Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս հերոսաբար նահատակվել է «Գոյ» թատրոնի դերասան Ադամ Խալաթյանը, որը պատերազմի առաջին իսկ օրվանից կամավոր մեկնել է առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքը։
Ադամն այս մասին անգամ իր ընկերներին չի զգուշացրել, առաջնագծից ամեն օր զանգահարել է եւ ասել, որ լավ է ամեն ինչ, իսկ երբ ձայներ են լսել պայթյունի, ասել է, թե ռեմոնտ է անում, իսկ ինքն առաջնագծից շատ է հեռու գտնվում, այնինչ նա, լինելով առաջնագծում, կռվել է ամենաթեժ գոտիներում։
Ադամի մահը խորը վիշտ է պատճառել նաեւ նրա ընկերներին։ Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը Ադամի մասին գրել է.
«Ադամի հետ աշխատել ենք «Արամմա» ֆիլմում. կարգին տղա էր: Հանգչի՛ր խաղաղությամբ, եղբա՛յր, քո սխրանքն անմահ է»:
Իսկ, ահա, դերասան, ռեժիսոր Գուրգեն Սարգսյանը, որը նաեւ Ադամի կնքահայրն է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմում է հերոսացած Ադամի մասին եւ մեջբերում Ադամի ամենասիրելի հերոսի խոսքերից մեկը. «Մեռնել ապրելու եւ ապրեցնելու համար, այլ ոչ թե ապրել մեռնելու համար»:
Ադամի կնքահոր եւ միեւնույն ժամանակ կոլեգայի խոսքով՝ Ադամն աշխարհի ամենաուրախ մարդն էր, եւ նրա դրական էներգիան վարակիչ բնույթ էր կրում։
«Ադամը միշտ ուրախ էր, ինքը կյանքում չէր տխրում, ինչ ուզում է լիներ, ով իրեն ճանաչում է, դա կփաստի: Ադամին չես կարող տխուր հիշել, որքան էլ որ ցանկանաս մի դրվագ հիշել, չես կարող, քանի որ նա միշտ ժպտում եւ ժպիտ էր պարգեւում՝ անկախ իրավիճակից։ Նրա հետ կապված ոչ մի տխուր հիշողություն չկա, պարզապես չկա»,-ընդգծում է Գուրգենը։
Ադամը եւ Գուրգենը միեւնույն կուրսից են եղել Թատերական ինսիտուտում Արմեն Մազմանյանի գլխավորությամբ, եւ հենց առաջին կուրսից Ադամը խաղացել է նժդեհյան ներկայացումներ։
«Հայրենիք, հայրենասիրություն բառերը Ադամի հետ միշտ են ասոցացվել, եւ դա զուտ խոսքեր չեն։ Իր խոսքում միշտ Նժդեհից մեջբերումներ էր անում, չգիտեմ, Ադամի մասին պատմություններն եւ հիշողություններն անսպառ են, այսպես օրերով կարող եմ պատմել։ Հիանալի մարդ էր, ընկեր, ամուսին, եղբայր եւ բարեկամ»,- պատմում է մեր զրուցակիցը։
Դերասան, ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի հավաստմամբ՝ Ադամն առաջնագիծ է մեկնել հենց ամսի 27-ին, ամեն օր զանգահարել է նրան, հորդորել է պինդ լինել, քանի որ իրենց պաշտպանում են ուժեղ կռվող տղաներն ու զինվորները։
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի զորքերը նոյեմբերի 2-ին եւ լույս 3-ի գիշերվա ընթացքում պաշտպանողական մարտեր են վարել արեւելյան, հարավարեւելյան եւ հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ադրբեջանական ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաեւ 1 տանկ: Արեւելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր: Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային եւ կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ եւ ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաեւ հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը:
Միեւնույն ժամանակ պաշտպանության նախարարությունը անհեթեթություն է որակել ադրբեջանական կողմի այն պնդումը, թե ՀՀ զինված ուժերը «Սմերչ» համակարգից կրակի տակ են առել Ֆիզուլի քաղաքը եւ շրջակա գյուղերը:
«ՉՊԵՏՔ Է ՏՐՎԵՆՔ ՎԱԽԻՆ, ԽՈՒՃԱՊԻՆ ՈՒ ՏԱԳՆԱՊԻՆ». ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ
«Ինձ համար անսպասելի էր պատերազմի վերսկսումը, զգացողություններս, ապրումներս միանգամից տակնուվրա եղան»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի մասնակից, զինհաշմանդամ Հայկ Թորոսյանը՝ անդրադառնալով Արցախում մեկ ամսից ավելի շարունակվող պատերազմական գործողություններին։
Հայկի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի չպետք է հուսահատվի, եւ պետք է հավատա միայն հաղթանակին, քանի որ այն հեռու չէ։
«Մենք պետք է հավատանք մեր հաղթանակին եւ մեր Հայոց բանակին։ Չպետք է տրվենք վախին, խուճապին ու տագնապին, քանի որ առաջնագծում մեր տղաներն այնպես են կռվում, որ պարզապես այստեղ իրավունք չունենք անգամ դրա մասին մտածելու։ Անգամ իրենք են մեզ այստեղ ոգեւորում, դուխ տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք, եւ այն լինելու է հարատեւ»,- նշեց է մեր զրուցակիցը։
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք ցանկություն չունի մեկնելու առաջնագիծ, մեր զրուցակիցն ընդգծում է, որ ցանկությունն իրականում շատ մեծ է, բայց արդյոք իր կարիքը կա՞ այնտեղ։
«Նպատակահարմար չեմ գտնում գնալ առաջնագիծ. եթե իմ գնալով որեւէ օգուտ չեմ տալու մեր տղաներին, այլ, հակառակը, խանգարելու եմ, չեմ կարծում, որ ճիշտ քայլ կլինի դա»,-ասաց նա։
Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկը միայն մեկ բան է մաղթում առաջնագծում կյանքի եւ մահվան կռիվ մղող տղաներին. կարեւորն այն է, որ հետ գան, շարունակեն ապրել։
Հավելենք, որ 2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում՝ Մարտակերտի դիրքերում, ռազմական գործողությունների հետեւանքով ժամկետային զինծառայող, վարորդ Հայկ Թորոսյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետեւանքով մարմնի ձախ կողմը թուլացել է:
Վերջինս Հայոց բանակում հասցրել էր ծառայել ընդամենը 80 օր:
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ՉԵՄՊԻՈՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Ազատ ոճի ըմբշամարատի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը։ «Մենք նույնն ենք, մենք Արցախ ենք։ Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը: Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը եւ ինքնորոշման իրավունքը»,- «Ինստագրամում» գրել է հայ ըմբիշը:
ԳԻԶԳԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը ձերբակալվել է իր ընկերուհու վրա հարձակվելու համար. հաղորդում է The Sun-ը: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, ինչից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստի ընկերուհի Քեյթ Գրեւիլն անձամբ է դիմել ոստիկանություն: Նա ստացել է թեթեւ վնասվածքներ, սակայն բուժման կարիք չունի: 46-ամյա Գիգզին արդեն հարցաքննել են եւ ազատ արձակել գրավի դիմաց: Ուելսի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 3-ին նախատեսված ասուլիսը հետաձգվել է: Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիան տեղյակ է միջադեպի մասին, սակայն հրաժարվել է մեկնաբանություն տալ:
ՄԱՐԱԴՈՆԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հոսպիտալացվել է հայրենիքում: 60-ամյա մարզչի անձնական բժիշկ Լեոպոլդո Լուկեն պատմել է նրա առողջական վիճակի մասին: «Մարադոնան հիվանդանոցում է, քանի որ ինքն էր այդպես ցանկանում: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Շուտով Դիեգոն կլինի ավելի լավ: Նրան հոսպիտալացրել են 3 օրով, որպեսզի կարգավորեն ջրային բալանսը: Նա մտադիր է թիմը ղեկավարել կիրակնօրյա խաղին: Ես նրան վստահեցրել եմ, որ կաշխատի այդ օրը»,- բժշկի խոսքը մեջբերում է TNT Sports-ը: Հիշեցնենք, որ 2019 թվականից Դիեգո Մարադոնան գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: Հոկտեմբերի 30-ին նա դարձել էր 60 տարեկան:
ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«Միլանը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել շվեդ հարձակվող ԶլատանԻբրահիմովիչի հետ: Calciomercato-ի համաձայն՝ իտալական ակումբը մտադիր է 39-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2022 թվականի ամառ: Հարձակվողը եւս դեմ չէ կնքել նոր պայմանագիր: Իբրահիմովիչի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրել է 7 հանդիպում եւ դարձել 8 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: