյուր ութսուն հազար) եվրո, եթե Փոխառուի եւ ՎՎԲ-ի միջեւ գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներպետական ընթացակարգերի ավարտից հետո՝ Վերականգնման վարկերի բանկին հայկական կողմից նամակ-համաձայնագրի ստորագրված բնօրինակը փոխանցելուց հետո:

  Ն. Հ.

 

 

 

ԳԵՐԵՎԱՐՎԱԾԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է. «Տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ: Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը: Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին»:

 

 

ՆՈՐ ՓՈԽՄԱՐԶՊԵՏՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետեր են նշանակվել. Նորիկ Ամիրխանյանը նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ, Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ, Հենրիկ Մուրադյանը  նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Արթուր Հովակիմյանը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ, Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, Ալեքսան Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ, Արայիկ Մուրադյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

 

 

ԱՀԱԲԵԿԻՉԸ ԳԵՐԵՎԱՐՎԵԼ Է

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որեւէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Հարցաքննության տեսանյութը հրապարակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից է եւ պատմում է, որ ամուսնացած է եւ ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը, սակայն, չի վճարվել: Վիրավորվելուց հետո նրան լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջեւից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ նրանց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

 

 

ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

Կրեմլում ընդգծում են, որ խաղաղապահները կարող են Ղարաբաղում տեղակայվել բացառապես հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ. այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտում տեղակայվում են բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»,-նշել է Պեսկովը:

 

 

ՆԻՍՏ՝ ՌԴ-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի  շուրջ իրավիճակը, Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչպես նաեւ այլ հարցեր. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Քննարկվել է իրավիճակը Անդրկովկասում՝ շեշտադրում կատարելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,-նշել է Պեսկովը:

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը եւ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան, եւ հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն, եւ ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ: Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ եւ կարեւորել հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավվածության բացառումը:

 

 

ՄՏՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերապաչանոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային մի շարք արդիական հարցերի շուրջ:

 

ԳՈՐԾՈՒՂԵԼ Է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Կոտոլյանին ու Գնել Հասրաթյանին գործուղել է Արցախ:

 

 




Լրահոս