Եվրոպական խորհրդարանի անդամ, հոլանդացի քաղաքական գործիչ Ռոբ Ռոոսը Twitter-ում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ԵՄ-ին կոչ անելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։
«Դուք ապրում եք աշխարհի համար գրեթե աննախադեպ մշակութային նշանակություն ունեցող երկրում: Եվ այժմ վերստին դժվարին ժամանակներ եք ապրում, անմեղ մարդիկ ենթարկվում են բարբարոսական հարձակումների: Ցանկանում եմ իմանաք՝ իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում ձեզ: Ուստի կոչ եմ անում ԵՄ-ին ամենախիստ ձևով դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան։ Այդ երկու ռեժիմներն էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի խաղաղության ու անվտանգության համար»,- տեսաուղերձում հայերին դիմել է Ռոոսը՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանում իր պաշտոնը կօգտագործի հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար։
Եվրախորհրդարանի անդամը պատմել է, որ «անձնապես հնարավորություն է ունեցել վայելելու հայերի հարուստ մշակույթն ու հյուրընկալությունը»՝ նշելով, որ «այս աշխարհն ավելի լավ կլիներ, եթե ավելի շատ մարդիկ որպես բարոյական կողմնացույց հետևեին հայկական արժեքներին»: