ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քննարկում է անցկացրել Հայաստանում գտնվող արցախցիներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումներ:
Քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ է եղել, որին մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության ներկայացուցիչը եւ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Արցախից ժամանած երեխաների համար անհրաժեշտ գրենական պիտույքների, դասագրքերի, սարքավորումների եւ այլ պարագաների կարիքների գույքագրման, ինչպես նաեւ երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների գնահատման հարցերը։ Ժ. Անդրեասյանը նաեւ անդրադարձել է երեխաների՝ դպրոցում ընդգրկման պարագայում նոր դասարանների կոմպլեկտավորման եւ ուսուցիչների ներգրավման համար անհրաժեշտ ֆինանսավորման պլանավորման եւ ապահովման խնդիրներին։ «Հորդորում եմ բոլորիդ անհատապես աշխատել այն բոլոր երեխաների եւ նրանց ծնողների հետ, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր, եւ անհրաժեշտության դեպքում տրամադրել այդ թվում հոգեբանական աջակցություն, որպեսզի երեխաներն անպայման իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը։ Սա մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաեւ Արցախից ժամանած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ Նա մարզերի պատասխանատուներին կոչ է արել այս հարցում սերտ համագործակցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի եւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության մարմինների հետ՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։
Նախարարի տեղակալը նշել է նաեւ հեռավար ուսուցման պարագայում Արցախի դպրոցականներին համապատասխան տեխնիկական սարքավորումների տրամադրման մասին՝ վարչության պետերին առաջարկելով մինչեւ ուսումնական գործընթացի մեկնարկն իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Նրա խոսքով՝ այս պահին բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում արցախցի երեխաներին նաեւ ինտերնետ հասանելիությամբ ապահովելու ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաեւ արցախցի ուսուցիչների՝ ուսումնական գործընթացում ներգրավման հնարավորության մասին։ Արցախցի երեխաներին դպրոցներում ընդգրկման պարագայում նոր ուսուցիչների ներգրավման անհրաժեշտության դեպքում առաջնահերթ կերպով այդ աշխատանքներում կընդգրկվեն Արցախի Հանրապետության ուսուցիչները։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաեւ Արցախի Հանրապետությունից ժամանած սովորողների՝ կրթության այլ մակարդակների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման եւ դրանք ԿԳՄՍ նախարարություն փոխանցելու հարցերին: Նրա խոսքով՝ արցախցի ուսանողները եւս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ նախնական, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Ժաննա Անդրեասյանը մարզային կրթության պատասախանատուներին ներկայացրել է նաեւ աշնանային արձակուրդներից հետո կրթության կազմակերպման հարցերը, մասնավորապես՝ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դպրոցների պատրաստվածության, անհրաժեշտ միջոցներով հագեցվածության, առկա եւ հեռավար ուսուցում իրականացնող դպրոցների քարտեզագրման, ինչպես նաեւ հեռավար ուսուցման դեպքում ուսուցիչների վերապատրաստմանն ու տեխնիկական ապահովվածությանն առնչվող խնդիրները։ ԿՏԱԿ-ի տնօրենը ներկայացրել է հեռավար ուսուցման կազմակերպմանն ուղղված աշխատանքները՝ բոլոր դպրոցներին կոչ անելով տեղեկատվության անվտանգության ապահովման տեսանկյունից այդ դասերն իրականացնել «Microsoft Teams» ուսումնառության համակարգի միջոցով։ Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության ներկայացուցիչը եւ կրթության մարզային պատասխանատուներն իրենց հերթին ներկայացրել են վերոնշյալ աշխատանքների վերաբերյալ իրենց ծավալած գործունեությունը։
Ն. Պ.
ՄԵԿ ՕՐՈՒՄ՝ ՄԱՀՎԱՆ 7 ԴԵՊՔ
Հայաստանում նոյեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94776 դեպք, որոնցից 57599-ը՝ առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35381 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2991 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 413515 թեստավորում: Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1328 նոր դեպք եւ 1133 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1413 (ավելացել է եւս 22-ով) դեպք: Արձանագրվել է մահվան եւս 7 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 383 է: Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը խնդրանքով դիմել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված: Դեսպանությունը խնդրել է խուսափել անհարկի տեղաշարժերից: «Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը եւ հակաահաբեկչական գործողությունները՝ խնդրում ենք լինել առավել զգոն եւ խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետեւելով իշխանությունների ցուցումներին: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետեւյալ հեռախոսահամարով՝ 00 43 (0) 1 522 74 79 105»,- ասված է Ավստրիայում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ: Նշենք, որ Վիեննայում նոյեմբերի 2-ին զինված մի քանի մարդ կրակոցներ են հնչեցրել քաղաքի 6 տարբեր վայրերում: Հարձակումներից մեկը եղել է սինագոգի մոտ, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել եւ պայթեցրել իրեն: Ընդհանուր առմամբ սպանվել է 3 մարդ, 15-ը վիրավոր է: Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համակիր էր:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից՝ նշելով՝ բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ:
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԵՐՄԱՆՈՒՄ
Արեւմուտքն իր սոցիալ-քաղաքական ճգնաժամի ֆոնին փորձում է տարաձայնություններ սերմանել այնպիսի ինտեգրացիոն կազմակերպությունների աշխատանքում, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), Շանհայյան համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ). «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Միջազգային իրավիճակի, միջազգային իրադրության զարգացման ներկայիս ընթացքը հաստատում է այն եզրահանգումների հավաստիությունը, որ արեւմտակենտրոն աշխարհակարգը կործանվում է, որին փոխարինելու է գալիս բազմաբեւեռայնությունը։ Տեսեք, թե ինչ է կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը շատ խոր սոցիալ-քաղաքական ճգնաժամ է ապրում»,- ասել է Նարիշկինը «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում։
ԱՀԾ տնօրենի խոսքով՝ ճգնաժամային երեւույթներ են նկատվում ընդհանրապես Եվրամիությունում եւ ԵՄ առանձին երկրներում։
«Առանձին երկրներ լիարժեք տեղեկացան, թե ինչ է միջազգային ահաբեկչությունը, ընդ որում՝ այս երկրներում այդ խնդիրը մեծապես կապված է սխալ, չկշռադատված միգրացիոն քաղաքականության հետ։ Թվում էր, թե ամերիկացիները, եվրոպացիները պետք է իրենց տան գործերը պարզեին, բայց, ոչ, նրանք մինչեւ հիմա փորձում են քաոս սերմանել աշխարհի այլ տարածաշրջաններում»,- հավելել է Նարիշկինը։ Արեւմուտքին հատկապես վախեցնում են ոչ մեծ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները. նշել է ԱՀԾ տնօրենը։ «Սեփական անվտանգության նրանց ըմբռնման, սեփական անվտանգության ամերիկացիների ըմբռնման մեջ չի տեղավորվում այս տարածքում իսկապես ինքնիշխան եւ անկախ պետությունների գոյությունը, առավել եւս դրականորեն զարգացող ինտեգրացիոն գործընթացները»,- շեշտել է Նարիշկինը։ Նրա խոսքով՝ խոսքն այնպիսի կառույցների մասին է, ինչպիսին են ԵՏՄ-ն, ՇՀԿ-ն եւ ՀԱՊԿ-ը, որոնք գլոբալ միջազգային ճարտարապետության մասն են։
«Եվ, իհարկե, նրանք փորձում են նաեւ տարաձայնություններ սերմանել այս ինտեգրացիոն միավորումների գործունեության մեջ ու փորձում են խախտել այն երկրներում գործընթացների ընթացքը, որոնք մեր մերձավորն են, որոնք մեզ հետ միասին կազմում են այդ միավորումների, այդ կազմակերպությունների հիմքը, որոնց մասին նշեցի»,- ասել է ԱՀԾ ղեկավարը։