ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նստեցին մեքենան, որ շարժվեն, գրադն էն կողմից խփեց, տեղնուտեղը թողեց վարորդին. Դավիթ Բեկի բնակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ մեծ տրամաչափի հրթիռահրետանային միջոցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով ինտենսիվ հարվածներ էին հասցրել Դավիթ Բեկ գյուղի բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետեւանքով հասցվել են մեծ վնասներ, ավերվել են բազմաթիվ բնակելի տներ։

ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկի բնակիչներն այս օրերին զբաղված են իրենց առօրյա գործերով: Դավիթ Բեկի բնակիչ Արտյոմ Միքայելյանը, որը գյուղի դպրոցի տնտեսվարն է, Armlur.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ կրակոցների ձայներն իրենց համար սովորական են դարձել:

«Նորմալ է, բան չկա: Ամեն մեկն իր գործին է, ցավդ տանեմ, ի՞նչ ասեմ. այգի, անասուն, զբաղվում են էլի, ի՞նչ պետք է անեն: 30 տարի առաջ մենք լսել ենք նույն ձայները, երկրորդ անգամ ենք լսում, սովորական է մեզ համար, ուղղակի պատսպարվում ենք, որ չվնասվենք: Դրսում մի քիչ վտանգավոր է. իրենք շատ են տարբեր տեսակի զինանոթներ օգտագործում: Գալիս է, օդում պայթում, չգիտես՝ որը կլինի, դրա համար ճիշտ է, որ պատսպարվես»,- ներկայացնում է Դավիթ Բեկի բնակիչը:

Մեզ հետ զրույցում Արտյոմ Միքայելյանը հիշեց նոյեմբերի 2-ի հրթիռակոծությունը, ինչի հետեւանքով բեկորային վնասվածքներ են ստացել Դավիթ Բեկի բնակիչ երկու կանայք, իսկ Կապան համայնքի բնակիչ Դավիթ Յուրիկի Հովհաննիսյանը մահացել էր: Նա զբաղված է եղել իր առօրյա գործերով, եղել է քաղաքացիական հագուստով եւ գտնվել է իր մեքենայի ղեկին:

«Մենք ընտանիքով տանն էինք, սովորական… սուրճ էինք խմում այդ պահին, որ լսեցինք կրակոցները, ասեցինք գյուղամիջում է ընկել, տների վրա չի ընկել, բայց դե զոհ ունեցանք էլի… Մի ընտանիք էր եկել, իրենց երեխաները Կապանում են ապրում, եկել էին երեխաներին ուտելիք տանեին, նստել են մեքենան, որ շարժվեն, գրադն այն կողմից եկավ տեղնուտեղը թողեց վարորդին, մի աղջիկ էլ կողքը նստած էր, Գայանեն, վիրավորվեց… Գայանեն հիմա լավ է, ոչինչ, բայց դե զոհ ունեցանք էլի: Ինչ անես, պատերազմական շրջան է»,- նկատեց սյունեցին:

Սյունէ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս