ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է վերահսկում Շուշին. քաղաքում ծանր մարտեր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ հայ ազգին փոթորկեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հայտարարությունը: Նա գրել էր. «Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս»:

Եվ մինչ այս հայտարարությունից հետո շատերը շտապեցին հայտարարել, թե Վահրամ Պողոսյանի էջը կոտրել են եւ նա չէ հրապարակման հեղինակը, մամուլի խոսնակն  ինքը լրատվամիջոցների հետ զրույցներում հայտարարեց, թե ինքն է այդ խոսքերի հեղինակը: Ապա Շուշիի՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվելու մասին հայտարարեց նաեւ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Իսկ քիչ անց գրառում կատարեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս մեկ նախադասությամբ հայտնեց, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, իսկ Հարությունյանն էլ հայտնեց. «Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի»:

Իսկ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն էլ նշում է. « Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։ Շուշին եղել և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է»:
Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս