Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանը մասնավորապես խոսվել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական շարունակվող ագրեսիայի, դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, ռազմական գործողությունների կիզակետում հայտնված արցախահայության աջակցության մասին:
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը թիրախավորելու առնչությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Անդրադարձ է եղել նաև սփյուռքի, հատկապես, Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի վարչատարածքային մարմինների միջև փոխգործակցության խորացմանը: