«Ուժեղ մնացեք»․ համաշխարհային մարդիկ` հայերի կողքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ ամսից ավելին է ինչ համաշխարհային աստղերը շարունակում են աղաղկել Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող էթնիկ ոչնչացման Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրի մասին։ Այս օրերին աշխարհի գրեթե բոլոր երկրներում տեղի են ունենում բողոքի ակցիաններ ի աջակցություն Արցախի խաղաղ բնակչության վաղվա ազատ օրվա, սակայն մինչ օրս մեզ՝ հայերիս համար, ծանր է աշխարհի լռությունն այդ վայրագություններին։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել այն մարդկանց, ովքեր պարբերաբար անդրադառնում են Արցախյան իրադարձություններին։
Արցախի ճանաչումը՝ ծննդյան օրվա լավագույն նվեր. սա իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ցանկությունն է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է Մարչիանոյին՝ նշելով, որ տաղանդավոր երաժիշտը միշտ կանգնած է Հայաստանի կողքին: Մարչիանոն շնորհակալություն է հայտնել՝ նշելով. «Ծննդյանս օրվա լավագույն նվերը կլիներ աշխարհի կողմից Արցախի ճանաչումն ու պատերազմի անհապաղ ավարտը։ Ուժեղ մնացեք»:

Ի դեպ, օրեր առաջ Մարչիանոն ի աջակցություն հայերին տեսաուղերձով հայտնել էր. «Այս տեսաուղերձով աջակցությունս եմ հայտնում հայերին, որոնք պատերազմում են Ադրբեջանի, Թուրքիայի, իսլամիստ ահաբեկիչների դեմ՝ հայկական հողում, որի անունը Արցախ է։ Այն միշտ պատկանել է Հայաստանին: Մենք պետք է լինենք Հայաստանի ու հայերի կողքին, քանզի լռությունն ամենավատ բանն է, որ կարող ենք անել։ Բոլորս շատ հայ ընկերներ ունենք, ես վստահ եմ, եւ գիտենք, թե ինչպիսին են հայ ընկերներն ու հայերը։ Դժվար պահերին նրանք զանգահարում են, նրանք միշտ կողքիդ են, մշտապես հարցնում են՝ ինչ կարող են անել քեզ համար։ Եկեք անենք նույնը՝ նրանց ցույց տանք, որ մենք նույնպես այնտեղ ենք, նրանց հետ եւ նրանց համար։ Եկեք կանգնենք հայերի կողքին։ Մենք բոլորս հայ ենք»։

Իսկ, ահա հեղինակավոր hollywoodreporter.com կայքը հոդված է հրապարկել հոլիվուդյան այն աստղերի մասին, որոնք իրենց ձայնն են բարձրացնում այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետեւանքով երկրի բնակչության կեսը տեղահանվել է, կան մեծ թվով զոհեր։

Հակամարտության մասին թեթեւ ակնարկից հետո հրատարակությունը նշում է, որ ամերիկահայ աստղեր Քիմ Քարդաշյանը եւ Շերն աջակցում են հայերին՝ ԱՄՆ-ին կոչ անելով միջամտել և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։
Խոսվում է նաև Քարդաշյան՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարած 1 միլիոն դոլար նվիրատվության մասին։

Նշվում է, որ հայերին աջակցելու գործով է զբաղվում նաև 2016 թվականին լույս տեսած «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, ինչպես նաեւ Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտի տնօրեն Էրիկ Էսրայելյանը, որը նշում է, որ «իրավիճակը ցավոք տարածաշրջանում հումանիտար աղետի է վերածվել հայերի համար» եւ հույս հայտնում, որ երկրների կառավարությունները կօգտագործեն իրենց ազդեցությունը ևս մի ողբերգություն կանխելու համար։

«Խոստումը» ֆիլմի դերասան Օսկար Այզեկը, իր հերթին, նշում է, որ սարսափելի է կարծել, որ հայ ժողովուրդը կրկին վտանգված է։

Իսկ, Բելգիացի բլոգեր Ռոուզ Վանդեկերկխովն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում լուսանկար է տեղադրել` կոչ անելով միջոցներ նվիրաբերել համահայկական հիմնադրամին:

Ռոուզը լուսանկար է վերահրապարակել, որտեղ գրված է, որ խաղարկվում է «Շանել» ապրանքանիշի պայուսակ, հաղթող կճանաչվի ֆոնդին գումար նվիրաբերած օգտատերերից որեւէ մեկը։

«Կարելի է նվիրաբերել 50 դոլարից սկսած, պայուսակի արժեքը 5000 դոլար է»,- նշել է նա։

Ի դեպ Հայաստանի եւ Արցախի համար այս ծանր օրերին Արցախում է նաեւ մոսկվաբնակ Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս