Իսպանացի խորհրդականներից եւ լրագրողներից բաղկացած մոտ 25-հոգանոց պատվիրակությունն արդեն երկու օր է՝ Հայաստանում է: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին ծանոթանալու եւ միջազգային հանրությանը կոչ անելու ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Իսպանիայի պատվիրակությունը երեկ մեկնել էր Գորիս:
-Պարո՛ն Ինյարիտու, որտե՞ղ եք եղել արդեն, եւ ի՞նչ եք հասցրել տեսնել:
-Մենք Հայաստան ժամանեցինք շաբաթ երեկոյան, արդեն հանդիպումներ ենք ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, դրանից հետո մենք հանդիպեցինք Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներին։ Շաբաթ երեկոյան մենք նաեւ այցելել ենք Հայոց ցեղասպանության թանգարան՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել հարյուր տարի առաջ։ Արդեն երեկ մենք եղանք Գորիսում, այցելեցինք հոսպիտալ, հանդիպեցինք Ֆրանսիայից եւ այլ երկրներից ժամանած կամավոր բժիշկներին, որոնք եկել են օգնելու, նաեւ վիրավոր զինծառայողներին եւ այնտեղ գտնվող արցախցի ընտանիքներին, երեխաներին։
-Ձեզ ապացույցներ ներկայացվե՞լ են, թե ինչպիսի արգելված զինատեսակներ են օգտագործվում Արցախի ժողովրդի նկատմամբ։
-Իհարկե, երեկ Գորիսում մենք կարողացանք տեսնել ֆոսֆորային բոմբերի ծուխը, մենք հանդիպեցինք բժիշկների, որոնք պատմեցին եւ բացատրեցին մեզ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ, եւ ինչ վնասվածքներ ունեն վիրավորները։ Հասկացանք նաեւ 90-ականների եւ այս օրերի պատերազմների տարբերությունները, վնասվածքներն են նաեւ տարբեր, մարդկանց նկատմամբ օգտագործում են ֆոսֆորային եւ այլ տեսակի քիմիական բոմբեր, որոնք դեմ են մարդու իրավունքներին եւ արգելված են։ Կան բավարար ապացույցներ, որ Ադրբեջանն Արցախի նկատմամբ այս պահին պատերազմական հանցագործություն է իրականացնում։
-Ի՞նչ հետեւանքներ պետք է լինեն Ադրբեջանի համար այս արարքներից հետո։
-Ես անակնկալի եկա, երբ դիտեցի վարձկանների, ահաբեկիչների տեսանյութերը, որոնց գերի էին վերցրել Արցախում, երբ նրանք պատմում էին, որ Ադրբեջանի կողմից կռվելու համար իրենց Թուրքիայից 2.000 դոլար գումար են խոստացել։ Սա նորություն չէր այն առումով, որ մինչեւ այժմ էլ կային ապացույցներ այդ մասին միջազգային մամուլում։ Սակայն ինձ համար մի նորություն կար. նրանցից մեկն ասում էր, որ իրենց խոստացել են ավել 100 դոլար գումար ամեն կտրած գլխի համար։ Մենք Երեւանի Ցեղասպանության թանգարանում տեսանք 100 տարի առաջ արված լուսանկարներ, թե ինչպես են թուրքերը կտրել հայերի գլուխները։ Դա նշանակում է, որ 100 տարի առաջ մարդիկ պատրաստ են եղել սպանել հայերին միայն նրա համար, որ նրանք հայ են։ Դա սարսափելի է, եւ, փաստորեն, այդ երեւույթն առկա է նաեւ այժմ։ Երկրորդ հանգամանքն այն է, որ կան մի քանի ապացույցներ, որ Ադրբեջանը որոշել է միանձնյա տիրանալ Արցախին, բայց միայն դա չէ, նրանք նաեւ պատերազմական հանցագործություններ են իրականացնում՝ օգտագործում են արգելված զենքեր. կան բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես են նրանք սպանում քաղաքացիներին, հրետակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները, եկեղեցիները, հոսպիտալները։ Եվ մենք ասում ենք, որ այս ամենը պետք է պատճառ հանդիսանա, որ միջազգային հանրությունը գործի, ընդ որում՝ արագ, հակառակ դեպքում այդ տեսակի հանցագործությունները կավելանան, նաեւ ցեղասպանության վտանգ է առկա Արցախում։ Մենք գիտենք պատմությունը, եւ դա պետք է պատճառ հանդիսանա, որ միջազգային հանրությունն արագ գործի։
-Այդ դեպքում ինչպե՞ս եք Դուք այժմ տեսնում այս կոնֆլիկտի կարգավորումը։
-Ես կարծում եմ, որ երկու կողմերը պետք է հասնեն հրադադարի համաձայնագրի. առանց դրա անհնար է։ Բայց ես մտածում եմ, որ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել Արցախի եւ այնտեղի բնակչության տեսակետը։ Նրանք ցանկանում են ապրել ժողովրդավար կերպով՝ իրենց ձայնի իրավունքը լսելի դարձնելով, սակայն, կարծում եմ, պարոն Ալիեւը պատրաստ չէ դրան եւ դրա համար նախընտրեց հարձակվել խաղաղ բնակչության վրա եւ փորձել նվաճել այդ տարածքը, որովհետեւ մի օր Սովետական Միությունը որոշեց, որ այդ տարածքը Ադրբեջանինն է, բայց Արցախի հանրության մեծամասնությունը երբեք չընդունեց այն։
-Արդյոք դա միայն Ադրբեջանի՞ ցանկությունն է։ Ի՞նչ կարող եք ասել Թուրքիայի դերի մասին։
-Թուրքիան իսկապես խնդիր է, եւ ոչ միայն այստեղ՝ Կովկասում: Այն խնդիր է նաեւ այլ տարածքներում. մենք տեսանք, թե ինչ եղավ Լիբիայի, Կիպրոսի, Հունաստանի, Սիրիայի, Իրաքի, Քուրդիստանի պարագայում, իսկ հիմա էլ Թուրքիայի թիրախը Կոսվկասն է՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Ես մտածում եմ, որ պարոն Էրդողանի օրակարգում մի քանի ծրագրեր կան. դրանից մեկը նրա իսլամական ծրագիրն է, որ ամբողջ տարածաշրջանը պետք է լինեն թուրքեր, իսկ երկրորդն էլ պանթուրքական ծրագիրն է, որ նա ցանկանում է հսկողություն սահմանել Թուրքիայի հարակից տարածքներում: Իսկ այն, ինչ մենք տեսնում ենք այժմ, շատ մարդիկ ասում են, որ Թուրքիան փորձում եւ ցանկանում է Ադրբեջանի հետ կապ ունենալ Նախիջեւանի միջոցով: Միգուցե այն, ինչ մենք տեսնում ենք ամենուր, հենց նրա ծրագրերն են:
-Այդ դեպքում ի՞նչ սպասենք միջազգային հանրությունից, երբ տեսնում ենք, որ շատ երկրներ զենք են վաճառում Ադրբեջանին:
-Ես կարծում եմ՝ ԵՄ-ի բոլոր երկրները պետք է դադարեն սպառազինություն վաճառել Ադրբեջանին եւ Թուրքիային, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչպես են այս զենքերն օգտագործվում խաղաղ բնակիչների, բնակավայրերի ուղղությամբ: Ես Իսպանիայի կառավարությունում ելույթի ժամանակ բացահայտ ասել եմ, որ պետք է սկզբունքորեն դադարել սպառազինություն վաճառել Ադրբեջանին: Բայց այստեղ հարցը միայն Իսպանիան չէ. իմ կարծիքով՝ բոլոր երկրները պետք է դադարեն կոնֆլիկտի ընթացքում զենք վաճառել Թուրքիային եւ Ադրբեջանին: Մյուս երկրների պարագայում իրավիճակն այլ է:
-Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Այժմ այն հնարավոր համարո՞ւմ եք:
-Ես մտածում եմ, որ դա շատ կարեւոր քայլ է լինելու: Կոնֆլիկտները տարբեր են, ունենում են տարբեր լուծումներ: Մենք տեսանք, թե ինչպես տասը տարի առաջ միջազգային հանրության մեծամասնությունը որոշեց ճանաչել Կոսովոն՝ որպես անկախ պետություն: Այն ժամանակ եւս բռնություն էր իրականացվում խաղաղ բնակավայրերի, բնակիչների ուղղությամբ: Նույնն էլ տեսնում ենք հիմա. պարոն Ալիեւն ասում է, որ ինքը կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց դրան զուգահեռ տեսնում ենք, թե ինչպես են նրանք հարձակվում խաղաղ բնակիչների ուղղությամբ: Ի՞նչ սպասել այդ դեպքում նման երկրից: Եվ այդ պատճառով ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է հասկանա՝ անհնար է, որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի ներսում խաղաղ ապրի, եւ ես մտածում եմ՝ պետք է վարվել այնպես, ինչպես Կոսովոյի պարագայում: Եվ Արցախի՝ որպես անկախ պետություն ճանաչումից հետո կարող է լինել խաղաղություն ոչ միայն Արցախի, այլ ամբողջ տարածաշրջանի, հայերի, վրացիների, ադրբեջանցիների համար, եւ ամբողջ տարածաշրջանը երջանիկ կլինի, որովհետեւ ոչ ոք տարածաշրջանում չի ցանկանում, որ պատերազմ լինի: Սակայն դիկտատոր Ալիեւը որոշել է այլ ճանապարհով գնալ եւ տարածաշրջանը տանել պատերազմի, բայց միջազգային հանրությունը կարող է վերջ դնել այդ ամենին:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԱԾՆԵՐԻՑ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԻԾ
ArmLur.am-ը գրել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 142 դատապարտյալ եւ կալանավոր պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 36 խցի դատապարտյալ Հրայր Հունանյանը, որը մասնակցել է նաեւ 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին, հայտնեց. «Բոլոր կալավորներով մի մարդու պես մեր դոշակները, վերմակները խցերից հանելու ենք դուրս, հրաժարվելու ենք սնունդից, քանի որ տեսնելով մեր երկրի վիճակը՝ շատ ենք տանջվում: Դիմումներ ենք գրել 10 օր առաջ, որ պատրաստ ենք գնալ կռվել, մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ կռվենք, ոչ մի ձայն, ոչ մի բանի տեղ չեն դնում։ Մենք այդ հացը ո՞նց ուտենք, որ մեր տղերքը զոհվում ու վիրավորվում են»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում ռազաճակատ գնալու համար կալանավորների դիմումների թիվը անցնում է 300-ից: «Ժողովուրդ» օրաթերթին ՔԿԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չէին ցանկացել հայտնել: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանի հետ: Իսկ ի՞նչ ընթացք տվեց ՀՀ գլխավոր դատախազությունը կալանավորների եւ դատապարտյալների դիմումին: Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Նման ցանկություն հայտնած կալանավորված 12 անձի խափանման միջոց փոխվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով նշված նպատակով: Եվ նման ցանկություն հայտնած 9 դատապարտյալ, որոնք համապատասխանել են օրենքով սահմանված չափանիշներին, պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել՝ առաջնագիծ մեկնելու համար: Չափազանց զգույշ եւ անհատական մոտեցում է ցուցաբերվում դիմումների ընթացքը որոշելիս, յուրաքանչյուր դիմում քննարկման առարկա է դառնում անհատական կարգով՝ վստահ լինելու համար, որ, նախ, իրավիճակը չի ծառայեցվում ազատության մեջ հայտնվելու անձնական շահերի համար, եւ որ զինված ուժերին միանալու դեպքում նվազագույնի հասցված կլինեն հանցավոր վարքագծի ռիսկերը: Նման մոտեցումը լիովին արդարացված է, քանի որ ունենք առանձին քիչ դեպքեր, երբ նշված նպատակով մարդկանց հնարավորություն է տրվել հայտնվելու ազատության մեջ, բայց նրանք դեռեւս չեն ներկայացել իրավասու մարմնին՝ առաջնագիծ գնալու համար»:
ՄԵԿՆԵԼ Է ԱՌԱՋՆԱԳԻԾ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը կրկին առաջնագիծ է մեկնել: Armlur.am-ի հետ զրույցում Մադաթյանը հայտարարեց, որ առաջնագծից վերադարձել է այն ժամանակ, երբ մահացել են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն ու իր որդին: Մադաթյանը նշեց, որ ինքը միացել էլ Գասպարյանի ջոկատին, Արցախում եղել է մինչեւ հոկտեմբերի 14-ը, վիրավորվել է, բուժվել, հիմա կրկին Արցախ է վերադառնում: ԲՀԿ-ական պատգամավորը վստահեցնում է, որ առաջիկայում կլսենք հայկական կողմի հաղթանակների մասին: Վերջինիս կարծիքով՝ նման դաժան պատերազմ երբեք չէր եղել, ու նման իրավիճակի ինքն առաջին անգամ է ականատես լինում:
ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2021 թվականին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար բյուջեից կհատկացվի 210,87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերը հաշվի առնելու, դրանց ծավալը կկազմի 37,3 մլրդ դրամ. այս մասին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով՝ առանց դեֆիցիտային ծրագրերը հաշվի առնելու, նախատեսված վարկային ծրագրերի ծավալը կկազմի 51,2 մլրդ դրամ, իսկ դրամաշնորհային ծրագրերի ծավալը՝ 14,7 մլրդ դրամ: «Էներգահամակարգի զարգացման ծրագրերի համար, օրինակ, կհատկացվի 34,6 մլրդ դրամ, որից 33,1 միլիարդը մտնում է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման մեջ»,-ասել է նա։
ՉՊԵՏՔ Է
Ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանների մոտ. այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին` նախազգուշացնելով, որ եթե Թեհրանը վտանգ զգա, ապա վճռական պատասխան կտա։ «Ցավոք, մեր հարեւանների` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմ է ընթանում: Սա ցավալի իրադարձություն է, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ պետք է հնարավորինս արագ ավարտվի»,- ասել է նա: Վերջինս շեշտել է, որ ադրբեջանական տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որը «դրանք ազատագրելու իրավունք ունի»: Ընդ որում, նա մատնանշել է Ղարաբաղի տարածքում ապրող հայերի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: