ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՕԳՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, նոյեմբերի 1-ին պատասխանելով հարցին՝ նախատեսվում են արդյոք ռուս-հայկական խորհրդակցություններ Հայաստանին օգնության վերաբերյալ, ասել է, թե 1997 թվականի համաձայնագրով նախատեսված անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացվում են։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել. «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ Հայաստանի վարչապետը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները եւ չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները եւ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»։

Մի քանի ժամ անց պատասխանել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ Ռուսաստանը կկատարի ստանձնած բոլոր պարտավորությունները եւ անհրաժեշտ օգնություն կտրամադրի Հայաստանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։ Իսկ, օրինակ, «ԽՏՎՎպՐրՈվՑՖ»ը ղարաբաղյան պատերազմի մասին հերթական ծավալուն հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանին օգնության համար դիմելը Մոսկվային դրել են չափազանց դժվար ընտրության առաջ։ Ռուսաստանի նախագահի քաղաքական հարցերով նախկին խորհրդական Սերգեյ Ստանկեւիչը  գրում է. «Մոսկվայի համար անընդունելի է ներքաշվել Ադրբեջանի եւ նրա թիկունքին կանգնած Թուրքիայի դեմ Ղարաբաղի շուրջ վեճի մեջ։ Մոսկվան բոլոր հիմքերն ունի մերժելու Երեւանի՝ ուղղակի ռազմական օգնության պահանջը՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ»։ Իսկ, օրինակ, փորձագետ Անդրեյ Կորտունովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց. «Մոսկվան չի կարող թույլ տալ, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության տակից. նման սցենարը վատ օրինակ կլիներ հետխորհրդային տարածքում այլ դաշնակիցների հետ հարաբերությունների համար: Ռուսաստանը պետք է դիտարկի Երեւանին օգնելու տարբերակները՝ ներառյալ սպառազինությունների մատակարարումները»:

Նկատենք՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր դիմել ՌԴ-ին՝ նաեւ հղում անելով այլ պայմանագրերի վրա, սակայն նախընտրել է առավել սահմանափակ աջակցության համար դիմել, իսկ ՌԴ ԱԳՆ արձագանքն էլ այդ պայմանագրին համահունչ էր։ Խոսքը, օրինակ, «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի Միացյալ խմբավորման մասին» համաձայնագրի մասին է, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման ստեղծում՝ տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Ընդ որում՝ այդ համաձայնագիրը նախատեսում է, որ ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կազմավորվում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմինը:

 

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատերազմական իրավիճակով պայմանավորված, ինչպես հայտնի է, հանդիպեցին հոկտեմբերի 21-ին։ Նույնիսկ խոսք էր եղել, որ Արցախում ընթացող պատերազմով պայմանավորված՝ երկու նախագահները ցանկություն են ունեցել միասին մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն հոկտեմբերի 30-ին անակնկալ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով ու Մոսկվա չի մեկնելու: Ըստ երկրորդ նախագահի գրասենյակի պարզաբանման տրամաբանության՝ հանդիպումը եղել է հոկտեմբերի 21-ին, սակայն Քոչարյանի մոտ հոկտեմբերի 23-24-ին է վարակը հայտնաբերվել։ Ու եթե դրան գումարում ենք վարակվելուց հետո անհրաժեշտ 14 օրյա մեկուսացման ժամանակահատվածը, ստացվում է, որ նոյեմբերի 7-ից շուտ Քոչարյանը չի կարող դուրս գալ երկրից։ Բայց պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանին թույլատրված էր Հայաստանից դուրս գալ մինչեւ նոյեմբերի 7-ը, ինչը նշանակում է, որ նրա՝ Մոսկվա մեկնելը դառնում է անհնարին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանից պարզել, թե ինչու է մինչեւ նոյեմբերի 7-ը սահմանվել Քոչարյանի ելքի ժամանակը, ու արդյոք հնարավոր է ժամանակահատվածը երկարացնել՝ իրավիճակով պայմանավորված: Գեւորգյանը հայտարարեց, որ չի կարող մեկնաբանել, պետք է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Ըստ ամենայնի, Գլխավոր դատախազությունն է՝ ի դեմս Արթուր Դավթյանի,  միջնորդել դատարանին, որ Քոչարկանի ելքի թույլտվության հարցը կարգավորվի, բայց կոնկրետ ժամանակահատվաժով։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից պարզաբանումներ ստանալ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: Ռոբերտ Քոչարյանի մամուլի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հեռախոսն էլ անհասանելի էր, ինչի համար մեզ չհաջողվեց զրուցել նաեւ նրա հետ:

 

 

 

Իսպանացի խորհրդականներից եւ լրագրողներից բաղկացած մոտ 25 հոգանոց պատվիրակությունն արդեն երկու օր է՝ Հայաստանում է։ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին ծանոթանալու եւ միջազգային հանրությանը կոչ անելու ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։  Իսպանիայի պատվիրակությունը երեկ մեկնել էր Գորիս, եւ Ինյառիտուն մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս երկու օրերի ընթացքում հասցրել են հանդիպել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, պատերազմի պատճառով Հայաստանում ապաստանած արցախցիներին, բժիշկներին, ինչպես նաեւ ՀՀ խորհրդարանի անդամներին եւ իշխանության ներկայացուցիչներին: Ավելին, պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, թե առաջիկա օրերին նաեւ մտադրություն ունեն Արցախ մեկնելու եւ տեղում իրավիճակին ծանոթանալու:  Հիշեցնենք, որ Ջոն Ինյարիտուն իր գործընկերների հետ միասին պատերազմի առաջին իսկ օրերից դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, մասնակցել հայերի կազմակերպած բողոքի ակցիաներին: Կոնգրեսում ելույթ ունենալով՝ նա նշել էր. «Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի եւ Միջին Արեւելքի մշտական  հակամարտություններում, միացել է Ադրբեջանին Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով»:

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է վերացնել գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների, անօրինական սարքավորված միջոցների շահագործման արդյունքում առաջացող աղմուկը: Պարզվում է՝ մեր հանրապետությունում ներկայումս առկա չէ հրագործական արտադրանքի վաճառքը սահմանափակող օրենսդրական նորմ, մինչդեռ 2019-2020 թվականների ընթացքում թվով 101 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ձեռք են բերել ծանուցման ենթակա «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առեւտուր» գործունեությամբ զբաղվելու իրավունք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի տարածքում հրագործական արտադրատեսակների շրջանառությունը, այդ թվում՝ ներմուծումը, պահումը, իրացումը, առանց համապատասխանության գնահատման, համապատասխանության ազգային նշանի եւ մակնշման, արգելվում է։ Ավելին, Հայաստանի տարածքում իրացման նպատակով շահագործումը կամ ներմուծումը կամ իրացումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 600 հազար դրամից 900 հազար դրամի չափով: Իսկ, ահա, առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա հրագործական ապրանքներ վաճառելու համար պաշտոնատար անձը կարող է տուգանվել 50 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամի չափով:

 




Լրահոս