ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՂԱՂԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ ամսից ավելին է, ինչ համաշխարհային աստղերը շարունակում են աղաղակել Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող էթնիկ ոչնչացման՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրի մասին։

 

Ամերիկացի երաժիշտ, հայկական արմատներ չունեցող, բայց իրեն հայ համարող Դանիել Դեքերն, որն այս օրերին Երեւանում է, աջակցում է արցախցիներին, «Ֆեյսբուք»-ի պաշտոնական իր էջում պարբերաբար գրառումներ է անում` միջազգային հանրությանը տեղեկացնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Այս անգամ երաժիշտը դիմել է Իսրայելի իր ընկերներին:

«Իմ իսրայելցի ընկերնե՛ր, խնդրում եմ, դիմե՛ք ձեր կառավարությանը, որպեսզի դադարեցնի Ադրբեջանին դրոնների մատակարարումը: Ադրբեջանը ձեր ընկերը չէ, մի օր նրանք կկծեն իրենց կերկարող ձեր ձեռքը: Տեսե՛ք, թե ինչ է անում ձեր «ընկերը» Արցախի հետ, նրանք ցեղասպանութան են ձգտում, ոչ թե խաղաղության: Մի օր նրանք եւ իրենց թուրք պարագլուխն այդ զենքը ձեր կողմը կուղղեն»,-գրել է նա:

Բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանը, անդրադարձել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի Վիեն կոմունայում գիշերը հարյուրավոր թուրք-ազգայնականների՝ փողոց դուրս գալուն, որոնք ցանկացել են հայեր գտնել ու «պատժել»՝ իբր ի պատասխան նախօրեի առավոտյան հայերի կողմից թուրքերին ծեծելուն։ Թուրքական ամբոխը փողոցներում սպառնալիքներ է վանկարկել հայերի հասցեին՝ «Ալլահ Աքբար», «Ո՞ւր են հայերը»:

Բրիտանահայ շոումենը լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է. «Թուրքերն ու ադրբեջանցիները շրջում են Լիոնով, փնտրում են հայերի, որպեսզի հարձակվեն նրանց վրա։ Եվս մեկ անգամ՝ այդ մարդկանց անմարդկային հատկանիշների մասին»։

Իսկ դրան կից նա կատարել է հետեւյալ գրառումը. «Բացարձակապես ցնցող վարքագիծ։ Ինչո՞ւ է աշխարհը դեռեւս լուռ»։

Իսկ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ Նա հետեւում է դրանց եւ պարբերաբար հրապարակումներ անում։

Այս անգամ շանսոնյեի դուստը կիսվել է տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանի նկարով, որն ուղեկցվում է «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ» գրությամբ։

«Գործելու ժամանակն է»,- հրապարակումն անգլերենով մեկնաբանել է Սեդա Ազնավուրը։

Իսկ, ահա, ռուսաստաբնակ շոումեն, դերասան Միշա Գալուստյանը, անդրադառնալով Ստեփանակերտի ծննդատան երեկվա հրթիռակոծությանը, գրել է.

«Անգամ հրթիռակոծության ժամանակ հայ բժիշկները կյանքեր են փրկում: Սարսափելի է, ցավալի է այս ամենը տեսնել: Ինչպե՞ս կարելի է հարվածել ծննդատանը»,- գրել է նա:

Մեկնաբանություններում Միշան պատասխանել է նաեւ հետեւորդների մի քանի հարցերի:

Միխայիլը նշել է, որ հայերը միշտ ապրել են ու կապրեն Արցախում: Օգտատերերից մեկը Միշային խորհուրդ է տվել գալ Հայաստան ու օգնել, ոչ թե հրապարակում անել «Ինստագրամ»-ում:

Ի պատասխան` Միշան գրել է. «Ես օգնում եմ, աշխարհի բոլոր հայերն են օգնում: Եթե պետք եղավ, նաեւ կգնամ: Շնորհակալ եմ խորհրդի համար»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՄԵՐԳ ԿՈՒՆԵՆԱ

Երգչուհի Մաշա Մնջոյանը նոյեմբերի 6-ին Ավստրալիայում կունենա համերգ, որի հասույթի մի մասը կտրամադրվի Հայաստանին արցախյան պատերազմից տուժածներին օգնելու նպատակով:

Երգչուհին իր ինստագրամյան հրապարակման մեջ խոստովանել է, որ թեեւ վերջին շրջանում, Հայաստանի ծանր վիճակով պայմանավորված, ցանկություն չի ունեցել ելույթների, այսօր որոշել է իր կարողությունները ծառայեցնել՝ ի նպաստ հայրենիքի. «Վերջին շրջանում ես հետաձգում եմ իմ ելույթները իմ երկրում տեղի ունեցող դժբախտության պատճառով: Սգում եմ իմ բոլոր եղբայրների ու քույրերի համար, որոնք զոհվել են այս պատերազմի ընթացքում, եւ այն զինվորների համար, որոնք չխնայեցին իրենց կյանքն ու հերոսաբար կռվեցին մեր հողերի պաշտպանության ու արդարության համար:

Ցանկանալով լինել ավելի օգտակար իմ երկրին` ես իմ զգացմունքները կարտահայտեմ իմ ելույթների միջոցով, ժողովրդական երգերի միջոցով` համախմբելով մարդկանց մեկ վայրում` նրանց հետ հաղորդակցվելով սիրո ու երաժշտության լեզվով, պատմելով իմ ծագման ու գեղեցիկ երկրի մասին:

Շնորհակալ կլինեմ բոլորին, ովքեր ներկա կգտնվեն, կաջակցեն ինձ ու իմ երկրին, որն այսօր իր գոյության դժվար շրջաններից է ապրում: Համերգի հասույթի մի մասը կտրամադրվի Հայաստանին ու Արցախին»,- նշել է երգչուհին:

Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ամբողջ գիշերվա ընթացքում շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման եւ կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք եւ մարդկային ուժ:

 

 

ՄՈՒՍԱՍԻՆ ՀԱՂԹԵԼ Է

Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին մրցել է բրազիլացի Դուգլաս Լիմայի հետ եւ հաղթանակ տարել մրցավարների որոշմամբ: 35-ամյա Մուսասին նվաճել է Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր: Նախկին չեմպիոն, ամերիկացի Ռաֆայել Լովատոն առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես ավարտել է կարիերան: 35-ամյա Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր 2019-ի սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում կայացած Bellator 228 մրցաշարում ռեւանշի հասնելով բրազիլացի Լիոտո Մաչիդայի նկատմամբ: Հայ մարտիկը չեմպիոնական գոտին կորցրել էր նախորդ տարվա հունիսին կայացած մենամարտում՝ պարտվելով Ռաֆայել Լովատոյին:

 

 

ԱՊԱՔԻՆՎԵԼ ԵՆ

Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ու ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին ապաքինվել են վնասվածքներից: Ֆուտբոլիստներն արդեն վերսկսել են մարզումները «Բարսելոնայի» ընդհանուր խմբում եւ պատրաստ կլինեն մասնակցել թիմի առաջիկա հանդիպումներին: Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին մկանային վնասվածք էր ստացել, իսկ Տեր Շտեգենն օգոստոսին ծնկի վիրահատության էր ենթարկվել:

 

 

ՈՉ ՈՔԻ 

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիայի» հետ ոչ ոքին: ««Ռոման» դանդաղ էր գործում հարձակման գծում, եւ այդ պատճառով մենք չկարողացանք օգտագործել մեր ստեղծած հնարավորությունները: Վերջին շրջանում ես գոհ եմ «Ռոմայի» ցուցադրած խաղից: Վստահ եմ, որ մենք կշտկենք մեր թերություններն ու մեծ հաջողությունների կհասնենք»,- ասել է Ֆոնսեկան: Հիշեցնենք, որ «Ռոմա» – «ԲԿՄԱ Սոֆիա» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

 

 

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում իռլանդական «Դանդոլկի» նկատմամբ տարած հաղթանակը եւ խոսել թիմի հարձակվող Նիկոլյա Պեպեի մասին: «Մենք լավ հանդիպում անցկացրեցինք եւ արժանի հաղթանակ տարանք: «Արսենալի» համար շատ կարեւոր է նման խաղերում միավորների կորուստ թույլ չտալը: Ինչ վերաբերում է Նիկոլյա Պեպեին, ապա նրան խանգարում է խաղային անկայունությունը, սակայն վստահ եմ, որ կարճ ժամանակում նա լավ մարզավիճակ ձեռք կբերի»,-ասել է  Արտետան: Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթանակ է տարել «Դանդոլկի» նկատմամբ 3:0 հաշվով:

 

 




Լրահոս