ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՄԻՇՏ ԴԵՄ Է ԵՂԵԼ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ից՝ Արցախում սկսված պատերազմի հենց առաջին օրվանից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել իրարամերժ հայտարարություններով՝ ձախողված բանակցությունների համար մեղադրելով մե՛կ նախկին իշխանություններին, մե՛կ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, մե՛կ ներկայիս իշխանություններին: Հայտարարություններից մեկում Իլհամ Ալիեւը, մեղադրելով ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել էր, թե նախկին իշխանությունների հետ բանակցել եւ համաձայնության հասնել ստացվել էր, սակայն ներկայիս վարչապետի հետ՝ ոչ, եւ նրան մեղադրել է բանակցությունները տապալելու մեջ:

 

ArmLur.am-ը փորձեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից պարզել՝ ինչ խոստումներ էին տրվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որից ելնելով էլ՝ այժմ նա խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անհամաձայնության մասին:

«Բազմաթիվ անգամներ թե՛ մենք՝ հանրապետականներս, եւ թե՛ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրել ենք 2008-2018 թվականների բանակցային գործընթացի էությունը: Բանակցություններում հայկական կողմերի անկյունաքարը եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը՝ պարտադիր կամարտահայտությամբ, որն արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախագահների հինգ հայտարարություններում: Ավելին, 2011 թվականին կողմերը մոտ էին համաձայնության, բայց Ալիեւը հրաժարվեց ստորագրել այդ հայտարարությունը: Պարզ ճշմարտություն է՝ հրաժարվում է ստորագրել նա, ում ձեռնտու չէ: Երկրորդ՝ 2016 թվականի հոկտեմբերին նույն Ալիեւը Ադրբեջանի կառավարության նիստին հայտարարեց, որ միջազգային հանրությունը փակ դռների հետեւում իրենից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը: Սա էր մեր դիվանագիտական ժառանգությունը: Իսկ թե ինչու նոր իշխանությունների կողմից կիրթ եւ կառուցողական որակված Ալիեւը, որի հետ նրանք կառուցել էին կամ ստեղծել էին ուղիղ կապ, բանակցություններ չվարեց կամ հրաժարվեց ճանաչել անկախությունը, այդ հարցի հասցեատերը ես չեմ ու մենք չենք: Ավելին, մեր իշխանության օրոք մենք չենք բանակցել բացի փաթեթայինից որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ փուլային: Հայկական կողմը միշտ դեմ է եղել փուլային տարբերակին, եւ անկյունաքարը եղել է Արցախի կարգավիճակը, իսկ թե ինչ եղավ այս ընթացքում, դրան պետք է պատասխանենք ոչ թե մենք, այլ հարգելի նոր իշխանությունները, որոնք ասում էին՝ ինչ ուզում ենք, կբանակցենք, կսկսենք մեր զրոյական կետից, մենք Սերժ Սարգսյանի կետից չենք սկսելու եւ կխոսենք Ադրբեջանի ժողովրդի հետ»:

Այս նույն առնչությամբ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը 2020 թվականի հոկտեմբերի 15-ին թողարկված իր հեղինակային հոդվածում նշում է. «2008թ.-ի դեկտեմբերից մինչեւ  2011թ.-ի հունիսի 24-ը (Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը Կազանում) կողմերը Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններ էին վարում «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ։ Կայացան նախագահների 12 երկկողմ (Հայաստան եւ Ադրբեջան) եւ եռակողմ (Ռուսաստան, Հայաստան եւ Ադրբեջան) հանդիպումներ, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպումներ: Ադրբեջանն ամեն անգամ ձեռք բերված պայմանավորվածություններից հետքայլ էր կատարում։ Կիզակետը դարձավ Կազանի գագաթնաժողովը, երբ, հակառակ միջնորդների ակնկալիքների, Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջ քաշելով 12 փոփոխություն: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունները, որոնք 2008-2017թթ. ընթացքում արել են համանախագահ երկրների արտգործնախարարները ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդների շրջանակներում Հելսինկիում (2008), Աթենքում (2009), Ալմաթիում (2010), Վիլնյուսում (2011), Դուբլինում (2012), Կիեւում (2013), Բազելում (2014), Բելգրադում (2015), Համբուրգում (2016), Վիեննայում (2017)։ Հայաստանը նաեւ ողջունել է 2010թ. Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը: Բաքուն կա՛մ հրաժարվել է ընդունել այդ հայտարարությունները, կա՛մ հետագայում հետքայլ է արել»:

Ն. Հ.

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում. այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս կարեւոր որոշման մասին ինձ տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը: Հանդիպման ընթացքում ներկայացրեցի փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ խարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։ Ցավակցությունս հայտնեցի Ֆրանսիայի ժողովրդին Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, եւ դեսպանն իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Ֆրանսիայում էթնիկ հայերի դեմ ատելության հիմքով իրականացված ակցիաների առնչությամբ՝ կարեւորելով հայերի անվտագության եւ իրավունքների պաշտպանության հարցերը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժ. Լաքոտը խստորեն դատապարտեց ազգությամբ հայերի դեմ վանդալիզմի եւ հարձակման դեպքերը եւ տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու եւ վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների եւ Հայաստանի քաղաքացիներ դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրարելու կոչեր անելու համար։

Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները, կամ իրականացվում է նրանց մեթոդներով։

Իմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի դեսպանին այս կարեւորագույն որոշման համար»,- գրել է նա:

 

 

ՀՂԻ Է ԲՈՒԺՎՈՒՄ 

Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։ Նրա առողջական վիճակը, բժիշկների հավաստմամբ, բավարար է։ Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։ Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն, ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։ Նշենք, որ երեկ երեկոյան նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում արդեն 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ» կայանքից, ինչի հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ։

 

 

ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԱՐՏՆՉՈՒՄ Է

Նոյեմբերյանի սահմանագոտուց կամավորների խումբը մարտնչում է  Արցախի առաջնագծում։ Հոկտեմբերի 22-ից  կամավորների ջոկատը՝  Նոյեմբերյանի  սահմանամերձ Կոթի գյուղից սերված, Պտղավան գյուղում բնակվող Յուրա Հարությունյանը եւ իր ընկերները՝ Էդիկ Էվինյանը, Սեւակ Կիրակոսյանը, Արթուր Հարությունյանը, Յուրա Բաբաջանյանը, Ռաշիդ Սարուխանյանը, ոստիկանության Նոյեմբերյանի եւ Իջեւանի բաժինների նախկին պետ, Կոթի գյուղից սերված Անդրանիկ Ազիբեկյանը, Գոռ Երեմյանը, Ստեփան Բաղդասարյանը Արցախի առաջնագծում մարտնչում են, նրանց են միացել օրերս  Արցախ մեկնած նոր  կամավորներ։ Յուրա Հարությունյանը Նոյեմբերյան քաղաքում «Գվարզին»  առեւտրի կենտրոնի, Տավուշի մարզում գազալցակայանների եւ այլ բիզնեսների հիմնադիր-սեփականատեր է։

Նա 1992-1994 թվակաների ազատամարտի մասնակից է, վիրավորվել է Կոթիի սահմանագոտու մարտերի ժամանակ: 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Յուրան,  ՌԴ  Վորոնեժ քաղաքում  լսելով  պատերազմի լուրը, իսկույն վերադարձավ Նոյեմբերյան:  2016թ. ապրիլի 4-ի երեկոյան Յուրա Հարությունյանի եւ նրա ընկերների  նախաձեռնությհամբ  ավելի քան 100 ազատամարտիկներ հավաքվել էին Նոյեմբերյան քաղաքի «Գվարզին» առեւտրական կենտրոնի առաջ:  Նրանք հայտարարեցին, որ պատրաստ են Արցախի առաջնագիծ մեկնելու։ Յուրան  այդ ժամանակ պատրաստակամություն հայտնեց զինվորական հանդերձանքով, սննդով եւ ամեն կերպ օգնել սահմանագոտի մեկնող ազատամարտիկներին:

«1992թ. հունիսի 8-ին՝ մեկ օրում,  Նոյեմբերյանի սահմանագոտում կռվի ժամանակ 4 տղա վիրավորվեց՝ Յուրա անունով: Ես նրանց մեջ էի: Կռվում չամիչ չեն բաժանում, բայց մենք արժանապատիվ տղերք ենք, պատրաստ ենք հանուն հայրենիքի նորից կռվելու, եթե հարկ է, զոհվելու»,- այդ ժամանակ հավաքված ազատամարտիկներին հայտարարեց Յուրա Հարությունյանը:

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԵՐԴԱՎԱՆԻՑ՝  ԱՐՑԱԽՈՒՄ ԿՌՎՈՂՆԵՐԻՆ

Նոյեմբերյան  խոշոր  համայնքի մաս կազմող սահմանամերձ  Բերդավան գյուղը շատ է տուժել 1992-94 թվականների պատերազմի ժամանակ, բազում զոհեր եւ վիրավորներ ունեցել։ 2015թ. սեպտեմբերի 24-ին՝ ադրբեջանական հրետակոծության ժամանակ, Բերդավանում զոհվեց 2 կին, 2 հոգի էլ վիրավորվեց: Այժմ սահմանամերձ Բերդավանը աջակցություն է ցուցաբերում Արցախին։ Բերդավանի բնակիչ, հասարակական ոլորտի  ակտիվիստ Գոհար  Ասլիկյանը  թել է  տրամադրել բերդավավանցի կանանց, որոնք ձմեռային  տաք գուլպաներ են գործում Արցախ ուղարկելու համար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս