«ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆՅԱ՝ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱՆՔ ՓԱԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ հայրենի իշխանությունները որեւէ ձեւով չեն արձագանքում իրենց առաջարկին՝ անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ իրենք տեղեկություն են ցանկանում ստանալ եւ խորհուրդ փոխանցել, սակայն իշխանությունները իրենց առաջարկությունից հետո լռում են:

 

-Տիկի՛ն Սամսոնյան, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին  ու ներկայացրեց, թե ինչ է կատարվում Արցախի սահմանին, որը կարող է վտանգել նաեւ Հայաստանին։ Ի՞նչ ակնկալիք ունեք այդ նամակից, ու մենք ի՞նչ ստացանք։ Ի վերջո, Արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց, որ պատրաստ են իրենք, եթե հարձակում լինի ոչ թե Արցախի վրա, այլ Հայաստանի։

-Նամակից ակնկալիք կարող է ունենալ նա, ով  ուղղել է այդ նամակը ՌԴ նախահագին, իսկ թե ինչու է ուղղել, մենք չենք տիրապետում ամբողջական տեղեկատվությանը՝ հասկանալու, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել ռազմաճակատում եւ դիվանագիտական ռազմաճակատում։ Որպեսզի մենք կարողանայինք այդ տեեկատվությունը ստանալ, հիշում եք, դիմել էինք վարչապետին՝ անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու եւ այդ հարցերը խմբակցությունների հետ քննարկելու, բայց որեւէ պաշտոնական արձագանք մենք այդպես էլ չստացանք։

-Այսինքն՝ որեւէ ձեւով չե՞ն արձագանքել, թե կգան, ձեր հարցերին կպատասխանեն:

-Նամակն ուղարկվել է գրավոր, երկու խմբակցությունների կողմից պաշտոնապես, եւ հետեւաբար նաեւ պետք է պաշտոնական պատասխան մենք ստանանք։ Մամուլի խոսնակի հայտարարությունները պաշտոնական պատասխան  ես չեմ կարող համարել։

-Կարելի է ասել, որ տեղեկատվության պակաս, բաց կա խմբակցություններում: Պատերազմական դրության վերաբերյալ տեղեկատվությունը հստակ չէ՞։

-Այն տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք բաց աղբյուրներից,այս տեղեկատվությունն է, որը կարող է հասանելի դառնալ հանրությանը, այդ թվում նաեւ՝ մեզ։ Բայց մենք՝ որպես պաշտոնյաներ, պետք է ստանանք ավելի փակ տեղեկություն, որի ձեւաչափերից մեկը անվտանգության խորհրդի նիստ հրավիրելն էր, որտեղ կլինեին նաեւ պաշտպանության նախարարը, շտաբի պետը, կլինեին այլ պատասխանատուներ, ի վերջո, անվտանգության խորհրդի քարտուղարը, այսինքն՝ այն մարդիկ, որոնց պետք է ուղղվեին հարցեր, եւ որոնց համար մենք ունեինք առաջարկներ։

-Չե՞ք պատրաստվում այդ առաջարկները ուղարկել կամ գուցե այլ ձեւաչափ ընտրեք գոնե տեղակալների հետ հանդիպման, քանի որ իրենք մեկնաբանում են, որ ռազմական դրություն է։ Այլ ձեւաչափ չկա՞։

-Այլ առաջարկ է արվել, որպեսզի կազմակեպվի փակ հանդիպում: Թե ինչպիսի ձեւաչափ կընտրի, օրինակ՝ կասեն պաշտպանության նախարարը զբաղված է, չի կարող գալ, գուցե ընկալելի կլինի մեզ համար, կամ նույնը  վերաբերում է գլխավոր շտաբի պետին։ Պարզապես մի ձեւաչափ, որի ժամանակ կտրվեն մեր հարցերի պատասխանները, եւ կտրվի հստակ տեղեկատվություն  թե՛ ռազմական գործողությունների մասին, թե՛ այն բանակցությունների մասին, որը փորձում է արտաքին գործերի նախարարն իրականացնել։

-Խոսենք վերջին հանդիպման մասին. արտգործնախարարները հանդիպեցին, բայց, կարելի է ասել, կրակի դադարեցման հետ կապված որեւէ հարց չկար։ Այս ամենը նշանակո՞ւմ է, որ իսկապես դիվանագիտական լուծում չկա, այլեւս պետք չէ սպասել դիվանագետների հանդիպումներին, քննարկումներին։ Ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի հետ կապված Ձեր խմբակցությունը։

-Այլեւս ակնհայտ է, որ Ադրբեջանը հրադադար չի պահպանելու։ Ադրբեջանը ցույց է տալիս իր ոչ հարգալից վերաբերմունքը Մինսկի խմբի համանախագահների վերաբերյալ, որը ենթադրում է հետեւյալը՝ ես ձեզ հետ խոսելու, պայմանավորվելու ոչինչ չունեմ, եւ եթե ուզում եք, որ հրադադար լինի, ինձ համար հրադադար հաստատող հեղինակությունը Թուրքիան է։ Եվ մենք գիտենք, որ Ադրբեջանում այլեւս փաստացի իշխանություն չկա, որովհետեւ հենց Թուրքիայի նախագահն էլ է հայտարարել, որ ինչպես Սիրիայում եւ Լիբիայում մենք ունենք նվաճումներ, այդպես էլ Ադրբեջանն է այլեւս մեր նվաճումը։ Եվ այսօր, ըստ էության, Ադրբեջանը չունի ո՛չ քաղաքական, ո՛չ ռազամական ինքնուրույն ղեկավարություն։ Երբ այս համատեքստում ամեն ինչ արվում է, որպեսզի Թուրքային բերեն բանակցությունների սեղան, ըստ այդմ՝ Թուրքիան է դրդիչն այս ամենի, որ հրադադար չպահպանվի։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ Ի՞ՆՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿԱՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ առավոտյան դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու խնդրանքով՝ սահմանելու աջակցության տեսակները եւ չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները եւ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտնել էր, թե Ռուսաստանը Երեւանին  անհրաժեշտ օգնություն կտրամադրի, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էր դիմել ՌԴ-ին՝ նաեւ հղում անելով այլ պայմանագրերի վրա, սակայն նախընտրել է առավել սահմանափակ աջակցության համար դիմել, իսկ ՌԴ ԱԳՆ արձագանքն էլ այդ պայմանագրին համահունչ էր։

Այդ պայմանագրերի թվին է դասվում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 թվականին կնքված Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագիրը, որը հետագայում` 2010 եւ 2016 թվականներին, ենթարկվեց մի քանի արմատական փոփոխությունների, որով ընդլայնվեցին ռուսաստանյան ռազմակայանի խնդիրները՝ նախատեսելով, որ ռուսաստանյան ռազմակայանը, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ողջ սահմանով, նաեւ այն, որ ռուսական կողմն աջակցում է ժամանակակից եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով Հայաստանի Հանրապետությանն ապահովելու գործին։

Երկրորդը 2016թ. ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման ստեղծում տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Ընդ որում, այդ համաձայնագիրը նախատեսում է, որ ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կազմավորվում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմինը:

 

 

 

ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

Ռուսաստանի Դաշնությունը բավարար տեղեկություն չունի Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան երկրների խաղաղապահներ տեղակայելու Միացյալ Նահանգների առաջարկի վերաբերյալ. այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով, որ ցանկացած դեպքում բոլոր չափորոշիչները պետք է համաձայնեցված լինեն հակամարտության կողմերի հետ: «Բոլոր հնարավոր մեխանիզմների անհրաժեշտ չափորոշիչները պետք է համաձայնեցնել հակամարտության կողմերի հետ խորհրդակցություններում»,- ասել է Ռուդենկոն:  Պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան տեղյակ է ԱՄՆ-ի այս առաջարկից, Ռուդենկոն նշել է, որ տեղյակ է այնքանով, որքանով որ լրագրողները:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին:

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ. այս մասին հայտնեցին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից: Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պահպանել հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջեւ հոկտեմբեր ամսին ռազմագերիների եւ դիակների փոխանակման նպատակով:

Հաշվի առնելով ռազմագերիների կյանքին սպառնացող վտանգը՝ Կառավարությունը Եվրոպական Դատարանին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ, որպես Կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմ, կիրառել հետեւյալ միջոցները՝

կոնվենցիայով, ինչպես նաեւ 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւյան Երրորդ եւ Չորրորդ կոնվենցիաներով եւ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր կիրառելի կանոններով նախատեսված պարտավորություններից ելնելով՝ ձեռնպահ մնալ՝

ռազմագերիների եւ քաղաքացիական այն անձանց նկատմամբ, որոնք հայտնվում են ադրբեջանական ուժերի ենթակայության տակ, նվաստացուցիչ վերաբերմունք, խոշտանգումներ, կամայական մահապատիժ, ինչպես նաեւ այլ արգելված վարքագիծ ցուցաբերելուց,

հայ զինվորների դիակները խեղելուց:

Տեղեկատվություն ներկայացնել ռազմագերիների թվի, անունների եւ ներկայումս պահվող ռազմագերիների վերաբերյալ, ինչպես նաեւ մանրամասներ՝ նրանց բժշկական վիճակի եւ բժշկական անձնակազմի կողմից զննության ենթարկված լինելու վերաբերյալ:

 




Լրահոս