ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲՆՈՒՅԹԸ ՓՈՓՈԽԱԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պաշտպանության բանակի ուժերը Քարին տակից արեւելք ընկած 1-2 գյուղերից մաքրել են ադրբեջանական դիվերսանտներին. այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Խոսելով դիվերսանտների խմբերով առաջանալու ադրբեջանական մարտավարության մասին՝ Հովհաննիսյանը նշել է. «Բաց ճակատում դժվար է առաջանալը, մի քանի օր մենք տեսանք, որ  ցանկացան Ֆիզուլիի ուղղությամբ դեպի Մարտունի ճեղքել, չկարողացան: Ուղիղ առճակատման չեն ցանկանում գնալ, դրա համար դիմում են դիվերսիոն գործողությունների՝ փորձելով շրջանցելով փոքր խմբերով առաջանալ: Դրանում կա ինչպես քաղաքական PR-ի, այնպես էլ ռազմական նշանակություն: Ռազմականը խուճապ տարածելու ու կապուղի կտրելու նպատակ ունի, իսկ քաղաքականը՝ Ալիեւը ձգտում է դրոշ դնել հերթական բնակավայրի վրա՝ PR-ի համար»: Ա. Հովհաննիսյանի պնդմամբ՝ Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են:

 

«Բայց ասել, թե թշնամին դա չի փորձի ուժի կուտակմամբ նորից կրկնել, սխալ կլինի»,- նշել է նա։ Անդրադառնալով հայկական ՀՕՊ համակարգերի բարելավմանը՝ Արծրուն Հովհաննիսյանը շեշտել է, որ վերջերս «Բայրաքթարների» խոցումներն ի ցույց են դնում հայկական ՀՕՊ համակարգերի բարելավումը. «Բացի այդ, մենք տիրապետում ենք մի այնպիսի ռեսուրսի, որը չի ենթարկվում ոչ մի մաթեմատիկական հաշվարկի? դա կամային ու նյարդային ռեսուրսն է։ Ադրբեջանի հրոսակախմբերն իրենց միջազգային ահաբեկիչներով հանդերձ պարազիտի նման մեծ հաջողությունների են սպասում ամեն տապալումից հետո»։

Ըստ նրա՝ հարավային ուղղությամբ՝ Արաքսի երկայնքով, նախորդ 20 օրերին բլից կրիգը չկարողացան իրականացնել, սկսեցին ճզմելու գործընթացը, այդ ճզմող զորախումբն էլ հիմա իր հերթին է մաշվել։

Նա նշեց, որ հակառակորդն ուներ միավորումներ, որոնք կոնկրետ խնդիր ունեին՝ ճեղքում իրականացնել. «Այդպիսի զորամիավորումները, որպես կանոն, 10-20 հազարանոց զորախումբ են, որն ունի հարյուրավոր միավոր զրահատեխնիկա, հրետանի, սեփական օդուժ, բազում քանակի ԱԹՍ-ներ։ Դրանք, որպես կանոն, լինում են կորպուս կամ կորպուսներ։ Նման զորախմբերը, բնականաբար, օրական կես կամ մեկ կիլոմետր առաջանալու համար չեն ստեղծվում։ Նման զորամիավորումները հաստ պատը ծակելու համար են, իսկ մեր զորքերը հաստ պատ են ձեւավորել իրենց պաշտպանական բնագծերով։ Նման զորախմբի խնդիրը այդ պատը ծակել եւ օպերացիայի երրորդ-չորրորդ օրը օրական մինչեւ 15-20 կմ խորանալն է։ Հարվածային բռունցք բառը բնորոշ է նման զորախմբերին։ Ադրբեջանն այս պատերազմում 2-3 նման հարվածային բռունցք ուներ։ Այո, այդ բռունցքները ջարդված են։ Դա բլից կրիգի տապալում էր, որովհետեւ այդ բռունցքները հենց բլից կրիգ իրականացնելու համար էին ձեւավորել»,- ասել է նա։

«Հիմա այդ ճզմող զորախումբն էլ իր հերթին է մաշվել, որովհետեւ դա էլ անսպառ չէ։ Անդադար մեր հրետանու կրակի տակ մաշվում են։ Դրանից հետո արդեն անցնում են մի մակարդակ ներքեւ գործողությունների. դա դիվերսիոն խմբերի գործողություններն են։ Այսինքն՝ սա կորուստների արդյունքում ու ստիպված գործողությունների արդյունք է»,- ասել է  Ա. Հովհաննիսյանը եւ հավելել, որ, ըստ այդմ, պատերազմի բնույթը փոփոխության է ենթարկվում։

Ն. Հ.

 

 

ԲԱՐԴ Է ԿՈՂՄԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԲԱԼԱՆՍԱՎՈՐԵԼԸ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի եւ Ադրբեջանի դիրքորոշումները բալանսավորելը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը բարդ է համարում՝ հաշվի առնելով այս հարցում Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները:

 

«Պուտինի դիրքորոշումը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հաշվի առնել երկու կողմերի տեսակետները, ինչը բավական բարդ է այն մաքսիմալիստական դիրքորոշումների պատճառով, որն Ադրբեջանը ներկայացնում է: Ադրբեջանը չի տեսնում Ղարաբաղի համար այլ կարգավիճակ, քան դրա լինելն իր կազմում, որը, բնականաբար, ստեղծում է համապատասխան դիմադրություն Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից, որն իր կարգավիճակը տեսնում է որպես դե-յուրե անկախ պետություն»,- ասել է Մարկարովը: Քաղաքագետը նշել է, որ հայկական կողմի եւ Ադրբեջանի մոտ տարբեր են նաեւ ԼՂ հարցում բալանսի ընկալումները:

«ՀՀ-ն ու միջազգային հանրությունը համաձայնում են այն դրույթի հետ, որ կարգավորման համար անհրաժեշտ է սկզբում դադարեցնել կրակը, որովհետեւ ռազմական գործողություններն իմաստազրկում են բանակցային գործընթացը, իսկ այն պահին, երբ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողություններն ընթանում են հօգուտ իրենց, նրանք դրան պատրաստ չեն լինում»,- նշել է Ալեքսանդր Մարկարովը:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի խոսքի այն հատվածին, որը վերաբերում էր Թուրքիայի կողմից կարգավորման տարբերակ առաջարկելուն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների եւ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների կողմից համատեղ առաջարկվող տարբերակները քննարկելուն՝ Մարկարովը նշել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում ունի բացահայտ կողմնակալ դիրքորոշում` հօգուտ Ադրբեջանի, իսկ կարգավորման առաջարկ ներկայացնող երկիրը պետք է լինի չեզոք:

«Խոսքն արդեն միայն ՄԽ համանախագահների շրջանակներում քննարկման մասին չէ, առաջին անգամ խոսք եղավ Մինսկի խմբի անդամների մասին: Արդյոք սա ինչ-որ իմաստով քայլ է, որը, ներառելով այլ երկրներին, որոնք հանդիսանում են ՄԽ անդամ, բանակցային գործընթացի մեջ, ձայնի իրավունք է տալիս Թուրքիային՝ դրա դիրքորոշումը եւս մեկ անգամ լսելու համար: Միջնորդը, որը պետք է մասնակցի քննարկմանն ու առաջարկ ներկայացնի, պետք է լինի չեզոք, ինչով Թուրքիան բացարձակապես աչքի չի ընկնում: Այստեղ խոսքը ՄԽ համանախագահության ձեւաչափի պահպանման մասին է»,- նշել է քաղաքագետը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին՝ Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 

 

ԱԱԾ-Ն ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախաադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների եւ բացառիկ սխրանքների մասին: Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, որը ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաեւ առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար: Ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսեւորել զգոնություն, աչալրջություն եւ զերծ մնալ առաջնագծին առնչվող տվյալներ տարածելուց:

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՎԵԼ Է

Օրերս Նոր Նորքի վարչական տարածքում ոստիկանները բնակարանային գողության դեպք են կանխել: Ինչ-որ մեկը հարմարեցված գործիքով բացել էր պատուհանը, ներս մտել, բայց գործը չսկսած` ոստիկանները բռնել են: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում հավաստի տվյալներ էին ստացվել, որ նախկինում գողության համար մի քանի անգամ դատապարտված, Նոր Արեշի 34-ամյա մի բնակիչ մտադիր է բնակարանային գողություն անել:

Ավելի ուշ նոր տեղեկություններ են ստացվել, որ կասկածվողը գաղտնի հափշտակությունը պատրաստվում է կատարել Գյուլիքեւխյան փողոցի մի բնակարանից: Քրեական հետախույզներն ու ոստիկանության պարեկապահակետային գնդի ծառայողները բռնել են հիշյալ բնակարանում եւ բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Բերման ենթարկված անձը նախկինում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ կատարելու համար երեք անգամ արդեն դատապարտվել էր: 34-ամյա տղամարդը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:

 




Լրահոս