«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ՝ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները պետք է խորհրդի նիստում քննարկեին Արցախում ընթացող պատերազմական դրությունը: Ավելին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կան փակ տեղեկություններ, որոնք իրենք ցանկանում են ճշտել, ինչը հնարավոր չէ առօրեայում խոսել, հարցեր ուղղել. դա հնարավոր է անել անվտանգության խորհրդի ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին խմբակցությունները սպասում են, թե երբ է հայրենի կառավարությունն արձագանքելու իրենց դիմումին: Արդեն մոտ 10 օր է անցել դիմումի ներկայացրած օրվանից, ու որեւէ արձագանք չկա՝ չնայած այն բանին, որ խմբակցության ղեկավարները նշել էին, որ պետք է հրատապ նիստ հրավիրել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե իրենց դիմումն ինչ ընթացք է ստացել: Մարուքյանը հայտարարեց, որ որեւէ արձագանք չեն ստացել: Մենք փորձեցինք ՀՀ վարչապետի մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանից պարզել, թե ինչ որոշում կա՝ դիմումի հետ կապված, սակայն Գեւորգյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։