ՄԻԵԴ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում պահպանել գերիների հետ վարվելակերպի միջազգային նորմերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում հետեւել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված անձանց հետ վարվելակերպի միջազգային նորմերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ստրասբուրգի դատարանի համապատասխան հայտարարությունը ստացել Է ՏԱՍՍ-ի փարիզյան ներկայացուցչությունը:

ՄԻԵԴ-ը նշել է, որ շատ դիմումներ է ստացել կոնկրետ գերիների նկատմամբ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից:

Եվրադատարանը երկու երկրների կառավարություններին խնդրել է տեղեկատվություն տրամադրել, թե արդյոք այդ անձինք գերի են վերցվել ։

«Եթե դա այդպես է, ապա դատարանը խնդրում է հայտնել, թե ինչ պայմաններում են նրանք այժմ պահվում, անցնում են արդյոք բժշկական հետազոտություն կամ բուժում», – նշված է հայտարարության մեջ:

Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ժամանակ գերեվարված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյության մասին եւ երկու կողմերին կոչ է անում մասնակցել համապատասխան ընթացակարգերին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ը չի նախատեսում Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ նոր որոշումներ կայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ:

«Դատարանը հաստատում է արդեն կայացված որոշումները եւ նոր միջոցառումների պատճառ չի տեսնում», – նշվում է փաստաթղթում:




Լրահոս