Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդեն միջազգային տարբեր կառույցների կողմից ապացուցված իրողությանը, որ Արցախի դեմ գործում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ։ «Փաստ է այն, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ, նրանք կատարում են պատերազմական հանցագործություններ, նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողություններն իրականացնել այլ երկրներում»,- նշել էր Թաթոյանը;
Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի երկուսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց. «Փաստեր կան, որ Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական վարձկաններ են մասնակցում», իսկ հոկտեմբերի յոթին ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նշեց. «Ես կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանը շարունակել Թուրքիային հասցնել այն, որ տարածաշրջանում զինյալների տեղակայումն անընդունելի է եւ կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»: Ապա ՌԴ ներքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի վեցին նշեց. «ԱՀԾ տեղեկություններով՝ հակամարտության գոտի ակտիվորեն ժամանում են Մերձավոր Արեւելքում պատերազմող միջազգային ահաբեկչական խմբերի վարձկաններ, ինչպիսին են «Ջեբհաթ ան-Նուսրան», «Ֆիքրաթ ալ-Համզան», «Սուլթան Մուրադը», ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումներ»։
Հիմա էլ Ստամբուլում լուրեր են պտտվում այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունները երբ Սիրիայում հավաքագրում են ահաբեկիչներին, որպեսզի Ադրբեջան ուղարկեն Արցախի դեմ կռվելու, նրանցից մի մասին ադրբեջանական անձնագրեր են տրամադրում: Ու չի բացառվում, որ ոչ բոլոր ահաբեկիչներն են ի վերջո ճակատ հասնում։ Նրանց մի մասը, օգտվելով Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ գործող ոչ վիզային ռեժիմից, կարողանում են անարգել հասնել Ռուսաստանի Դաշնություն, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում օրեցօր մեծանում է ահաբեկչության վտանգը:
Հիշեցնենք, որ ընդամնեը շաբաթներ առաջ՝ հոկտեմբերի 13-ին, Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում փոխհրաձգություն էր տեղի ունեցել գրոհայինների եւ իրավապահների միջեւ: Ավելին, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, թե գրոհայինները Գրոզնի էին ներթափանցել արտերկրից, որոնք մի շարք ահաբեկչական գործողություններ էին պլանավորել տարածաշրջանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 19-ից Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները համակարգող գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն արդեն վերադարձել է Երեւան: Արտակ Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե իր առջեւ դրված խնդիրներն ինքն արդեն ավարտել է, ինչի համար էլ Սյունիքից վերադարձել է: Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն էր, որը հունիսի 8-ին անակնկալ ազատվեց աշխատանքից, իսկ արդեն հուլիսի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ նշանակվեց։ Հետաքրքիրն այն է, որ այս օրերին լարված իրավիճակ է Սյունիքի մարզում, սակայն պաշտպանական աշխատանքները համակարգող Դավթյանը վերադարձել է Երեւան: Մեր դիտարկմանը, թե արդյոք սա նշանակում է, որ Սյունիքում որեւէ լարվածություն չկա, ինչի համար վերջինս արդեն հետ է վերադարձել, մեր զրուցակիցը կրկնեց, որ ինքը վերադարձել է, քանի որ իր առջեւ դրված խնդիրները լուծել է: «Խնդիրները, որը դրված էին իմ առջեւ, կատարվել են, դրա համար վերադարձել եմ: Իմ մասով այլ գործողություն չկա», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց նա:
«Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ նոյեմբերի 6-ին եւ 9-ին խորհրդարան է հրավիրվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ըստ մեր տեղեկությունների՝ ուրբաթ օրը Մարությանը պետք է ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ներկայացնի 2021 թվականի պետական բյուջեն: Իսկ արդեն նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն է, որտեղ կրկին պետք է քաղաքապետ Մարությանը ներկա գտնվի: Սակայն դեռեւս պարզ չէ՝ արդյոք Մարությանը անձամբ կժամանի խորհրդարան, թե ներկայացուցիչ կուղարկի։ Տեղեկություններ ունենք, որ այս օրերին քաղաքապետը որոշել է մեկ-մեկ «կրակային պարապել»։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին հայտարարեց, որ համայնքապետերը պետք է ջոկատներ ձեւավորեն եւ առաջնագիծ մեկնեն: Հենց գիշերը քաղաքապետի խոսնակը տեղեկացրեց. «Երեւանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»։ Սակայն վարչապետի կոչից 13 օր անց դեռ Հայաստանի ամենամեծ համայնքի ղեկավարը Երեւանում է։ Նրան? Ժողովուրդ? օրաթերթի լրագրողը տեսել է Վերնիսաժի այգում դիմակով իր տուն մուտք ու ելք անելիս։ Իսկ այս օրերի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանի ցույց տված քարտեզի վրա հակառակորդի գրաված հատվածը գնալով մեծանում է։
Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 0.8 տոկոսով, ինչը, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, շաքարի եւ շաքարավազի 0.9-9.8 տոկոս գնաճով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարն ու շաքարավազը մեկ ամսվա ընթացքում 9.8 տոկոսով թանկացել են, ընդ որում՝ միայն շաքարավազի գինը բարձրացել է 11. 4 տոկոսով: Բացի այս, պաշտոնապես կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ: Օրինակ, ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4.1 տոկոսով: Ի դեպ, չնչին, բայց թանկացում արձանագրվել է նաեւ մսամթերքի շուկայում, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 0.9 տոկոսով: Բարձրացել են նաեւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գները, պաշտոնապես՝ 0.1 տոկոսով: Իսկ, ահա, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.2 տոկոս, փոխարենը էժանացել է միրգը 1.1 տոկոսով: