ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԳԵՐԱԶԱՆՑԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականին հարկային եկամուտները գերազանցելու են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամը, ինչը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջեի մասին» օրենքով նախատեսվածից 40 միլիարդով ավելի է։ Այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

 

«ՀՀ 2020-ի բյուջեի մասին» օրենքով նախատեսված է 1 տրիլիոն 320, 5 միլիարդ դրամ, սակայն մեր կանխատեսումներով՝ այն կարող է կազմել 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ եւ, հնարավոր է, մի փոքր ավելի, ինչը բավականին լավ ցուցանիշ է։ Համավարակի ազդեցության եւ պատերազմական գործողությունների արդյունքում սպասումները մի փոքր ավելի վատն էին, բայց մեր բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել, ինչը մեր տնտեսության մեջ դրական երեւույթ է, քանի որ մենք կարող ենք ասել, որ տնտեսության մակրոտնտեսության վիճակը կայուն է, որը հնարավորություն է տալիս ապահովել տնտեսության մինիմում մակարդակ, ինչից էլ գեներացվում են հարկերը»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Ըստ նրա՝ տնտեսության մյուս ճյուղերի հարաբերական կայունության ապահովմամբ  հնարավոր է եղել գեներացնել հարկային պարտավորությունները ու կատարողականը։ «2020 թվականի տասը ամիսների հարկային եկամուտների հավաքագրումը արդեն կազմել է 1 տրիլիոն 134, 8 միլիարդ դրամ, որից 1 տրիլիոն 19 միլիարդ դրամը զուտ հարկային եկամուտներն են, 228 միլիարդ դրամը մաքսային գծով վճարներն են, հարկ վճարողներին վերադարձված գումարը կազմում է 112, 3 միլիարդ դրամ, ինչը տարվա ընթացքում դրական ցուցանիշ է։ 2019 վականի տարբերությունը այս տարվա 10 ամիսների համեմատությամբ  կազմում է 61 միլիարդ դրամ, այս բացասական տարբերությունը մտահոգիչ է այն տեսանկյունից, որ 2019 թվականի ընթացքում տրանսպորտային միջոցների մեծածավալ ներմուծման արդյունքում մաքսային վճարներն ավելի շատ են կազմել, քան 2020 թվականին»,- նշել է նա։

Թե  տնտեսության որ ճյուղերի կայունության ապահովման շնորհիվ է հնարավոր եղել գեներացնել հարկային եկամուտները, ՊԵԿ նախագահը թվարկել է՝ արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, մանրածախ առեւտուրը։ Վերջինս հավելել է, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կարգապահության մակարդակն ավելի բարձր է, քան շրջանառության հարկ վճարողներինը։

Է. Հովհաննիսյանի խոսքով՝ Մեղրիի անցակետում արդիականացման աշխատանքներ են տարվում: Բացի այդ, ըստ 2021 թվականի ծրագրի՝ նախատեսվում է նոր, արդիականացված մաքսակետ կառուցել: «Միջոցառումների համար նախատեսվում է 1 միլիարդ 772.5 միլիոն դրամ եւ 1 միլիարդ 634.4 միլիոն դրամ հատկացնել»,-փոխանցել է Հովհաննիսյանը: 2021 թվականի բյուջեի նախագծի համաձայն` Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է 11 միջոցառումներից բաղկացած մեկ ծրագիր իրականացնել։ Այսպիսով, 2021 թվականին հարկային գերատեսչության կարիքների համար նախատեսվում է 32.6 մլրդ դրամ հատկացնել` 2020 թվականին հատկացված 29.1 միլիարդ դրամի փոխարեն: «Այս տարի ծրագրի իրացվելիությունը միջինում 82 տոկոս է կազմել»,- ասել է Հովհաննիսյանը:

Ընդ որում, գերատեսչության ղեկավարը նշել է, որ շուրջ 16.3 միլիարդ դրամ կհատկացվի աշխատավարձերի եւ պարգեւավճարների համար:

 Ն. Հ.

 

ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԹԱՂՈՒՄ՝ ՄԱԿ-Ի ԴԻՄԱՑ

Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիները երեկ ակցիա են իրականացրել. նրանք խորհրդանշական թաղում են կազմակերպել, ծաղկեպսակ ու դագաղ են բերել ու տեղադրել շենքի մոտ: Ծաղկեպսակի վրա գրված է. «Հայ հասարակությունից՝ ՄԱԿ-ի հիշատակին»: Ակցիայի մասնակիցները խունկ են ծխել, հնչել է սգո երաժշտություն: Ծաղկեպսակի եւ դագաղի վրա ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրի լուսանկարն է: Այս ակցիայով քաղաքացիներն իրենց բողոքն են հայտնել, որ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից հետո ՄԱԿ-ը որեւէ հստակ քայլ չի արել՝ կանխելու այդ ագրեսիան:

 

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԸ՝ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

2021 թվականին նախատեսված առաջին միջոցառումներից մեկը հարկային արտոնությունների եւ հարկային ծախսերի հարցն է. այս մասին Հայաստանի Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին՝ 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ընդ որում, նախարարը նշեց, որ շրջանառության հարկի հարկային բեռի վերանայման վերաբերյալ թեզը բազմիցս է առաջարկվել: «Մենք կարծում ենք, որ դա պետք է լինի մեր օրակարգում: Շրջանառության հարկը պետք է որպես այլընտրանք դիտվի, այլ ոչ թե որպես արտոնություն»,- շեշտել է Ջանջուղազյանը:

 

 

ԱՅՐՎՈՂ ԿԱՍԵՏԱՅԻՆ ԶԵՆՔ

Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ, ուսումնասիրության համաձայն, այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնեւյան եւ միջազգային կոնվեցիաներով։ Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման եւ տարածքների հրկիզման համար:

 

 

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ՝ 100 ԶՈՀ

Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի. այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։   Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 100 մարդ, տուժել՝ 994-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր 98 զոհի մասին։ Նշվում է նաեւ, որ հիվանդանոցներից արդեն դուրս է գրվել 847 մարդ, 127-ը շարունակում են անհրաժեշտ բուժօգնություն ստանալ։ Փլուզված հինգ շենքի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արեւմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։ Արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալության տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ  ԿՈՂԲԻՑ՝ ԱՐՑԱԽԻՆ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշոր Կողբ համայնքը Ադրբեջանին սահմանամերձ է, Կողբ գյուղի Ղիասի քար տեղամասին մոտ հատվում են  Հարավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանները։ Կողբի համայնքապետարանը եւ  համայնքի բնակիչները ակտիվ  մասնակցություն ունեն Արցախ օգնություն՝ դեղորայք, առաջին բուժօգնության եւ  անհրաժեշտության այլ պարագաներ, չփչացող սնունդ առաքելու գործում։ Արդեն Արցախ է ուղարկվել նման օգնության առաջին խմբաքանակը։ Կողբի համայնքապետարանը հայտնում է, որ դրանից հետո  Կողբից Արցախ է ուղարկվել դեղորայքի եւս մի խմբաքանակ, ինչպես նաեւ տաք ծածկոցներ եւ անկողնային պարագաներ։ Արցախում մարտնչող զինծառայողների համար Ռուսաստանի Դաշնությունում բնակվող  կողբեցիները ուղարկել են թվով 30 բարձրորակ վրաններ, եւս 30 վրաններ ուղարկվել  են ռուսաստանաբնակ Վահե Բարսեղյանի եւ իր ընկերների կողմից։ Կողբի համայնքապետարանը կողբեցիներին  կոչ է արել  մասնակցել  դրամահավաքին, որից հանգանակված գումարները  կփոխանցվեն  Հայաստան համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր  սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրի հաշվեհամարին: Կողբի համայնքապետարանը  համայնքի բնակիչներին  կոչ է արել նաեւ համապատասխան գույների հին, մաշված հագուստ կամ կտորեղեն եւ ցանցեր ունենալու դեպքում դրանք հանձնել Կողբի համայնքապետարան, ինչպես նաեւ  բնակիչներին հորդորել է՝ ովքեր կարող են իրենց տների առանձնացված հատվածում կամ ազատ տներում ժամանակավորապես հյուրընկալել այս դժվար օրերին տեղափոխված արցախցի  ընտանիքների, այդ հարցով  դիմեն Կողբի համայնքապետարան:

 

 

ՈՒՂԱՐԿՎԵԼ Է  ԱՐՑԱԽ

Նոյեմբերյանի համայնքի Զարգացման եւ ներդրումների հիմնադրամը հայտնում է, որ հիմնադրամի միջոցներով ձեռք է բերվել 2 միլիոն  դրամանոց սարքավորում, որն ուղարկվել է Արցախ։ Սարքավորման տեսակը  հարկ չի համարվում հրապարակել։ Հիմնադրամը  Արցախ է ուղարկել  նաեւ քնապարկեր, անձրեւանոցներ, տաք գլխարկներ, Power bank-եր, ռազմական հաղորդիչներ։ Նոյեմբերյանի համայնքի Զարգացման եւ ներդրումների հիմնադրամը բարեգործների եւ հայրենակիցների  աջակցությամբ հայկական բանակի համար ձեռք բերել վրաններ, ,գործիքներ, կուտակիչներ, սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, հագուստ եւ  կենցաղային այլ պարագաներ, նաեւ  Նոյեմբերյանի սահմանագոտու բնակավայրերում վերակահավորել է  ապաստարաններ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս