«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԴԵՐ ՉՈՒՆԻ». ԱՐՓԻՆԵ ԲԵԿՋԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ՝ մենք միայնակ ենք տանում այս պայքարը, յուրաքանչյուր հայ՝ իր իսկ խրամատից»,- Հայաստանում եւ Արցախում առկա իրավիճակի մասին  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ամերիկաբնակ երգչուհի Արփինե Բեկջանյանը, ում սիրտն ու հոգին ամեն վայրկյան սպասում են հայրենիքից մի լավ լուրի։

 

Մեր այն դիտարկմանը, թե ինչու է աշխարհը լռում, երգչուհին ընդգծում է. «Բայց  չէ՞ որ կա պարտավորվածություն, գոնե՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, ինչո՞ւ են լռում. իրոք մեզ պետք է բնաջնջելու փորձը սկսեն, որպեսզի մեզ օգնություն ցուցաբերեն։ Ես չեմ հասկանում, թե ինչ քաղաքական խաղ է սա։ Խոսքս վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններին։ Իրականում շատ բան եմ հասկանում, բայց հիմա «հետեւ» խաղացնելու ժամանակը չէ։ Հիմա այս անգամ հիշեցնելու ժամն է, որ Ռուսաստանը խառնվի։ Գուցե որոշ հարցեր խոչընդոտում են դրան, գուցե խուսափում են երրորդ համաշխարհային պատերազմից, գուցե իրավիճակը թեժացնել չեն ուզում, բայց փաստն այն է, որ դա անխուսափելի է։ Արդեն բավականին լուրջ իրավիճակ է հասունացել, դիվանագիտությունն այլեւս դեր չի խաղում։ Անհապաղ քայլեր են պետք ձեռնարկել»։

Արփինե Բեկջանյանի խոսքով՝ նա միայն խաղաղություն է ցանկանում, որպեսզի այլեւս մեր տղաները, եղբայրները չնահատակվեն. «Մեր քաջ տղաների նկարները, հոլովակները որ նայում եմ, անկախ իմ կամքից՝ հուզվում եմ՝ գիտակցելով, որ ոմանք թեժ մարտերից հետո կգնան Տիրոջ մոտ, եւ չեմ կարողանում կառավարել ինձ, դանակն անգամ որ խփեն սրտիս, արյուն չի գա։ Բայց մեռնեմ իրենց դուխին, իրենք բոլորն էլ իմ երեխաներն են, իմ եղբայրները։ Բոլորին սիրում եւ Աստծուն աղոթում եմ, որ այլեւս ոչ մի մայր հողին չհանձնի իր զավակին։ Ես ինքս մայր եմ եւ գիտեմ, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ ցավ է ապրում։ Սիրտս կտոր-կտոր է լինում: Խաղաղություն եմ ուզում, մեր գյոզալ տղաներին Աստված պահի ու պահպանի, թող յուրաքանչյուրն իմանա, որ սպասող ունի, միայն հաղթանակած վերադառնան»,-նշում է նա։

Արփինե Բեկջանյանի փոխանցմամբ՝ այս ծանր ու բարդ օրերին Սփյուռքի հայությունն ամեն ինչ անում է հայրենիքի փրկության եւ հաղթանակի համար։

«Հավատացե՛ք, Սփյուռքի հայության կողմից ինչ հասնում է, անում ենք։ Պարզապես այս ծանր իրավիճակում գովազդվելու ժամանակը չէ, եւ խիղճս հանգիստ է, որ ոմանց նման «դիվանագիտությամբ, կոմենտաբանությամբ եւ գեղեցկախոսությամբ չեմ զբաղվում, իսկ մեր ներքին որդերին կխնդրեմ չպառակտել երկիրը, այլ միասնաբար պայքարել հայրենիքի փրկության համար։ Պետք է մի բռունցք դառնալ, հարգել, սիրել, գնահատել իրար, գոնե՝ այս օրհասական իրավիճակում։ Առանց այդ էլ ներսի ու դրսի թշնամիներն այնքա՜ն շատ են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եզրափակում է երգչուհին։

Նշենք, որ գիշերվա ընթացքում արցախաադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյունները հայտնաբերվել եւ ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաեւ հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին. հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ՂՐԻՄԸ ՄԵՐՆ Է». ՍԱՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Ռուսաստանում բնակվող հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառմանը, երբեմնի ընկերոջ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հետ լուսանկարներ է հրապարակել եւ հայտնել.

 

«Վովա՛, բարեւ: Այս լուսանկարները՝ մոտ տասը տարվա: Ես հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի քեզ եւ ասացի, որ շատ եմ ուզում, որ խաղաս իմ ֆիլմում, եւ ես աներեւակայելի երջանիկ էի, որ համաձայնեցիր:

Հիշում եմ, թե ինչպես էին պրոդյուսերները տարբեր մեթոդներով փորձում մշակույթի շուրջ իրենց ֆանտազիաները ներդնել իմ ֆիլմում, եւ դու հնարավորինս պաշտպանում էիր ինձ, հիշում եմ՝ ինչպես Կիեւում քեզ ցույց տվեցի մոնտաժի առաջին տարբերակը, եւ դու, ինչպես միշտ, արդար ու ազնիվ էիր, հիշում եմ, թե ինչպես մի անգամ հյուրընկալվեցի քո տանը, եւ քո հիանալի կինը մեզ համար թեյ պատրաստեց։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սրճարանում մեր հայտնի դերասանուհիներից մեկը կոպիտ խոսեց մատուցողի հետ, իսկ դու նրան ասացիր. «Քաղաքավարի եղի՛ր. նա մարդ է»։

Ես հիշում եմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի կինոշուկայում, միմյանց շնորհավորեցինք երեխա ունենալու առթիվ, նույնիսկ պարզվեց, որ մենք մեր տղաներին նույն անունով ենք կոչել՝ Մարկ: Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի, եւ բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մեծ սրտով մարդ ես: Իսկ երեկ ես նայում էի հայ երեխաների` ֆոսֆորային ռումբից այրված մարմինները, եւ, ինչպես պարզվեց, դու էիր այն վաճառել մեր հարեւաններին նրանց հետ  բարեկամությունդ ամրապնդելու համար:

Ես կցանկանայի քեզ ասել. «Քաղաքավարի եղի՛ր. նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ նստում ես այդ աթոռին, այն ամենը, ինչ մարդկային ու բարի է, թողնում ես ինչ-որ տեղ անցյալում: Ես Կալիֆոռնիայից մինչեւ Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես եւ իմ ժողովուրդը չենք կարող բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են: Եվ քանի որ պատմությունն այսպիսին է, ուզում եմ ասել, որ Ղրիմը մերն է»։

 

 

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Արթուր Աբրահամը միացել է «Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը» ակցիային՝ լուսանկար հրապարակելով սոցցանցի իր պաշտոնական էջում: Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

 

 

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը: «Մենք դժվար հանդիպում անցկացրինք, սակայն կարողացանք ճիշտ օգտագործել մեր հնարավորությունն ու առաջ անցնել հաշվի մեջ: Շատ կարևոր միավորներ վաստակեցինք: Միկել Արտետան հրաշալի աշխատանք է կատարում: Նա աստիճանաբար «Արսենալին» վերադարձնում է այնտեղ, որտեղ ակումբը պետք է լինի»,- Օբամեյանգի խոսքը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթանակ է տարել նվազագույն հաշվով: Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին հաղթանակ է բերել Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլը՝ 11 մետրանոցը: «Արսենալը» (7 խաղ) 12 միավորով 8-րդ տեղում է, «Մանչեսթեր Յունայթեդը» (6 խաղ) 15-րդն է՝ 7 միավոր։

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Սպեցիայի» դեմ խաղում տարած հաղթանակը: «Ես վարակված էի կորոնավիրուսով, սակայն հիվանդությունը տանում էի անսիմպտոմ: Այժմ լիովին կազդուրվել եմ եւ պատրաստ եմ օգնել թիմին: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք եւ կարեւոր միավորներ վաստակեցինք: Կրիշտիանուն վերադարձել է»,-ասել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Սպեցիային» եւ առավելության հասավ 4։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ կորոնավիրուսից ապաքինված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը «Յուվենտուսի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին։

 




Լրահոս