Արեւմտյան աղբյուրների պնդմամբ` Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զոհվել է Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումներից մեկի՝ «Համզա» դիվիզիայի հրամանատարներից մեկը։ Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում գրել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի եւ երրորդ երկրներում ընթացող պատերազմներին սիրիացի վարձկանների մասնակցության վերաբերյալ մի շարք հրապարակումների հեղինակ, լրագրող Էլիզաբեթ Ցուրկովը։ Նրա տեղեկություններով` սպանվածը «Համզա» դիվիզիայի կազմում գործող 80-րդ բրիգադի հրամանատար Օմար ալ-Ջալաբին է։
«Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում սպանված եւս 9 սիրիացիների մարմինները Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Հիվար Քիլիս» անցակետով վերադարձվել են հայրենիք», – նշում է Ցուրկովը՝ վկայակոչելով սահմանում գտնվող իր աղբյուրները։
Լրագրողի տեղեկություններով՝ Ղարաբաղ վարձկաններ ուղարկած թուրքամետ մյուս խմբավորումները եւս վերջին օրերին լուրջ կորուստներ են կրել։
«Թուրքիայի աջակցությունը վայելող եւս մեկ խմբավորման՝ «Սուլթան Մուրադի» տասնյակ զինյալներ Լեռնային Ղարաբաղում անհետ կորել են։ Զինյալները մոլորվում են, քանի որ ծանոթ չեն տեղանքին», – նշում է Էլիզաբեթ Ցուրկովը՝ հիշեցնելով, որ սիրիացի վարձկաններից առնվազն երկուսը գերեվարվել են հայկական ուժերի կողմից։
Ցուրկովի տեղեկությունների մի մասը հաստատում է նաեւ Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը։ Շաբաթ օրը իրավապաշտպան կառույցը նոր տեղեկություններ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում զոհված սիրիացի վարձկանների մասին՝ նշելով, որ դրանց թիվը հոկտեմբերի 31-ի դրությամբ հասել է 231-ի։
«Վստահելի աղբյուրների համաձայն` Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական խմբավորումները դեռ շարունակում են ծանր կորուստներ կրել Լեռնային Ղարաբաղում։ Վերջին ժամերին այս տարածքում 14 սիրիացի զինյալ է զոհվել», – նշված է կենտրոնի կայքում։
Նույն աղբյուրի համաձայն` անցած շաբաթվա վերջին եւս 20 զինյալների մարմիններ են Թուրքիայի տարածքով բերվել Սիրիայի հյուսիս՝ հիմնականում Հալեպի նահանգի այն շրջաններ, որոնք վերահսկվում են թուրքամետ խմբավորումների կողմից։
«Ընդհանուր առմամբ, հայրենիք են վերադարձվել Լեռնային Ղարաբաղում զոհված 231 սիրիացիներից 183-ի մարմինները։ Մոտ հինգ տասնյակը շարունակում են մնալ Ադրբեջանում», – պնդում են Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի ներկայացուցիչները։
Չնայած ծանր կորուստներին եւ հայկական ուժերի կողմից գերեվարման դեպքերին՝ Սիրիայի հյուսիսում նոր զինյալների հավաքագրումը շարունակվում է. պնդում է ամերիկուհի լրագրող Էլիզաբեթ Ցուրկովը։ Նրա տեղեկություններով՝ հավաքագրման գործընթացը նորանոր դրսեւորումներ է ստանում։
«Սուլթան Սուլեյման շահ» դիվիզիայի հրամանատար Աբու Ամշայի կողմից հավաքագրված եւս 150 զինյալներ Ադրբեջան էին ժամանել 11 օր առաջ։ Նրանց, սակայն, խաբել էին՝ ասելով, թե մեկնում են Լիբիա, որտեղ այդ խմբավորումը եւս գործում է, – գրում է Ցուրկովը՝ մանրամասնելով: – Այդ մարդկանց միայն Սիրիայի տարածքը լքելուց հետո էին տեղեկացրել, որ նրանք ոչ թե Լիբիա են մեկնում, այլ Ադրբեջան։ Բանն այն է, որ վարձկաններից շատերը [Լեռնային Ղարաբաղում կռվող] սիրիացիների շրջանում զոհերի մեծ թվի պատճառով Ադրբեջան մեկնել չէին ցանկանում», – նշում է Էլիզաբեթ Ցուրկովը՝ զինյալների հավաքագրման մասին եւս մեկ դետալ փոխանցելով։
«Ադրբեջան մեկնող զինյալների այդ խմբում նաեւ անչափահասներ են եղել։ Նախկինում մեզ հաջողվել էր փաստագրել, որ թուրքամետ որոշ խմբավորումներ, մասնավորաբար՝ «Սուլթան Սուլեյման շահը», Սիրիայում եւ Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու համար անչափահաս զինվորների են հավաքագրում։ Մտահոգիչ է, որ այժմ էլ սիրիացի անչափահասներին ուղարկում են Ադրբեջան պատերազմական գործողություններին մասնակցելու նպատակով», – գրում է Ցուրկովը։
Եվ չնայած ղարաբաղյան պատերազմին սիրիացիների մասնակցության մասին ի հայտ եկող նորանոր ապացույցներին՝ պաշտոնական Բաքուն շարունակում է կտրականապես հերքել այս պնդումները։ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը «Washington Times» թերթին տված հարցազրույցում ասել է. «Ես Մոսկվայում եմ դպրոց գնացել։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է քարոզչությունը։ Այս պնդումները պարզապես խորհրդային քարոզչություն են: Այս բոլոր ջանքերի նպատակը փաստերն այնպիսի կեղծ լույսի ներքո ներկայացնելն է, որպեսզի դա Հայաստանին հնարավորություն տա այս պատերազմի մեջ ներքաշել ռուսական ուժերին՝ Ադրբեջանի դեմ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԶԱՏՈՒՄՆԵՐ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Լեւոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։ ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին: Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ռազմական դրության ընթացքում արգելված հրապարակումների համար ոստիկանությունը պատասխանատվության է ենթարկել հարյուր քառասունութ լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտի եւ հարյուր ութսուներեք լրատվական գործունեություն չիրականացնողի. այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ի պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին: Պատգամավորը նկատել է, որ պատերազմական իրավիճակում թիկունքում ջլատում մտցնելը «ստորություն եւ նենգություն է, սակայն դրանք իրավական կատեգորիա չեն»:
ՆՇԱՆԱԿԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ներկայացուցիչներ նշանակելու մասին որոշումներ է ստորագրել. «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»:
ՎՆԱՍՎԵԼ Է ԳՈՒՅՔԸ
Քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց միջադեպերը չեն դադարում: Այս անգամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է իրավիճակը վերահսկողությունից դուրս եկել: Գարիկ Մարտիրոսյանը ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող գործով չպարզված մի խումբ այլ անձնաց հետ, վտանգելով հասարակական անվտանգությունը, մասնակցել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված եւ շուրջ 5 ժամ տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, որի ընթացքում դիտավորությամբ ոչնչացրել ու վնասել է քրեակատարողական հիմնարկի գույքը:
ՉԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին կալանավորելու վերաբերյալ։ Հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի ազատ արձակման որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում: Մեզ հատնի դարձավ, որ Վանիկ Ասատրյանը ցանկություն է հայտնել անձամբ գտնվել իր դեմ ներկայացված բողոքի քննությանը, սակայն վարակվել է կորոնավիրուսով, ուստի խնդրում է այն առանց իր ներկայության չքննել: Վերջինս ապաքինվել եւ ներկա է գտնվել իր դեմ բողոքի քննությանը: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 7-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար:
ԱԱԾ-ի միջնորդությունը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է սեպտեմբերի 1-ին եւ մերժվել է: Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաեւ Գագիկ Ծառուկյանն է անցնում։ 64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։ Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում. խոսքը վերաբերում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, որի ընթացքում վերջինս Լոռու մարզից ընտրվել էր որպես Ազգային ժողովի պատգամավոր: