Ղարաբաղյան հարցում հրադադարի երրորդ փորձի ձախողման գործընթացում Թուրքիայի գործոնն ամենահիմնականն է. այս մասին հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որեւէ որոշում կայացնելու հնարավորություն չունի. ասողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն է:
«Վերջին շրջանում Թուրքիայի քաղաքականությունն ինչպիսի՞ն է: Թուրքիան որոշել է ամեն տեղ բացել խնդիրներ՝ փորձելով պարտադրել այն, թե ինքը տարածաշրջանային ամենամեծ ուժն է: Սիրիա, Լիբիա, Կիպրոս, Հունաստանի հետ Արեւելյան Միջերկրականի հարցերն են բացվել, եւ հիմա Ադրբեջանի միջոցով փորձում է այս տարածաշրջանում իր քաղաքականությունն առաջ տանել»,- ասել է Գասպար Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս ապակառուցողական գործընթացները տեսնելով՝ առանձնապես լավատես չէ Ժնեւում սպասվող ՀՀ-ի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումների հարցում:
Այս ընթացքում լուրջ աշխատանք տարվեց քարոզչական դաշտում՝ առաջ մղելով այն թեզը, ըստ որի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ գործողություններում առկա է Թուրքիայի ցեղասպան ձեռագիրը: Գասպար Կարապետյանը նկատել է, որ թե՛ Հայաստանի դիվանագիտությունը, թե՛ Սփյուռքի կառույցները ակտիվ աշխատեցին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում, բացի հինգ հոգուց, դատապարտեցին Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները, վարձկանների ներկայությունը, ռազմական հանցագործությունները: Դրանից բացի, ոտքի կանգնեց Սփյուռքը, ամեն օր տասնյակ հազարավոր հայեր փակեցին փողոցներ, ճանապարհներ՝ պահանջելով տեղի կառավարություններից դադարեցնել զինամթերքի վաճառքը Թուրքիային:
«Քարոզչական հարթությունում բավական մեծ գործ արվեց, Հայ դատի հանձնախմբերը, աշխարհի տարբեր երկրներում հայկական կառույցները կարողացան հարցը բարձրացնել, հասարակության, քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել: Եվրոպացիների հետ աշխատանքում բացատրում ենք այն, որ ջիհադիստները սահմաններ չունեն: Թուրքիան, որտեղ ցանկանա խնդիրներ ստեղծել, կուղարկի ջիհադիստներին»,-ասել է նա: Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ վերջինս նշել է, որ պետք է աշխատանք տանել բոլոր ուղղություններով՝ առանցքում ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում նա, որպես կարեւոր դերակատար, համարում է Ռուսաստանին: Գասպար Կարապետյանի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ավելի կտրուկ եւ վճռական լինի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ: Դրանից բացի, ահաբեկչական խնդիրը սպառնալիք է իր համար եւս. ի վերջո, ահաբեկիչները մոտեցել են իր սահմաններին:
Խոսելով այս փուլում Արցախի անկախության ճանաչման հնարավորությունից՝ Գասպար Կարապետյանը նշեց, որ այս պահին դա հեռանկարային չէ ԵՄ անդամ երկրներում, սակայն կարեւոր է այդ ուղղությամբ համապատասխան մթնոլորտ ստեղծելը, ինչն արվում է: Տարբեր քաղաքային խորհուրդների կողմից անկախության ճանաչումը, մի շարք գործիչների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրաձայնելը հենց այդ համատեքստում է: Նա ընդգծեց, որ Հայաստանը եւս պետք է ուղերձներ ուղարկի այն մասին, որ այդ հարցը դրված է սեղանի վրա: Գասպար Կարապետյանը կարեւորեց նաեւ եվրոպացի պատգամավորներ Հայաստան բերելու հարցը: Նրա խոսքով՝ Հայաստան բերելը խնդիր չէ, Արցախ տանելու հետ կապված՝ ներկայում անվտանգության հարց կա:
«Ինչպես գիտեք, արդեն եվրոպացի պատգամավորների խումբ եկավ Հայաստան, սակայն անվտանգությունից ելնելով՝ չկարողացավ Արցախ գնալ. Ստեփանակերտը ռմբակոծում էին: Այժմ աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ՝ հետագա անելիքների հետ կապված, տեսնենք, թե որքանով կարող ենք պատգամավորներ կամ քաղաքական գործիչներ տանել: Ասեմ, որ, այո, կան Արցախ այցելությամբ հետաքրքրված կարեւոր անձնավորություններ»,-հավելել է Գ. Կարապետյանը:
Ն. Պ.
ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում համակարգում է այն սոցիալական խնդիրները, որոնց բախվել են արցախցի մեր հայրենակիցները. այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը: Նրա փոխանցմամբ՝ խոսքը ժամանակավոր բնակարաններով ապահովման, հագուստով եւ սննդով օգնության մասին է: «Այս գործընթացների առավել համակարգված իրականացման համար ժամանակավոր հավաքատեղի է ձեւավորվել: Դրա խնդիրն է օգնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին, ովքեր այստեղ ընտանիք չունեն, որը կարող էր ընդունել նրանց, կամ կացարաններ: Նրանք կարող են դիմել տվյալ հավաքատեղի, ինչից հետո նրանք կուղարկվեն հիմնական ժամանակավոր կետեր` բնակարանային օգնություն ցուցաբերելու համար»,- պարզաբանել է նա: Նա նաեւ հավելել է, որ երկրում ռազմական դրություն հայտարարելուց ի վեր նախարարությունը գործարկել է 114 եւ 117 թեժ գծերը:
ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է
Երեկ Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. նախնական տեղեկություններով՝ թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցել է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ: Քաղաքապետը մեզ հետ զրույցում հավաստիացրեց՝ նշելով, որ ամեն ինչ լավ է:
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:40-ի սահմաներում՝ պարեկապահակային ծառայություն իրականացնելու ժամանակ, «Շաքե» անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի կողմից վարվող «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտմեքենան: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան: Բ.Մ.-ն ներկայացվել է ՌՈ Սիսիանի բաժին, որտեղ մեքենայի խցիկում եւ բեռնախցիկում զննությամբ հայտնաբերվել են «ՏՏ» տեսակի դատարկ պահեստատուփով ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, տարբեր իրեր ու առարկաներ՝ զինվորական համազգեստ եւ կոշիկ, քնապարկեր, հեռադիտակ, բժշկական նյութեր ու պարագաներ, դեղորայք եւ այլն: Բ.Մ.-ն հայտարարել է, որ մեքենան եւ դրանում հայտնաբերվածը պատկանում են N զորամասի զինծառայող Ս.Ա.-ին, եւ ինքը զենք-զինամթերքից ու իրերից տեղյակ չի եղել, դրանք մեքենայում տեղավորված են եղել նախապես: Փաստական հանգամանքները ճշտվում են, ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ
Հայերի պատասխանը՝ թուրքերին, ու խաղաղ ակցիան՝ Ֆրանսիայի Դեսին Շարպ քաղաքում: Ելույթ ունեցող հայ երիտասարդը նշել է. «Ես հիմա խոսում եմ հայ ժողովրդի անունից, ով ներկա պահին գտնվում է Դեսինում։ Մենք հավաքվել ենք այստեղ մեր կոչը տարածելու նպատակով։ Իմացե՛ք, որ արդեն մեկ ամիս է, ինչ հայ ժողովուրդը խաղաղ ցույցեր է կազմակերպում՝ Արցախում խաղաղություն հաստատելու համար։ Երեկ, չորեքշաբթի, հոկտեմբերի 28-ին հարյուրավոր հայեր եւս մեկ անգամ կազմակերպել էին խաղաղ ցույց A7 մայրուղում։ Հանկարծակի հայտնվեցին 5 անձնավորություններ եւ մուրճերով ու մահակներով հարվածեցին հայազգի խաղաղ ցուցարարներին։ Հայերը սկսեցին բնական կերպով պաշտպանվել։ Սակայն դեպքի փաստերը լուսաբանվեցին հակառակ կողմից. Գորշ Գայլերը (թուրք ազգայնամոլների խմբավորություն) մեղադրեցին հայերին անցորդների վրա հարձակման մեջ, այն անցորդների, որոնք, իբր, պարզապես թուրքեր էին։ Դա շինծու է։ Նրանք սադրիչներ են, ովքեր ցանկանում են Ֆրանսիայում ստեղծել էթնիկ բախում հայերի եւ թուրքերի միջեւ։ Մենք միշտ միասին ենք ու երբեք չենք բռնի սադրանքների ուղին։ Մենք գտնվում ենք չեզոք տարածքում եւ հարգում ենք Ֆրանսիայի Հանրապետության օրենքները, բայց իմացե՛ք, որ ցանկացած հարձակում չի մնա անպատասխան, եւ պատասխանը կլինի շատ խիստ։ Կեցցե՛ Հայաստանը։ Կեցցե՛ Ֆրանսիան»։
ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել: «Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր՝ ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգեւներով պարգեւատրելու եւ փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին: Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Ցավոք, այս օրերին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս ԱԻՊԾ աշխատակիցներ Հովիկ Աղաջանյանը եւ Հարութ Աթաջանյանը զոհվել են: Նրանց հիշատակն անմար է ապրողներիս սրտերում։ Կառույցի աշխատակիցների շրջանում կան նաեւ վիրավորներ. նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-ասված է ուղերձում։