Բասկերի Երկրի Ալկիսիայի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել ի սատարումն Արցախի՝ հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:

Բանաձևում, մասնավորապես, նշված է.

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում, ռազմական օբյեկտների հետ մեկտեղ, հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Այդ ժամանակվանից ի վեր՝ քաղաքացիական և զինվորական բազմաթիվ զոհերից և նյութական լուրջ վնասներից հետո, երկու կողմն էլ համաձայնել են հրադադար հաստատել, սակայն այն ամբողջապես չի հարգվում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ալկիսիայի քաղաքային խորհուրդը՝

Իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին և իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին:

Կոչ է անում միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին՝ քայլեր ձեռնարկել զինադադարը կայուն և ամուր դարձնելու ուղղությամբ:

Վերահաստատում է, որ Արցախի բարդ պատմական հարցի միակ կենսունակ և կայուն լուծումը պետք է բխի ազնիվ երկխոսությունից և կառուցողական բանակցություններից, և այն պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կամարտահայտության վրա:

Ալկիսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել միջազգային համագործակցության շրջանակներում ամենամյա հատկացվող միջոցներից մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար:




Լրահոս