Սիրելի հայրենակիցներ,Ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ
համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետության լուծը թոթափելու
խնդիրը՝ ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչեւ խաղաղ
ցուցարարների գնդակոծում եւ հարյուրավոր մարդկանց բանտարկություն։ Թեեւ նշված
խնդիրը մինչ օրս էլ դեռեւս լուծված չէ, բայց միեւնույն է, այդ քառամյա պայքարը
պետք է համարել հայ ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական հասունության, կամ ավելին,
ազգային արժանապատվության ամենանշանակալի դրսեւորումը, որը վերջիվերջո չի կարող
չտալ իր պտուղները։ Մեկանգամյա պոռթկումների ու ընդվզումների ընդունակ են բոլոր ժողովուրդները,
բայց, որպես կանոն, հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր տեւական
համառություն, տոկունություն ու վճռականություն են ցուցաբերում։ Քառամյա
հետեւողական պայքարով, զրկանքների դիմանալու ունակությամբ, դուք ապացուցեցիք, որ
ձեր համառությունը, տոկունությունն ու վճռականությունը սահման չունեն։ Ուստի
բոլորովին մի՛ կասկածեք, որ հակառակ ավազակապետության կատաղի դիմադրությանը,
հակառակ միջազգային հանրության կողմից նրան ցուցաբերված անվերապահ աջակցությանը,
հակառակ հասարակության մի մասի կրավորականությանն ու հարմարվողականությանը, եւ
հակառակ ձեր առջեւ ծառացած բոլոր մնացյալ դժվարություններին, դուք վաղ թե ուշ
հաղթելու եք։ Ավելին, դուք արդեն իսկ հաղթած եք, քանի որ չեք հաշտվել ձեր դեմ
կատարված սոսկալի անիրավության հետ եւ մտադիր չեք համակերպվել բռնատիրության,
տգիտության ու գավառամտության առջեւ գլուխ խոնարհելու եւ ճակատագրի
անելանելիությանը ենթարկվելու մտքին։
Այս հավատամքը բխում է հետեւյալ սկզբունքային
ելակետերի հստակ ըմբռնումից.
1. Հայաստանի ներկա վարչախումբը իշխանությունը
յուրացրել է ոչ թե արդար ընտրությունների, այլ լայնածավալ կեղծիքների,
բռնությունների եւ սեփական ժողովրդի դեմ կազմակերպված սառնասիրտ սպանդի միջոցով։
2. Վարչախումբը ոչ միայն ընդունակ, այլեւ մտադիր
էլ չէ փոխել իր հանցավոր էությունը եւ իրական բարեփոխումների միջոցով հաղթահարել
երկրում առկա քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ թեկուզ
մասնակիորեն շտկել օրինականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների
բնագավառներում տիրող անհանդուրժելի վիճակը։
3. Վարչախմբի հետագա գոյությունը խոչընդոտում է
պետության բնականոն զարգացումը, ոչնչացնում ժողովրդի ստեղծագործ ոգին եւ, առանց
չափազանցության, սպառնում երկրի ազգային անվտանգությանը։
Սրանք այլեւս այնպիսի ճշմարտություններ են, որ
լրացուցիչ հիմնավորման կարիք չունեն, որովհետեւ բոլոր հիմնավորումները չորս տարվա
ընթացքում բազմիցս ներկայացվել են, իսկ պակասն էլ լրացրել է Wikileaks-ը։ Դժվար է
պատկերացնել, որ որեւէ բանական էակ թեկուզ չնչին կասկած ունենա այս ճշմարտությունների
նկատմամբ կամ ինչ-որ հույսեր կապի Հայաստանի ներկա իշխանությունների հետ։
Իր վերջին մի քանի ելույթներում Սերժ Սարգսյանը
սովորություն է դարձրել անընդհատ կրկնելու, որ Հայաստանը իրավական,
ժողովրդավարական եւ բարգավաճ երկիր է դառնալու քսան տարի հետո։ Եթե մի կողմ դնենք
նման գուշակումների բացահայտ անլրջությունը, որի դասական նախադեպը քսան տարվա
ընթացքում կոմունիզմի կառուցման խրուշչեւյան առասպելն էր, ապա Սարգսյանի ասածի
բուն իմաստը հետեւյալն է. քսան տարի էլ դուք օր ու արեւ չեք տեսնելու, քսան տարի
էլ ցամաք հացի կարոտ եք մնալու, քսան տարի էլ ձեր միակ նեցուկը լինելու է
գաղթականի ցուպը, քսան տարի էլ արդար ընտրություններ տեղի չեն ունենալու, քսան
տարի էլ երկիրն անպատիժ թալանելու, խժռելու ու հղփանալու ենք, իսկ քսան տարի հետո
կամ էշը կսատկի, կամ իշատերը։ Ավելի ցինիկ կեցվածք կամ ժողովրդի սպասումների
նկատմամբ ավելի ծաղրական վերաբերմունք անհնար է պատկերացնել, մանավանդ եթե նկատի
ունենանք, որ իր, այսպես կոչված, «նախագահության» երեքուկես տարիների ընթացքում
Սերժ Սարգսյանն այդպես էլ չի կատարել որեւէ դրական քայլ, որը հիմք տար հավատալու
երկրի ապագայի նրա գծած հեռանկարին։Մի քանի առիթներով ես նշել եմ, ավելին՝ Եղիազար
Այնթապցի կաթողիկոսի օրինակով նաեւ լուսաբանել, որ նույնիսկ կեղծված
ընտրություններից ու մարտիմեկյան ողբերգությունից հետո Սերժ Սարգսյանը
պատեհություն ուներ ինչ-ինչ դրական քայլերի միջոցով շահելու ժողովրդի սիրտը եւ դրա
շնորհիվ որոշ օրինակարգություն ձեռքբերելու։ Այդ նպատակին հասնելու համար նա պետք
է հստակորեն սահմանազատվեր Ռոբերտ Քոչարյանի արատավոր ժառանգությունից, վճռական
պայքար մղեր քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, լրջագույն միջոցներ ձեռնարկեր
կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ, անմիջապես ազատ արձակեր բոլոր
քաղբանտարկյալներին, բացահայտեր մարտի 1-ի տասը սպանությունները, վերացներ
տեղեկատվության էլեկտրոնային միջոցների նկատմամբ հաստատված պետական
վերահսկողությունը եւ այլն։ Ի դեպ, ինչպես պարզվում է Wikileaks-ի մի
հրապարակումից, մեզանից անկախ, Արեւմուտքի համար եւս հայաստանյան
իրադարձությունների նման զարգացումն է եղել ամենացանկալի ու խրախուսելի սցենարը (Wikileaks.
08YEREVAN204. տե՛ս նաեւ «ՀԺ». 6.09.2011)։
Եթե արվեին բանականության եւ հանրային շահերի
շրջանակում տեղավորվող այս քայլերը, ապա մենք վաղուց կապրեինք բոլորովին այլ
երկրում, ներքաղաքական լարվածությունն այսքան սուր չէր լինի, շատ ավելի բարվոք
կլիներ սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթն այսպիսի ահռելի չափերի չէր հասնի,
անհամեմատ ավելի ամուր կլինեին Հայաստանի դիրքերը հայ–թուրքական
հարաբերությունների եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում եւ, որ
ամենակարեւորն է, կվերականգնվեր ապագայի հանդեպ ժողովրդի անդառնալիորեն սասանված
վստահությունը։ Պարզվեց, սակայն, որ թե՛ մենք, թե՛ Արեւմուտքը ավելի լավ կարծիք
ունեինք Սերժ Սարգսյանի մասին, քան նա արժանի էր, որովհետեւ հակառակ երկրի ու
ժողովրդի շահերի, վերջինս ոչ միայն չգնաց այդ ճանապարհով, այլ ընտրեց վատագույն
սցենարը, փորձելով մի կողմից՝ լայնածավալ քաղաքական հալածանքների, բռնությունների,
բանտարկությունների, քարոզչական, ոստիկանական եւ հարկային տեռորի միջոցով ավարտին
հասցնել ընդդիմության ջախջախման եւ ժողովրդին հլուհնազանդ հոտի վերածելու գործը,
իսկ մյուս կողմից՝ որեւէ լուրջ քայլ չձեռնարկելով կոռուպցիայի դեմ իրական պայքարի,
օրինականության վերականգնման եւ ժողովրդավարության հաստատման բնագավառներում, ըստ
այդմ, ավելի եւս ամրապնդելով ու անհամեմատ ավելի սանձարձակ դարձնելով իր գլխավորած
ավազակապետական համակարգը։ Ըստ երեւույթին, ե՛ւ մենք, ե՛ւ Արեւմուտքը, հաշվի չէինք
առել խելագարության կանխավարկածը կամ չէինք պատկերացրել ավազակապետական վարչախմբի
փչացածության ու հանցավորության աստիճանը։Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. մի կողմից՝
բռնապետական, հղփացած, հանցագործ, իր հոռի բարքերից հրաժարվելու եւ հանրությանն
ընդառաջ գնալու մտադրություն չունեցող իշխանություն, իսկ մյուս կողմից՝ այդ
իշխանությունը չհանդուրժող եւ նրա մոտալուտ վախճանն ակնկալող ժողովուրդ։ Եթե
միջազգային հանրությունը դեռեւս ինչ-որ հույսեր է փայփայում Սերժ Սարգսյանին դարձի
բերելու եւ նրան ուղիղ ճանապարհի վրա դնելու առնչությամբ, եւ այդ նկատառումով
այսուհետեւ եւս, ինչպես անցյալում, սատար է կանգնելու նրան, դա իր գործն է։
Համենայն դեպս, հակառակ արաբական երկրների իրադարձությունների հետեւանքով
ժողովրդավարական աշխարհի դարձվածաբանության էական փոփոխությանը, մենք մեծ
ակնկալիքներ չպետք է ունենանք, որ նաեւ փոխվելու է նրա կողմից Հայաստանի նկատմամբ
մինչ այժմ դրսեւորված վերաբերմունքը։ Այսպիսի թերահավատության հիմք է տալիս այն
հանգամանքը, որ գերտերությունների եւ միջազգային կառույցների վարքագծում հսկայական
դեր է խաղում իներցիայի գործոնը, ինչի պատճառով նրանք շատ դանդաղ են փոխում իրենց
նախկինում որդեգրած դիրքորոշումները։ Դրանով է բացատրվում, օրինակ, այն, որ
Խորհրդային Միության քայքայումից քսան տարի անց էլ երբեմնի հակամարտ ճամբարներում
շատերը դեռեւս չեն կարողանում ձերբազատվել սառը պատերազմի հոգեբանությունից։
Միջազգային հանրության դիրքորոշումը կարող է փոխվել միայն մեկ պարագայում՝ այն է,
եթե նա տեսնի, որ Հայաստանի ժողովուրդը չի հաշտվում իր երկրում տիրող խայտառակ
վիճակը հանդուրժելու մտքի հետ, եւ միակամ ու վճռական է այդ վիճակը շուտափույթ
կերպով փոխելու հարցում։Իշխանությանը բանականության դաշտ տեղափոխելու
վերջին փորձը մենք կատարեցինք՝ նրա հետ քաղաքակիրթ երկխոսության մեջ մտնելու մեր
նախաձեռնությամբ, հուսալով, որ դա է այն ճանապարհը, որը հնարավորություն է
պարունակում հաղթահարելու ներկայիս քաղաքական ճգնաժամը եւ փոխզիջումների միջոցով
սահուն անցում կատարելու դեպի սահմանադրական կարգի վերականգնումը։ Երկխոսության
ընթացքում, սակայն, հասկանալի դարձավ, որ իշխանությունը պատրաստ չէ որեւէ լուրջ
փոխզիջման, եւ ընդդիմության հետ բանակցությունները նրան պետք են միայն ԵԽԽՎ-ի
հերթական գովասանագրին արժանանալու համար։ Ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ ՀՀ
գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ անձամբ Սերժ
Սարգսյանին ներկայացնող անսահման լիազորություններով օժտված մի պատվիրակությունից,
որը զլացավ անգամ իր ազդեցությունը գործադրել Կոնգրեսի հանրահավաքները
հեռուստատեսությամբ ազդարարելու, հանրահավաքների օրերին տրանսպորտի բնականոն
աշխատանքն ապահովելու կամ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը օրենքով սահմանված
երաշխավորությամբ փոխելու չնչին հարցերում, ինչը պատճառ դարձավ առկախելու
երկխոսությունը։
Ինչպես նշել եմ իմ նախորդ երկու ելույթներում, մեզ
համար իսկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում
անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետեւ այդ արդյունքը բոլոր
դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից, քանի որ,
ինչպես փորձը ցույց է տվել, իշխանությունները հասկանում են միայն ճնշումների
լեզուն։ Հետեւաբար, այսօրվանից եւեթ, մենք հարկադրված ենք ավելացնելու մեր
ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ
զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպել իշխանություններին կատարելու մեր
օրինական պահանջները։ Այլ միջոցառումների զինանոցը բավականին մեծ է՝ երթեր,
հացադուլներ, տարբեր բնակավայրերում կազմակերպված միաժամանակյա հավաքներ,
պիկետներ, գործադուլներ, նստացույցեր եւ շուրջօրյա հանրահավաքներ։ Ընտրությունը
ձերն է, դուք եք որոշելու, թե ո՛ր ճանապարհով պետք է ընթանանք։ Ուստի խնդրում եմ՝
վանկարկումով արտահայտել ձեր վերաբերմունքը։Շատ լավ, ձեր արձագանքն, ակնհայտորեն, միանշանակ
է. մեծամասնությունը կողմ է շուրջօրյա հանրահավաքներին։(Այժմ ինձ թույլ տվեք մի քանի րոպե խորհրդակցել
Կոնգրեսի ղեկավարության հետ՝ որոշում կայացնելու համար։ Այդ նպատակով հայտարարվում
է հինգ րոպեանոց ընդմիջում։ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի եւ Քաղխորհրդի բոլոր
անդամներին խնդրում եմ բարձրանալ հարթակ)։
Եւ այսպես, խորհրդակցության արդյունքում Հայ Ազգային
Կոնգրեսն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու ձեր ցանկությանը եւ այս
պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը։ Դրա հետ մեկտեղ, մենք ձեզ հետ
պետք է պայմանավորվենք այս միջոցառման ժամկետի, առաջ քաշած պահանջների եւ որոշ
կազմակերպական հարցերի շուրջ։ Կոնգրեսի անունից ես առաջարկում եմ շուրջօրյա
հանրահավաքների տեւողությունը սահմանել մեկ շաբաթ, եւ իշխանությունների առջեւ դնել
այն նույն պահանջները, որոնք ձեզ ներկայացվել են նախորդ հանրահավաքում։ Դրանք են.
1. Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ
նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում
կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի
առաջարկները։
3. Առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել
2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց
պատասխանատուների նկատմամբ։
4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին
եւ կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական
գործերը։
5. Վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի
վրա դրված անօրինական արգելքը։
6. Չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված
կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։
7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի
այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։
8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական
պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման
մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական
հետապնդումների հարուցման պրակտիկան։
Նկատի ունենալով, որ առավել դժվարինը առաջին երկու
պահանջների կատարումն է, նախորդ հանրահավաքում ես հարկ էի համարել հայտարարել եւ
այսօր էլ կրկնում եմ, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն
վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։
Ավելին, փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով մենք պատրաստ ենք նաեւ, թեկուզ
վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել երկխոսությունը
իշխանությունների հետ։ Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ուղղակի կապ պահպանելու
համար լիազորում ենք Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Մանուշակ Պետրոսյանին։
Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց մենք ձեզ հետ միասին
կորոշենք՝ շարունակել, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները։Իսկ այժմ անդրադառնալով կազմակերպական հարցերին,
ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր վարքի հետեւյալ կանոնները.– Շուրջօրյա հանրահավաքների բոլոր մասնակիցներից
պահանջվում է երկաթյա կարգապահություն, բացառելով ինքնագործունեության որեւէ
դրսեւորում.
– Ազատության հրապարակում կարգուկանոնի պահպանման
պատասխանատվությունը դրվում է հասարակական կարգադրիչների վրա.
– Չի թույլատրվում ալկոհոլային խմիչքներ
օգտագործած մարդկանց մուտքը հրապարակ.
– Բնակչության հանգիստը չխանգարելու համար
երեկոյան ժամը 10-ից հետո հրապարակում դադարեցվում են աղմուկն ու երաժշտությունը.
– Խստիվ արգելվում է որեւէ շփում կամ
վիճաբանություն ոստիկանության աշխատակիցների հետ.
– Ոստիկանության ներկայացուցիչների հետ տարբեր
հարցերի շուրջ բանակցելու համար լիազորված են Լեւոն Զուրաբյանը, Դավիթ
Շահնազարյանը, Դավիթ Մաթեւոսյանը եւ Ավետիս Ավագյանը.
– Այս կանոնները խախտող անձինք կհամարվեն
սադրիչներ եւ կարգադրիչների կողմից դուրս կհրավիրվեն հրապարակից։
Հարկ եմ համարում նաեւ հատուկ շեշտել, որ, նկատի
ունենալով ժողովրդի պահանջով անցկացվող այս միջոցառման խաղաղ բնույթը, իրավապահ
մարմինները, «Հավաքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, իրավունք չունեն միջամտելու
նրա ընթացքին։
Մեր հաջողության գրավականը խստագույն
կարգապահությունն է եւ օրինականության սահմաններում գործելու ունակությունը։
Ուզում եմ հիշեցնել, որ քառամյա պայքարի ընթացքում մենք ոչ մի օրենք չենք խախտել,
երբեք նպատակ չենք հետապնդել ու այսօր էլ մտադիր չենք երկիրը ցնցումների ու քաոսի
մատնելու, իսկ, ինչպես մեկ անգամ արդեն հայտարարել եմ, Ղարաբաղում պատերազմի
վերսկսման վտանգի պարագայում պատրաստ ենք դադարեցնել մեր քաղաքական
գործողությունները եւ միահամուռ կերպով լծվել հայրենիքի պաշտպանության գործին։ Ես
բոլորիդ յոթօրյա անմոռանալի տոնախմբություն եւ զվարթ տրամադրություն եմ մաղթում,
որովհետեւ դառնությամբ, մաղձով ու բարկությամբ ոչ մի լավ գործ գլուխ չի կարող գալ։