ԱՄՆ-ն այսօր նախագահ է ընտրում։ Սպիտակ տանը առաջիկա չորս տարում տանտեր լինելու համար պայքարում են Հանրապետական կուսակցությունից գործող նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ դեմոկրատներից՝ Ջոզեֆ Բայդենը։ Բացի այդ, ընտրվելու են նաեւ 35 սենատոր, 435 կոնգրեսական, 13 նահանգապետ, տարածքային եւ տեղական իշխանության ներկայացուցիչներ։ Բոլոր մասնագետները պնդում են՝ Բայդենը կհաղթի մեծ առավելությամբ։ Ներդրողների ու վերլուծաբանների կարծիքով՝ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն կխստացնի վերաբերմունքը Անկարայի հանդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտաքին ռազմական միջամտությունների եւ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պատճառով։ ԱՄՆ-ում Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու առաջարկներ արվել էին դեռ այն ժամանակ, երբ Անկարան, անտեսելով արեւմտյան դաշնակիցների հորդորները, ձեռք բերեց ռուսական S-400 հրթիռային համակարգեր, ինչը, Վաշինգտոնի գնահատմամբ, սպառնալիք է ՆԱՏՕ-ի անվտանգությանը։
Անցած շաբաթ առաջատար հանրապետական ու դեմոկրատական սենատորները կրկին կոչ արեցին Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել, երբ Թուրքիան առաջին անգամ փորձարկեց ռուսական հրթիռները՝ առաջացնելով Պենտագոնի ու Պետդեպարտամենտի վրդովմունքը։ Վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում կարող է սառնություն առաջանալ, եթե նոյեմբերի 3-ին հաղթի Բայդենը։ Դեռ անցած դեկտեմբերին նա խոսել էր ավտոկրատ Էրդողանի հանդեպ նոր մոտեցում որդեգրելու օգտին՝ անհանգստություն հայտնելով Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցության կապակցությամբ։ Լոս Անջելեսում անկախ հետազոտական EM ընկերության նախագահ Բլեզ Անթինն էլ նշում է, որ, այնուամենայնիվ, Բայդենի դեպքում Սպիտակ տան կապը Էրդողանի հետ, ամենայն հավանականությամբ, ավելի թույլ կլինի։ Միաժամանակ նա նշել է, որ Էրդողանը պրագմատիկ մարդ է եւ նման զարգացումների դեպքում կփորձի որոշ պտույտներ կատարել։ Իսկ ի՞նչ փոփոխություն կարող է լինել ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո Հայաստանի համար: Այս առնչությամբ քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է. «Թրամփի վերընտրվելու պարագայում ոչ մի էական փոփոխություններ չեն լինի։ Կշարունակվի այն գիծը, որը լավագույն դեպքում Ռոբերտ Օ՛Բրայենի հայամետ հայտարարությունների տեսքն ունեցավ։ Բայդենի ընտրության պարագայում լուրջ եւ ծանր ճնշում կսկսի կիրառվել Թուրքիայի վրա, կարող է կրճատվել Ադրբեջանի հետ համագործակցության եւ օգնության ծավալը, որ ավանդաբար Ադրբեջանին եւ Հայաստանին է տրվել։ Կսկսվի արդեն իրական մրցավազք Հարավային Կովկասում` ի հակադրություն արդեն Թուրքիային անցած Ադրբեջանի, շահելու համար Հայաստանի սիրտը։ Այդ առումով Բայդենը ոչ միայն ԱՄՆ համար միակ ընդունելի թեկնածուն է, այլեւ Հայաստանի»։
Հարցումների արդյունքով այս պահին 8,5%-ով առավելություն ունի Ջո Բայդենը, բայց չմոռանանք, որ 2016թ?-ին էլ 12% -13% առավելություն ուներ Հիլարի Քլինթոնը, իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո, բոլորիս է հայտնի: Ամերիկացիները ընտրատեղամասեր կգնան 2020-ի նոյեմբերի 3-ին՝ Միացյալ Նահանգների նախագահին ընտրելու համար, սակայն նրանք երկրի նոր ղեկավարին կընտրեն ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ մի կառույցի միջոցով, որը հայտնի է որպես Ընտրական կոլեգիա, որում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն: Գործող նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն է՝ ԱՄՆ 45-րդ նախագահը, ում մրցակիցը ԱՄՆ նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջո Բայդենն է: 2020 թվականի ընտրությունները էկանորեն տարբերվում են նախորդ տասնամյակների գրեթե բոլոր ամերիկյան ընտրարշավներից։ Այս անգամ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամերիկացի ընտրողների մեծամասնությունը գերադասեց քվեարկել փոստով կամ էլ վաղաժամ։ Վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն` վաղաժամ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 95 միլիոն ամերիկացի։ Համեմատության համար նշենք, ի դեպ, որ չորս տարի առաջ՝ 2016-ի նախագահական ընտրությունների ժամանակ, այս ցուցանիշը երկու անգամ ավելի ցածր էր։
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով, ի դեպ, փոստով եւ վաղաժամ են քվեարկել հիմնականում Ջոզեֆ Բայդենի ընտրողները։ Թրամփն ընտրարշավի ընթացքում բազմիցս իր թերահավատությունն էր հայտնել հատկապես փոստով քվեարկության արդարության եւ թափանցիկության հանդեպ, ինչը նրա ընտրազանգվածի մի զգալի մասի կողմից որպես բուն քվեարկության օրը տեղամասեր գնալու կոչ էր ընկալվել։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳՆԱՃ ՉԻ ԼԻՆԻ
Հայաստանում 2021-ից թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի. այս մասին վստահեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Չեմ կարծում, որ գնաճ լինի: Մենք խոսում ենք մեր ամբողջ շուկայի սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների քանակի մասին: Գնաճի համար պետք է այս սեգմենտում առաջարկվող ապրանքների զգալի մասն առաջարկվեր հենց թուրքական ապրանք ներկրողների համար: Մենք ունենք գնահատականներ, որ առանձին վերցված որեւէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունեն գերակշիռ նշանակություն, ուրեմն վստահաբար գնաճ չի լինի»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ տնտեսավարողները ներկրումներ կիրականացնեն այլ շուկաներից: Նախարարը վստահ է, որ բիզնեսով զբաղված անձինք բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են գտնվում այլ հնարավորությունները: Նախարարի կարծիքով՝ կարելի է նույն ապրանքները ներմուծել ՌԴ-ից, Բելառուսից, Չինաստանից, Իրանից եւ այլ երկրներից:
ԼԻԱԶՈՐՈՒԹՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամո Ժորժիկի Սահակյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Ժորժիկի Սահակյանի լիազորությունները 2020 թվականի հոկտեմբերի 30-ից համարել դադարեցված»,-ասված է որոշման մեջ։
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՈՒՆ
Հումանիտար աջակցության շրջանակներում «Atlantis European Airways» ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովո-Երեւան ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը, որը կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության կողմից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ եւ առողջապահական պարագաներ։ «Ինչպես արդեն նշել ենք, առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն իրականացրել են արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առեւտրային հիմունքներով, իսկ որոշները՝ նաեւ սեփական միջոցների հաշվին»,-ասված է կոմիտեի հաղորդագրությունում:
ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՆ
Հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները հումանիտար իրավունքների հանդեպ եւ պաշտպանեն քաղաքացիներին. այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացնող, համաշխարհային քրեական արդարադատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մորս Թանը։ «Բռնությունն ու արյունահեղությունը պետք է դադարեն», – շեշտել է Թանը: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել կայուն հրադադար հաստատելու համար. «Միացյալ Նահանգները կոչ է անում լուծել հակամարտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների շրջանակում»։ Մորս Թանի խոսքով՝ ԱՄՆ-ն մտահոգված է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի աճող թվերով, օբյեկտների թիրախավորմամբ։ Դեսպանն ընդգծել է, որ հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարությունները պատասխանատու են քաղաքացիական անձանց եւ օբյեկտների թիրախավորման համար։
ՄՇԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով շփումներն ընթանում են փորձագետների մակարդակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, եւ վաղաժամ է խոսել երկու երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպելու մասին։ Նա ասել է, թե (կարգավորման) որոշակի մշակումներ կան, որ արվել են Մինսկի խմբի շրջանակներում, եւ ներկայումս խոսքը դրանց մասին է։ Ռուսաստանի դիրքորոշման մասին նա ասել է, թե հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ «Լուծումը պետք է լինի համապարփակ, քաղաքական` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,- ասել է Ռուդենկոն։
ԽՈՒՃԱՊ ՉԿԱ
Ոչ մի խուճապային տրամադրություն չկա, բոլոր ստանդարտ եւ նախօրոք պլանավորված աշխատանքները, որոնք նմանատիպ իրավիճակներում պետք է իրականացվեն, իրականացվում են. այս մասին ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե դեռեւս ամիսներ առաջ Ադրբեջանը հայտարարում էր, որ պատրաստ է ատոմակայանը թիրախավորել, եւ հարցին՝ ինչ իրավիճակ է հիմա: «Ռազմական դրության ժամանակ ատոմակայանին զուգահեռ աշխատում են նաեւ նմանատիպ հզորություններ, որ եթե անհրաժեշտ լինի կանգնեցնել կայանը, էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ չեն լինի հանրապետությունում»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է 140 օրով ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելուն, Բաղրամյանի խոսքով՝ 2021-ին նախատեսվում է բավականին լայնածավալ աշխատանքների իրականացում, ինչով պայմանավորված էլ՝ ատոմակայանն իր սովորական ռեժիմից շատ ավելի երկար կկանգնի: