Իրանի նախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե իր երկրի համար շատ կարևոր է, որ Իրանի սահմանների մոտ ահաբեկիչներ չլինեն:

Այս մասին Ռոհանին նշել է կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին:

«Մեր երկու հարևանները սեպտեմբեր ամսից ռազմական բախումների մեջ են։ Այս հարցում մեր արտգործնախարարությունը ակտիվ է եղել, և զինված ուժերն էլ զգոնությամբ վերահսկում են մեր սահմանների անվտանգությունը։ Մեր սահմանների անվտանգությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, և մեր սահմանների մոտ ահաբեկիչներ չլինելը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է Ռոհանին:

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ պատերազմի հետևանքով երկրների աշխարհագրական սահմանները չեն փոխվի:

«Իրանի տեսակետները երկու կողմին էլ ներկայացվել են, և արտգործնախարարությունը Ղարաբաղում բախումներին վերջ տալու և խաղաղություն հաստատելու համար շատ հարմար նախագիծ է մշակել, և հույս ունենք, որ այն հաջողության կհասնի»,- ասել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։




Լրահոս