Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում եւ անելու է իրենից կախված ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Դուք գիտեք, որ Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն ավարտվի օր առաջ, որպեսզի փրկվեն այն մարդկանց կյանքերը, որոնք կանգնած են դեմ դիմաց եւ, ցավոք սրտի, մինչ օրս միմյանց տեսնում են ինքնաձիգերի ու հրացանների նշանակետերում, միմյանց դեմ զենք են կիրառում», – դիմելով կրոնական գործիչներին՝ հայտարարել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաեւ համոզմունք է հայտնել, որ հակամարտող կողմերն իրենց նպատակներին կարող են հասնել խաղաղ բանակցային գործընթացի միջոցով. «Համենայնդեպս, մենք կապի մեջ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել, ընդ որում ՝ այնպիսի հիմքի վրա, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»։
«Ժողովուրդ» օրաթերթն Արցախում տեղի ունեցող պատերազմի շուրջ զրուցել է ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի հետ:
-Պարո՛ն Եվսեեւ, պատերազմն արդեն մեկ ամսից ավելի է՝ ընթանում է: Ի՞նչ կարծիք ունեք, դեռ որքա՞ն կարող է շարունակվել այս պատերազմը: Կարծիքներ են հնչում, որ եթե հարձակվող կողմը չի կարողանում իր խնդիրները լուծել, ապա պատերազմը կարող է երկար տեւել, ի՞նչ կասեք այդ մասին:
-Ես չեմ կարծում, թե պատերազմը կարող է երկար ձգձգվել, քանի որ Ադրբեջանի հարձակողական ներուժը զգալիորեն սպառված է: Դա վերաբերում է նաեւ զինամթերքին, որը Ռուսաստանը չի մատակարարում հրթիռային հրետանու համար: Բացի դրանից, հնարավոր չէ կարճ ժամանակամիջոցում վերսկսել սպառազինության մատակարարումները, քանի որ դա տեխնիկապես է անհնար, եւ այսօր Ադրբեջանը չունի պատրաստի մարտունակ ռեզերվ, եւ դրա համար պատերազմը շարունակելու միակ միջոցը Բաքվի համար թուրքական զորքերի զանգվածային ներգրավումն է: Սակայն պետք է հասկանալ, որ Թուրքիայի ներգրավում պատերազմին նշանակում է նաեւ ՌԴ-ի ներգրավում պատերազմին:
-Այդ դեպքում ի՞նչ հետեւանքներ եք կանխատեսում:
-Թուրքիայում սրան գնալ չեն ուզում եւ Թուրքիայում հիշում են, թե ինչ ծանր վիճակում հայտնվեցին այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Իդլիբում: Բացի այդ, նրանք ծանր հարվածներ են ստանում Սիրիայում: Եթե Թուրքան չհասկանա, որ պետք է զսպված լինի եւ խուսափի ավելորդ միջամտություններից, ապա ոչ ոք չի կարող բացառել, որ Սիրիայի բանակը կարող է հարձակում սկսել Իդլիբի շրջանում, որտեղ 7 հազար թուրք զինվորական կա, եւ նրանք կհայտնվեն ծանր վիճակում եւ մեծ կորուստներ կունենան, որը բացասական ազդեցություն կունենա Էրդողանի վարկանիշի վրա: Մեկ կարեւոր հանգամանք եւս. ԱՄՆ-ն վերջապես ներգրավվեց բանակցային գործընթացում, նրանք կարող են ֆինանսապես ու տնտեսապես ճնշում գործադրել Թուրքիայի վրա եւ ստիպել, որ նրանք դադարեցնեն իրենց ներգրավվածության մեծացումը, եւ այդ պարագայում Ադրբեջանը ստիպված կլինի գնալ բանակցությունների: Սակայն պետք է Ղարաբաղին կարգավիճակ տրամադրվի, եւ դա կարող է լինել հետաձգված կարգավիճակ, կարծում եմ՝ այսպիսի զոհերից հետո պետք է դա լինի պայմանը ճակատային գծի հաստատումից հետո:
-Իսկ ի՞նչ եք կարծում, հարձակվելով թուրք-ադրբեջանական բանակն ի՞նչ ծրագրեր է ունեցել:
-Պետք է ընդգծեմ, որ նրանք մեծ հույսեր ունեին, թե կկարողանան առաջ անցնել հատկապես օդային առավելության հասնելու շնորհիվ: Սակայն դա ի չիք դարձավ ՌԴ-ի աջակցության շնորհիվ: Ըստ որոշ տվյալների՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ են մատակարարվել, որն իրեն գերազանց է դրսեւորել նաեւ Լիբիայում, որի միջոցով իջեցվել է 15 ԱԹՍ: Դա կարեւոր գործոն է հանդիսացել, եւ օդային առավելությունը նվազել է, եւ դա հատկապես կարեւոր է եղել հարավում ընթացող մարտերի պարագայում, որտեղ չկա դիրքային պատերազմ: Այնտեղ պատերազմն օջախային է, եւ կարեւոր է, որ նրանք առավելություն չունենան օդում: Ըստ որոշ տվյալների՝խոսք է գնում 4-6 F16 թուրքական ինքնաթիռի մասին, բացի այդ ադրբեջանական տեխնիկաներն էլ են շարքից դուրս գալիս, եւ այս իրավիճակում երկար այս ամենը չի շարունակվի:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՄՈՍԿՎԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՄԲ
Մոսկվան անհանգստացած է, որ շարունակվում է վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
Նրանց քանակը մոտենում է 2 հազարի. ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտում» տպած հարցազրույցում։ Նա ասել է, որ այդ թեման Ռուսաստանի Դանշության նախագահ Վլադիմիր Պուտինը շոշափել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցում, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ պարբերաբար շփումներում։
«Հետեւողականորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ մղել մեր դիրքորոշումը»,- հավաստիացրել է նա։ Ս. Լավրովը նշել է, որ Ռուսաստանի` որպես հիմնական միջնորդի խնդիրն է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին դուրս գալու տաք փուլից եւ սրված հակամարտության լուծման խաղաղ միջոցներ գտնել։
Հիշեցնելով հումանիտար հրադադար հաստատելու Մոսկվայում ձեռք բերված համաձայնության մասին` Լավրովն ասել է, թե Ռուսաստանը հնարավորինս անում է այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ գործընկերներ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ, որպեսզի այդ համաձայնությունը կյանքի կոչվի։ «Զուգահեռաբար առաջարկում ենք քաղաքական կարգավորման տարբեր առաջարկներ։ Ակնկալում ենք, որ Բաքվում եւ Երեւանում կգերիշխի կառուցողական մոտեցումը, մարտական գործողությունները կդադարեցվեն, ու ղարաբաղյան գործընթացը քաղաքական հուն կվերադառնա»,- ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը։
ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ՉԼԻՆԵՆ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե իր երկրի համար շատ կարեւոր է, որ Իրանի սահմանների մոտ ահաբեկիչներ չլինեն: «Մեր երկու հարեւանները սեպտեմբեր ամսից ռազմական բախումների մեջ են։ Այս հարցում մեր արտգործնախարարությունը ակտիվ է եղել, եւ զինված ուժերն էլ զգոնությամբ վերահսկում են մեր սահմանների անվտանգությունը։ Մեր սահմանների անվտանգությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, եւ մեր սահմանների մոտ ահաբեկիչներ չլինելը մեզ համար շատ կարեւոր է»,- նշել է Ռոհանին: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ պատերազմի հետեւանքով երկրների աշխարհագրական սահմանները չեն փոխվի: «Իրանի տեսակետները երկու կողմին էլ ներկայացվել են, եւ արտգործնախարարությունը Ղարաբաղում բախումներին վերջ տալու եւ խաղաղություն հաստատելու համար շատ հարմար նախագիծ է մշակել, եւ հույս ունենք, որ այն հաջողության կհասնի»,- ասել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
ԿՐԿԻՆ ՀԵՐՔԵԼ Է
Իլհամ Ալիեւը կրկին հերքում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտական գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավման մասին տեղեկությունները։ «Մեզ վարձկաններ պետք չեն, մենք լավ սպառազինված 100-հազարանոց բանակ ունենք», – հայտարարել է Ալիեւը։ Անդրադառնալով պատերազմի ողջ ընթացքում Թուրքիայի կողմից Բաքվին ցուցաբերվող աջակցությանը՝ Ադրբեջանի նախագահն ասել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ [Թուրքիայի նախագահի] աջակցությունը բացառապես բարոյական է եւ քաղաքական»։ Նա մեկ անգամ եւս պնդել է, թե Բաքուն կարող է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ուժային մեթոդներով։ «Մենք մշտապես բանակցությունների պատրաստակամություն ենք արտահայտել, սակայն պատրաստ ենք այս հարցը լուծել նաեւ զենքը ձեռքին, ինչը եւ այժմ իրականացվում է։ Մեր գրավյալ տարածքները ազատագրելու համար որեւէ թույլտվություն պետք չէ», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։