Ռուսաստանի Դաշնությունը տարօրինակ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զգացմունքային արձագանքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին Լեռնային Ղարաբաղում արտերկրյա վարձկանների առկայության վերաբերյալ: Այս մասին ռուսական «ТАСС» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրը:
«Անկեղծ ասած՝ մեզ համար ընդհանրապես հասկանալի չէ Ադրբեջանի հարգարժան նախագահ Իլյամ Հեյդարի Ալիևի արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը: Ադրբեջանի նախագահի օգնականները, միգուցե, ինչ-որ նյութ են ցույց տվել նրան, կամ էլ՝ իրենց սեփական մեկնաբանությունը ներկայացրել: Միևնույն ժամանակ, շարունակում ենք համոզված լինել, որ վարձկան-գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանյի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը»,- հայտնել է ռուսական լրատվական գործակալության աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ իսպանական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում Մերձավոր Արևելքից եկած վարձկանների թիվը հասնում է 2000-ի, հայտարարել էր, թե ցավում է, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն և գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած այդ տեղեկատվությունից և ասեկոսեներից:
«Սա խտրական մոտեցում է, որը չի կարող մեր կողմից ընդունվել, դա չի համապատասխանում համանախագահների մանդատին։ Ես բազմիցս եմ ասել, որ միջնորդները պետք է չեզոք լինեն։ Եթե նրանք ինչ-որ մեկի կողմն են բռնում, դա նրանց գործն է, բայց այդ դեպքում պետք է դադարեցնեն միջնորդությունը»,- հայտարարել էր Ալիևը՝ կրկին հերքելով Ադրբեջանում օտարերկրյա վարձկանների տեղակայման վերաբերյալ տեղեկությունները, որոնք բազմաթիվ ապացույցներով ներկայացվել են ոչ միայն հայկական կողմից, այլև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների:
Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի երկուսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց. «Փաստեր կան, որ Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական վարձկաններ են մասնակցում», իսկ հոկտեմբերի յոթին ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նշեց. «Ես կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանը շարունակել Թուրքիային հասցնել այն, որ տարածաշրջանում զինյալների տեղակայումն անընդունելի է եւ կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»:
Ապա ՌԴ ներքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի վեցին նշեց. «ԱՀԾ տեղեկություններով՝ հակամարտության գոտի ակտիվորեն ժամանում են Մերձավոր Արեւելքում պատերազմող միջազգային ահաբեկչական խմբերի վարձկաններ, ինչպիսին են «Ջեբհաթ ան-Նուսրան», «Ֆիքրաթ ալ-Համզան», «Սուլթան Մուրադը», ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումներ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.