ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՄՆ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն այսօր նախագահ է ընտրում։ Սպիտակ տանը առաջիկա չորս տարում տանտեր լինելու համար պայքարում են Հանրապետական կուսակցությունից գործող նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ դեմոկրատներից՝ Ջոզեֆ Բայդենը։ Բացի այդ, ընտրվելու են նաեւ 35 սենատոր, 435 կոնգրեսական, 13 նահանգապետ, տարածքային եւ տեղական իշխանության ներկայացուցիչներ։ Բոլոր մասնագետները պնդում են՝ Բայդենը կհաղթի մեծ առավելությամբ։  Ներդրողների ու վերլուծաբանների կարծիքով՝ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն կխստացնի վերաբերմունքը Անկարայի հանդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտաքին ռազմական միջամտությունների եւ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պատճառով։ ԱՄՆ-ում Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու առաջարկներ արվել էին դեռ այն ժամանակ, երբ Անկարան, անտեսելով արեւմտյան դաշնակիցների հորդորները, ձեռք բերեց ռուսական S-400 հրթիռային համակարգեր, ինչը, Վաշինգտոնի գնահատմամբ, սպառնալիք է ՆԱՏՕ-ի անվտանգությանը։

Անցած շաբաթ առաջատար հանրապետական ու դեմոկրատական սենատորները կրկին կոչ արեցին Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել, երբ Թուրքիան առաջին անգամ փորձարկեց ռուսական հրթիռները՝ առաջացնելով Պենտագոնի ու Պետդեպարտամենտի վրդովմունքը։ Վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում կարող է սառնություն առաջանալ, եթե նոյեմբերի 3-ին հաղթի Բայդենը։ Դեռ անցած դեկտեմբերին նա խոսել էր ավտոկրատ Էրդողանի հանդեպ նոր մոտեցում որդեգրելու օգտին՝ անհանգստություն հայտնելով Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցության կապակցությամբ։ Լոս Անջելեսում անկախ հետազոտական EM ընկերության նախագահ Բլեզ Անթինն էլ նշում է, որ, այնուամենայնիվ, Բայդենի դեպքում Սպիտակ տան կապը Էրդողանի հետ, ամենայն հավանականությամբ, ավելի թույլ կլինի։ Միաժամանակ նա նշել է, որ Էրդողանը պրագմատիկ մարդ է եւ նման զարգացումների դեպքում կփորձի որոշ պտույտներ կատարել։ Իսկ ի՞նչ փոփոխություն կարող է լինել ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո Հայաստանի համար: Այս առնչությամբ քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է. «Թրամփի վերընտրվելու պարագայում ոչ մի էական փոփոխություններ չեն լինի։ Կշարունակվի այն գիծը, որը լավագույն դեպքում Ռոբերտ Օ՛Բրայենի հայամետ հայտարարությունների տեսքն ունեցավ։ Բայդենի ընտրության պարագայում լուրջ եւ ծանր ճնշում կսկսի կիրառվել Թուրքիայի վրա, կարող է կրճատվել Ադրբեջանի հետ համագործակցության եւ օգնության ծավալը, որ ավանդաբար Ադրբեջանին եւ Հայաստանին է տրվել։ Կսկսվի արդեն իրական մրցավազք Հարավային Կովկասում` ի հակադրություն արդեն Թուրքիային անցած Ադրբեջանի, շահելու համար Հայաստանի սիրտը։ Այդ առումով Բայդենը ոչ միայն ԱՄՆ համար միակ ընդունելի թեկնածուն է, այլեւ Հայաստանի»։  Այսպիսով, Հայաստանին մնում է սպասել ընտրությունների արդյունքներին: Երեւանյան ժամանակով 22։00-ի դրությամբ, երբ ԱՄՆ ողջ տարածքում ընտրությունները մի քանի ժամ է, ինչ ընթանում էին, իսկ մի քանի նահանգներում արդեն հայտնի էին արդյունքները,  Exit-poll-ի տվյալների համաձայն՝ 52/48 տոկոս հարաբերակցությամբ առաջատար է Ջո Բայդենը։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ից Մոսկվայում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած պատվիրակության անդամները երեկ վերադարձել են Հայաստան: Հիշեցնենք՝ պատվիրակության կազմում ներգրավված էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Եվ հետաքրքիր է, որ ի սկզբանե պատվիրակության կազմում պետք է ընդգրկված լիներ նաեւ ԲՀԿ կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը, սակայն վերջում որոշում է կայացվել նրա փոխարեն Մոսկվա գործուղել Նաիրա Զոհրաբյանին: Եվ չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ընթացքում բհկ-ականները հանդիպել են թե՛ ընդդիմադիր կուսակցությունների, թե՛ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, սակայն որոշել են լռել եւ չխոսել Մոսկվա կատարած այցի, հանդիպումների, զրույցների կամ արդյունքների մասին: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումները բազմաթիվ են եղել, իսկ թե որքանով կարող են արդյունավետ լինել, դեռ վաղ է խոսել: Մեզ հայտնի դարձավ, որ նրանք հենց առաջին օրը հանդիպել են Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցության ներկայացուցիչների եւ անձամբ հենց իր հետ, ինչպես նաեւ հանդիպում ունեցել Պետդումայի պատգամավորների, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր հայրենի խորհրդարան են ներկայանալու իրավական ոլորտը ներկայացնող մի խումբ պաշտոնյաներ: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեն ներկայացնելու են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ինչպես նաեւ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Մենք տեղեկացանք նաեւ, որ խորհրդարան են գալու ՀՀ վերաքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչպես նաեւ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը. վերջիններս եւս կներկայացնեն 2021 թվականի իրենց բյուջեն, անելիքները: Նախատեսված է, որ ԱԺ կներկայանա նաեւ Հհ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նշենք, որ այս օրերին խորհրդարանում ընթանում է տարբեր պետական կառույցների՝ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում: Նոյեմբերի 2-ին, պատերազմական իրավիճակով պայմանավորված, բյուջեի նախագծի բացմանը խորհրդարան էր ներկայացել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. պետական բյուջեի նախագծերը ԱԺ-ին անցած տարիներին ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ այս պահի դրությամբ դեռեւս անհայտ է՝ վաղը նշված պաշտոնյաները խորհրդարան կգան, թե ոչ:

 

 

 

Հաջորդ տարվա փետրվարին Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում: Պարզվում է՝ պատերազմի պատճառով ավելացել են էներգահամակարգի անվտանգության ապահովման ծախսերը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում այս տարի բավականին խնայողություններ են եղել, իսկ կորուստները նվազել են շուրջ 2.5 տոկոսով, որը համարժեք է 4-5 մլրդ դրամի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, նվազել են 3.7 տոկոսով: Բայց այս տարվա 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հակառակը, ավելացել են 1.5 տոկոսով: Բացի այս, հայտնի դարձավ, որ հաջորդ տարում նախատեսվում է նաեւ ՀԱԷԿ-ի կանգ։ Ատոմակայանը, վերազինման աշխատանքների հետ կապված, մոտ կես տարի չի աշխատի. ըստ ՀԾԿՀ ղեկավարի՝ շուրջ 140 օր կկանգնի։ Այդ կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայով։

 

 




Լրահոս