Արցախի արևելյան հատվածում մարտերը շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։
Արցախի պաշտպանության բանակի զորքերը նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ադրբեջանական ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր: Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը:
Միևնույն ժամանակ պաշտպանության նախարարությունը անհեթեթություն է որակել ադրբեջանական կողմի այն պնդումը, թե ՀՀ Զինված ուժերը «Սմերչ» համակարգից կրակի տակ են առել Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը: «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է»,- գրել է Շուշան Ստեփանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում