Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։
Տրամադրված աջակցության վերաբերյալ հայտարարության ամբողջական տեքստը ստորև.
Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է:
Այն հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը, որը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել և համալրվել է նոր ֆոնդերով՝ ուղղված մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետևանքները:
Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ընդգծում և աջակցում ենք ՀՀ կառավարության գովելի ջանքերը՝ ուղղված աշխատատեղերի պահպանմանը, ՓՄՁ-ներին աջակցությանը, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համավարակից առավել տուժած անձանց համար առողջապահական և սոցիալական հիմնարար ծառայությունների ապահովմանը: Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն ՔՀԿ-ների և եվրոպական ֆինանսական հաստատությունների միջոցով տրամադրվող աջակցության այլ գործիքներին՝ ուղղված խոցելի տնային տնտեսություններին և տնտեսավարողներին օժանդակությանը:
«Այսօր, երբ աշխարհն առերեսվում է ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով ստեղծված բազմաշերտ ճգնաժամին, մենք բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունն՝ ուղղած Հայաստանում համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքների լուծմանը: Այս պատեհաժամ հատկացումը Եվրամիության հետ մեր արդյունավետ համագործակցության դրսևորումն է, և ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կբարձրացնենք ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի նկատմամբ Հայաստանի դիմակայունությունը», նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այս ուղղակի բյուջետային աջակցության հատկացումը Հայաստանում ՔՈՎԻԴ -19-ի դեմ պայքարի ուղղությամբ ԵՄ-ի և իր քաղաքացիների կուռ նվիրվածության ևս մեկ շոշափելի ապացույցն է: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի առողջապահական համակարգի ամրապնդմանը և ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով առաջացած հրատապ հումանիտար և տնտեսական հետևանքների հակազդմանը: Մենք կիսում ենք մարտահրավերը և միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Գ․ Անդրեա Վիկտորինը։
ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։ Այն համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական հաստատությունների ռեսուրսները` աջակցելու գործընկեր երկրներին, ինչպես նաև արձագանքելու նրանց կարճաժամկետ կարիքներին և հասարակության ու տնտեսության վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին: