ArmLur.am-ը գրել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 142 դատապարտյալ եւ կալանավոր պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 36 խցի դատապարտյալ Հրայր Հունանյանը, որը մասնակցել է նաեւ 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին, հայտնեց. «Բոլոր կալավորներով, մի մարդու պես մեր դոշակները, վերմակները խցերից հանելու ենք դուրս, հրաժարվելու ենք սնունդից, քանի որ տեսնելով մեր երկրի վիճակը՝ շատ ենք տանջվում: Դիմումներ ենք գրել 10 օր առաջ, որ պատրաստ ենք գնալ կռվել, մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ կռվենք, ոչ մի ձայն, ոչ մի բանի տեղ չեն դնում։ Մենք այդ հացը ո՞նց ուտենք, որ մեր տղերքը զոհվում ու վիրավորվում են»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում ռազաճակատ գնալու համար կալանավորների դիմումների թիվը անցնում է 300-ից: «Ժողովուրդ» օրաթերթին ՔԿԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չէին չցանկացել հայտնել:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանի հետ:
Իսկ ինչ ընթացք տվեց ՀՀ գլխավոր դատախազությունը կալանավորների եւ դատապարտյալների դիմումին: Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Նման ցանկություն հայտնած կալանավորված 12 անձի խափանման միջոց փոխվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով նշված նպատակով: Եվ նման ցանկություն հայտնած 9 դատապարտյալ, որոնք համապատասխանել են օրենքով սահմանված չափանիշներին, պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել՝ առաջնագիծ մեկնելու համար:
Չափազանց զգույշ և անհատական մոտեցում է ցուցաբերվում դիմումների ընթացքը որոշելիս, յուրաքանչյուր դիմում քննարկման առարկա է դառնում անհատական կարգով՝ վստահ լինելու համար, որ նախ իրավիճակը չի ծառայեցվում ազատության մեջ հայտնվելու անձնական շահերի համար և որ զինված ուժերին միանալու դեպքում նվազագույնի հասցված կլինեն հանցավոր վարքագծի ռիսկերը: Նման մոտեցումը լիովին արդարացված է, քանի որ ունենք առանձին քիչ դեպքեր, երբ, նշված նպատակով մարդկանց հնարավորություն է տրվել հայտնվելու ազատության մեջ, բայց նրանք դեռևս չեն ներկայացել իրավասու մարմնին՝ առաջնագիծ գնալու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում