ՀԱՅԵՐԸ ՊԱՏՃԱՌ ՉՈՒՆԵՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ եւ օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք Հայաստանում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ եւ այցելելու են նաեւ Արցախ:  Հանդիպմանը նախագահին մասնավորապես հարցեր են ուղղվել Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի, հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության դերի, սփյուռքի աջակցության մասին:

 

Պատասխանելով պատերազմ սկսելու մասին եվրոպացի լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը. «Հայե՛րը չեն սկսել այս պատերազմը, նրա՛նք չեն սկսել հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, եւ կարիք չկա սա ապացուցել, քանի որ հայերը պատճառ չունեն պատերազմ սկսել: Ինչպե՞ս կարող ես կառուցել դպրոց, հիվանդանոց, ճանապարհ, եկեղեցի, ապա պատերազմ սկսել: Սա տրամաբանական չէ: Ակնհայտ է, որ Ադրբեջանն է Թուրքիայի հետ սկսել պատերազմը»,-ասել է նա:

Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի պնդումները, թե, իբր, իրենք ազատագրում են իրենց տարածքները, իրականում միջազգայնորեն ընդունված այլ ձեւակերպում ունի եւ կոչվում է «էթնիկ զտում», քանի որ նրանք ձգտում են վերցնել տարածքը՝ ոչնչացնելով հազարամյակներով այնտեղ բնակվող էթնիկ հայերին. «Նրանք հիմա ոչնչացնում են դպրոցներ, հիվանդանոցներ, անմարդկային արարքներ են իրականացնում՝ ոչնչացնելով նաեւ մարդկային կյանքեր՝ տարեցների, երեխաների, երիտասարդների»:

Անդրադառնալով Թուրքիայի ներգրավվածությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան լիակատար ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ դա պատճառաբանելով մի շարք, այդ թվում՝ էթնիկ եղբայրության, միջազգային ենթակառուցվածքների պաշտպանության գործոններով: Մինչդեռ իրականում Թուրքիայի նպատակը տարածաշրջանում հաստատվելն է եւ նույն այդ միջազգային ենթակառուցվածքները կառավարելը. «Այդքան մերձենալով Թուրքիայի հետ՝ Ադրբեջանը կորցնում է ինքնիշխանության մի մասը: Ավելի ու ավելի շատ են փաստերն այն մասին, որ Բաքվում որոշումներն ընդունվում են Թուրքիայի խորհրդով»:

Միաժամանակ, Հայաստանի նախագահն ընդգծել է, որ պետք է տարանջատել Թուրքիայի ժողովրդին եւ Թուրքիայի կառավարությանը. «2007 թվականին, երբ այս կառավարությունն այդքան ուժեղ չէր, եւ Թուրքիան այլ երկիր էր, հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքը Ստամբուլում սպանվեց իր խմբագրատան դիմաց: Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր թուրքեր դուրս եկան փողոց եւ հայտարարեցին, որ իրենք Հրանտ Դինքն են: Ես խոսում եմ Թուրքիայի ներկայիս կառավարության ու նրա քաղաքականության մասին»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը: «Այժմ սա պատերազմ է ոչ միայն մեր ժառանգության, մշակույթի, գոյատեւման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, -ասել է Արմեն Սարգսյանը: -Լեռնային Ղարաբաղի հայերն ինչ-որ առումով կռվում են նաեւ Եվրոպայի անվտանգության համար: Եթե մենք այսօր չդադարեցնենք Թուրքիայի հավակնությունները Ադրբեջանում, եւ Թուրքիան կառավարի Ադրբեջանը, մենք կունենանք մի իրավիճակ, երբ Եվրոպան եւս կտուժի:

Կարծում եմ, որ եթե Թուրքիայի ներգրավվածության գործոնը չլիներ, Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը հրադադար կունենային: Ամեն անգամ հրադադարը խախտվել է ոչ թե հայկական, այլ հակառակորդի կողմից: Ես՝ որպես Հանրապետության նախագահ, կարծում եմ, որ ռազմական լուծում չկա»:

Պատասխանելով հարցին, թե այս դժվարին օրերին ինչն է հուսադրում իրեն՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Երբ խոսում ես հույսի մասին, թվում է, թե չգիտես՝ ինչ ես անում, եւ միայն հույս ունես: Ես ամեն օր տքնաջան աշխատում եմ, գիտեմ՝ ինչ եմ անում, եւ վստահ եմ, որ, ի վերջո, Արցախը հաղթելու է, քանի որ մեր դեպքում հաղթանակը սեփական տունը, արժեքները, ժառանգությունը պաշտպանելն է: Երեսուն տարի առաջ՝ առաջին պատերազմի ժամանակ, մեր միջազգային շատ գործընկերներ ասում էին, որ Արցախի հայերը պետք է դադարեցնեն կռվելը, քանի որ Ադրբեջանը մեծ է եւ ունի Թուրքիայի աջակցությունը: Սակայն 1994 թվականին նույն մարդիկ ինձ ասում էին, որ Հայաստանը Կովկասում ունի ամենահզոր բանակը: Ուստի հույսով չեմ ապրում, այլ տքնաջան աշխատում եմ այդ հաղթանակի համար»:

Ի պատասխան սփյուռքի դերի եւ նրա աջակցության մասին հարցի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի ուժը ողջ հայ ժողովուրդն է. «Տարիներ առաջ եւ այսօր եւս ինձ նույն հարց են տալիս, թե ինչն էր, որ 1990-ականների սկզբին հայերին բերեց հաղթանակի, ինչ ունեին նրանք: Նրանք զենք, էներգետիկ ռեսուրսների մեծ թվաքանակ չունեին, իսկ ի՞նչ ունեին: Իմ պատասխանը հետեւյալն է. մենք ունեինք մեկս մյուսին»:

 

 

6 ՄԼՐԴ ՀԱՏԿԱՑՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի աշխատակազմին 2021-ի պետբյուջեից կհատկացվի 6 մլրդ 98 մլն դրամ, որոշ ուղղություններով կատարվել են կրճատումներ. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը, այս մասին ասել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը: «ԱԺ աշխատակազմի կողմից ներկայացված 2021 թվականի բյուջեի նախագիծն իր 7 միջոցառումների մասով կազմում է 6 մլրդ 98 մլն դրամ»,-նշել է նա։

Ընդ որում, ԱԺ գործունեության ապահովման, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններին բաժին է ընկնում ամենամեծ տեսակարար կշռով՝ 92.2 տոկոս մասնաբաժնով 5 մլրդ 620 մլն դրամը: Դա 2020 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 8.7 մլն դրամով կամ 0.2 տոկոսով: Պետական ծառայողների վերապատրաստման համար նախատեսված միջոցառման համար հատկացվող միջոցները 2020 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ մնացել են անփոփոխ՝ կազմելով 1 մլն 260 հազար դրամ: Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարները եւս նվազել են 11.4 մլն դրամով՝ կազմելով 174.8 մլն դրամ: Նվազումներ տեղի են ունեցել նաեւ տեխնիկական հագեցվածության բարելավման համար նախատեսված միջոցառման մեջ: 2021-ին շենքային պայմանների բարելավման համար նախատեսված է միջոցառում, որի գումարը կազմում է 53.8 մլն դրամ, իսկ ԱԺ շենքային ապահովվածության բարելավման միջոցառման համար՝ 38.9 մլն դրամ: Խորհրդարանական լսումների թիվը վերանայվել է՝ 9-ից դառնալով 12, իսկ բրիֆինգների թիվը 13-ից դարձել է 17:

 

 

ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳ ՄԱՀ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ

Հայաստանում նոյեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 97150 դեպք, որոնցից 58811-ը` առողջացած, 1448-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 36502 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 418080 թեստավորում:  Մեկ օրում կատարվել է 4565 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2374 նոր դեպք, 1212 անձ առողջացել է, եւ 35-ը՝ մահացել:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 389 է:

 

 

ԿՐՃԱՏԵԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԷ

Կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելու կողմնակիցը չէ, ամեն ինչ կփորձի անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի տնտեսական աճը վերականգնելու համար, սակայն վերաբաշխումներ կատարելը չի բացառում.  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը, այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը նշել է՝ նկատի ունենալով, որ երկիրը համավարակային եւ պատերազմական իրավիճակի մեջ է, կարծում է, որ ծախսերը պետք է լինեն ավելի խնայողական: «Եվ դա առաջին հերթին վերաբերում է վարչական ծախսերին, աշխատակազմերին, որտեղ լինում են ծախսեր ինչ-որ միջոցառումների, թանկարժեք գնումների համար»,- ասել է պատգամավորն ու հարցրել, թե նախատեսվում են արդյոք էական կրճատումներ, խնայողություններ այդ գումարներն այլ բնագավառներ ուղղելու համար: Նախարար Ջանջուղազյանը չի համաձայնել  պնդման հետ՝ նշելով, որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճիշտ հակառակն է:

«Ճգնաժամի պայմաններում, ինչպես նաեւ վերականգնմանը նպաստող միջավայր ձեւավորելու տեսակետից ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ»,- ասել է նա ու հավելել՝ միջազգային մամուլը, հեղինակավոր կազմակերպություններն էլ փաստում են, որ ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, վերականգնում աահովելու ճանապարհը ծախսերի ընդլայնումն է:

Ջանջուղազյանը հիշեցրել է, որ նույնիսկ 2020-ի բյուջեում երկու անգամ կատարված փոփոխություններով ծախսերի կրճատում չեն առաջարկել: «Իսկ 2021-ի համար մենք ծախսերի երկու խմբի դեպքում էլ կիրառել ենք այն մոտեցումը, ինչը ենթադրում է, որ հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից լավագույնը կլինի: Ամեն ինչ պետք է փորձենք անել, որ ծախսերի բաղադրիչը պահպանվի, քանի որ գիտակցում ենք, որ նաեւ դա է տնտեսական աճը վերականգնելու: Հակառակ դեպքում կարող ենք այնպիսի գործողություններ անել, որոնք ավելի կխորացնեն խնդիրը»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ծախսերում վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություն կլինի, Ջանջուղազյանն ասել է, որ դա տեղի է ունենում նաեւ այսօր, եւ ակնհայտ է, որ կարող է այդպիսի անհրաժեշտություն առաջանալ նաեւ հաջորդ տարի:

 




Լրահոս