Ինչպես են երկրներն արձագանքել Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը. դեսպանությունը հայերին կոչ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից։

Դեսպանության հայտարարությունում մասնավորապես ասված է․ – «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ»։

Հիշեցնենք, որ Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Ոչ պաշտոնական տվյալներով կա 7 զոհ:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը մամուլին փոխանցել է, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին հարող տարածքում մի քանի գրոհայիններ միաժամանակ իրականացրել են առնվազն վեց հարձակումներ:

«Այս պահին ես հաստատում եմ, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է»,- ասել է նախարարը:

Կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ «Վիեննայում տեղի է ունեցել զարհուրելի ահաբեկչություն»: Կանցլերը հավաստիացրել է, որ բանակը կպաշտպանի քաղաքները, իսկ ոստիկանները կկենտրոնանան հակաահաբեկչական օպերացիայի վրա:

Ականատեսների փոխանցմամբ, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Շվեդենպլաց հրապարակի մոտակայքում, որտեղ գտնվում է Վիեննայի սինագոգը:

Օրերս ահաբեկչական հարձակումներ տեսած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քիչ առաջ իր համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին և խոսել է Վիեննայում տեղի ունեցած գրոհի մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչությանը` ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում:

«Մեր աղոթքները Վիեննայի ժողովրդի հետ են նողկալի ահաբեկչական գործողություններից հետո: Այս հրեշավոր հարձակումներն` ընդդեմ անմեղ մարդկանց, պետք է դադարեցվեն: ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին ահաբեկչության, ներառյալ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում»,-«Թվիթեր»-ում նշել է ԱՄՆ-ի նախագահը:

Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ մեկ ամսից ավելի։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում», — գրել է Փաշինյանը։




Լրահոս