ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐՁԿԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգությամբ արաբ 32-ամյա Յուսեֆ ալ Աբեդ Հաջին մեղադրվում է միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների եւ վարձկանության հոդվածներով։

 

Արցախում գերեվարված երկրորդ վարձկանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել եւ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Անցած գիշեր Քննչական կոմիտեն հրապարակել է Հաջիի հարցաքննության տեսագրությունը, որտեղ նա պնդում է, որ իր կամքով է ցուցմունք տալիս։

Սիրիայում հավաքագրված, Թուրքիայով Ադրբեջան տեղափոխված արաբն իրավապահներին պատմել է, թե ինչ ճանապարհով է տեղափոխվել պատերազմական գոտի։ Արդեն Ադրբեջանի զորամասերից մեկում տեսել է թուրք բարձրաստիճան զինվորականների. «Երկրորդ զորամասում էին գտնվում շեյխ Իմբրահիմն ու Աբու Համշան։ Մոտ հինգ անձ՝ զինված ատրճանակներով, շրջում էին նրանց հետ։ Ինչպես նաեւ նշված զորամասում էին գտնվում եւս հինգ հարյուր հոգի սիրիացի արաբներ, որոնք կրկին գումարի դիմաց էին եկել կռվելու։ Բացի այդ, նշված վայրում կային թուրք եւ ադրբեջանցի զինվորականներ, որոնք շփվում էին շեյխ Իբրահիմի եւ Աբու Համշայի հետ։ Աբու Համշան հանդիսանում է խմբավորման ղեկավարը։ Նա էր ղեկավարում Սիրիայից Ադրբեջան եկող վարձու զինվորականներին եւ պատասխանատու էր նրանց համար»։

Նոյեմբերի 2-ին ձերբակալված Սիրիայի Իդլիբ նահանգի գյուղերից մեկի բնակիչ, գրել-կարդալ չիմացող, հայրենիքում անասնապահությամբ եւ հողագործությամբ ընտանիքը պահող Հաջին հայաստանցի իրավապահներին պատմել է, որ 15 օր առաջ հարեւան գյուղի բնակիչ Իբրահիմ անունով իր ծանոթը, ում դիմում էին որպես Աբու Ահմադ, իր տուն է եկել ու ասել, թե Ադրբեջանում եռամսյա զորավարժություններ են, կարող է մասնակցել, ինչի համար ամսական 2000 դոլար պիտի տան։ Ընտանիքս դեմ էր, պատմել է երեք անչափահաս երեխաների հայրը. «Բաբ ալ Սալամ անցակետում հավաքված են եղել շուրջ 500 անձ, որոնք բոլորը սիրիացի արաբներ էին։ Առավոտյան ժամը 8-ին այնտեղ է եկել Աբու Համշայի եղբայրը, ում անունը Սեիֆ էր։ Երբ Սեիֆը եկավ, նախ հայտարարեց, որ իրենք մեզանից ոչ ոքի չեն ստիպում, մենք գնալու ենք ամսական 2000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց. ով ցանկանում է, կարող է վերադառնալ։ Բայց եթե որոշեք մեզ հետ միասին գնալ Ադրբեջան, եւ այնտեղից ինչ-որ մեկը ցանկություն հայտնի վերադառնալ, ոտքից կկրակեմ եւ չեմ թողնի»։

Աբու Ահմադը Հաջիին պատմել է, որ ընտրում են 20-40 տարեկան տղամարդկանց, եւ որ իրենցից առաջ եւս 500 մարդու են տեղափոխել Ադրբեջան։ Հոկտեմբերի 18-ին Հաջին 500 այլ վարձկանների հետ հասել է Ադրբեջան, տեղավորվել են կենտրոնական զորամասերից մեկում։ Ադրբեջանի օդանավակայաններից մեկում վարձկաններին դիմավորել են Ադրբեջանի եւ Թուրքիայի զինծառայողները, ուղեկցել են զորամաս, որտեղ եւս թուրք զինվորականներ կային. «Մենք թուրք զինվորականներին զանազանում էինք իրենց համազգեստի վրայի դրոշներից»։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ խորհրդարանում հայտնեց, որ հայկական կողմն ունի ապացույցներ վարձկանների ներգրավումն արգելող միջազգային կոնվենցիայի եւ այլ փաստաթղթերի խախտման վերաբերյալ. «Ունենալով նման խումբ պարտականություններ պայքարելու ահաբեկչության ֆինանսավորման դեմ՝ դեռ մի բան էլ պետությունը ինքն է ֆինանսավորել ահաբեկչությունը կամ զինել վարձկաններին եւ տեղափոխել հակամարտության գոտի, օգտագործել ինքնորոշման իրավունքի համար պայքարող բնակչության դեմ. դա բավական լուրջ հետեւանքներ կարող է առաջացնել բազմաթիվ կոնվենցիաների շրջանակներում։ Եվ Կառավարությունում բոլոր հնարավոր իրավական պրոցեսները բավական մանրամասն քննարկում են»։

 

 

ՍԼՈՎԱԿԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է

Երեկ Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ եւ 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվել է բանաձեւ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված. այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր համազասպ Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բանաձեւում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաեւ վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականութունը եւ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Բանաձեւի նախապատրաստման ընթացքում թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող հայերի եւ Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձեւում»:

 

 

ՎՃՌԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ

Հակաահաբեկչական պայքարի ընթացքում հայկական զինված ուժերին հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների կեսից ավելիին (զոհվել եւ վիրավորվել են). հայտարարում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի պնդմանը, թե տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: «Առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջեւից, թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում: Սա մեր վերջին պատերազմն է, եւ կռվելու ենք մինչեւ վերջ», – հավելել է Հարությունյանը:

 

 

ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Պողոս Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Պողոս Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱԱԾ-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում կադրային փոփոխությունները շարունակվում են: Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն` աշխատանքից ազատվել է Ազգային անվտանգության ծառայության ներքին անվտանգության վարչության պետը, եւ նրա փոխարեն նոր պետ է նշանակվել Հրայր Ավետիսյանը, որը, ըստ համակարգի աշխատակիցների, սկզբունքային, գրագետ եւ պրոֆեսիոնալ աշխատակից է համարվում ԱԱԾ-ում։ Իսկ թե ինչով է պայմանավորված ներքին անվտանգության պետի ազատումը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

 

 

ՔՐԳՈՐԾԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել մի շարք անձանց հանդեպ, որոնք «անօրինական տեսագրություններ են տարածել ռազմական գործողությունների գոտուց»։ Գործը հարուցվել է «Պետական գաղտնիքի բացահայտման» հոդվածով։ «Մի շարք անձինք, օգտագործելով բջջային հեռախոսների տեխնիկական կարողությունները, ռազմական գործողությունների գոտում արգելված տեսագրություններ են կատարել, տեղեկություններ են տարածել բանակային ստորաբաժանումների ռազմավարական եւ օպերատիվ պլանների, անձնակազմի տեղակայման եւ տեղաշարժի, ռազմական տեխնիկայի մասին, ինչպես նաեւ տեսանյութեր են տարածել, որոնցից հնարավոր է եղել տեղեկատվություն ստանալ օպերատիվ իրավիճակի վերաբերյալ», – նշված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։ «Այս տեսագրությունները օգտագործվել են հակառակորդի կողմից ադրբեջանական հանրապետության բանակի զորամասերի անձնակազմի եւ դիրքերի մասին տեղեկություն ստանալու, ինչպես նաեւ հետախուզական-սադրիչ գործողությունների նպատակով», – նշված է հաղորդագրության մեջ։

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔԻ ԳՈՐԾՈՎ

Արցախից Հայաստան ապօրինի զենք տեղափոխելու փաստերով 9 քրեական գործ կա հարուցված, նախաքննություն է ընթանում. հայտարարում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այժմ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մելիքյանը: «Որպես կանոն, պահեստազորայինների հետ է խնդիրը», – ասում է նա: Նման վերջին դեպքի մասին հայտնի դարձավ երեկ. ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն Արցախից վերադարձած անձանց խուզարկությամբ հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, սաղավարտ, զրահաբաճկոններ, սվին-դանակներ, փամփուշտատուփեր եւ փամփուշտներ:




Լրահոս